Հաշվի առնելով որոշ դատավորների նկատմամբ վարույթներ հարուցելու, նաև կալանավորելու, լիազորություններից զրկելու դեպքերին՝ Րաֆֆի Ասլանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ՀՀ գործող իշխանության համար անկախ, գրագետ դատավորը չարիք է, իսկ այդպիսի դատական համակարգ ստեղծելը հերթական սուտ խոստումն էր։
«Այդ մասին են վկայում նաև վերջին ժամանակաշրջանում արդարադատություն իրականացնողի բարոյակամային հատկանիշներին, ձեռնահասությանը ակնհայտորեն չհամապատասխանող բազմաթիվ նոր դատավորների նշանակումները։ Դատավոր Բորիս Բախշիյանի ապօրինի կալանավորման և հետագա արդարացման օրինակն ինքնին բավարար է հասկանալու իշխանության նկրտումները դատական համակարգի նկատմամբ։ Այսինքն, ակնհայտ է, որ նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում նախաձեռնելու առիթ հանդիսացավ «Սիսական» ջոկատի հրամանատար, ընդդիմադիր կեցվածքով հայտնի Աշոտ Մինասյանին ազատ արձակելու մասին որոշում կայացնելը։ Ներկայում նույն ճակատագիրը, կարծես, սպառնում է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին, որը «համարձակվել» է չկալանավորել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին»,-նշել է Րաֆֆի Ասլանյանը:
Րաֆֆի Ասլանյանի դիտարկմամբ, առհասարակ, իշխանության ձեռքով ԲԴԽ-ն վերածվել է իշխանության պատվերը չկատարող, անկախ դատավորներին հանիրավի պատժող մարմնի. «Ուստի, այն չի ծառայում դատական համակարգի անկախությունը երաշխավորելու իր առաքելությանը։ Այս ամենի շարժառիթը շատ պարզ է. ՀՀ վարչապետն իր իշխանությունը պահպանելու նպատակով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ ճնշումների գործընթացում ամենաբիրտ ու ապօրինի կերպով օգտագործում է քրեադատավարական գործիքակազմը, հետևաբար նաև անխուսափելի է դրանում դատական համակարգի ներառումը, իսկ հակադրվող դատավորներն անմիջապես դառնում են գործադիր իշխանության թիրախ։
Կյանքը ցույց է տվել, որ ՀՀ գործող իշխանությունը այլախոհության, իրավական այլակարծության նկատմամբ ունի հիվանդագին ատելություն։ Խոսելով վտանգների մասին՝ պետք է փաստել, որ դրանք արդեն ակնհայտ են. այսօր ունենք ՀՀ պատմության ամենակախյալ դատական համակարգը, դատավորների գերակշիռ մասը քրեական հետապնդման մարմնից, նույնիսկ իշխանությանը մոտ կանգնած առանձին չինովնիկներից ունի տեսանելի կաշկանդվածություն՝ ընդհուպ ոչ քաղաքական գործերով, ինչից, իհարկե, տուժում է արդարադատության որակը, խախտվում են անձանց հիմնարար իրավունքները»:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։