Մարդիկ կան՝ լրջորեն մուննաթ են գալիս, օրինակ՝ Ֆրանսիայի վրա, Ռուսաստանի, տո՝ ԱՄՆ-ի վրա էլ: Լուրջլուրջ ասում են՝ այս են ուզում անել, այն են ուզում անել, ու՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի…»: Կներեք, բայց այս պրիմիտիվիզմն արդեն ոչ միայն ձանձրացնում, այլև ուղղակի վանում է: Ի՞նչ պիտի անեն օտարները, եթե մենք մեր խնդիրները չենք լուծում: Ինչպե՞ս կարելի է մտածել անգամ, որ պարտության մատնված ղեկավարը կարող է ինչ-որ բան շտկել կամ նորից ու նորից տանուլ չտալ: Ո՞րն է, էլի, նման պատրանքներ ունենալու գոնե մանանեխահատիկ հենքը: Թե որոնք կամ ինչպիսին են դրա հետևանքները, համատեսանելի է: Բայց ո՞րն է նշված հենքը: Ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ՝ Ֆրանսիան կամ Ռուսաստանը, բնականաբար, գործում են իրենց շահերից ելնելով: Ի՞նչ է, նրանցից ո՞ր մեկի համար է մեծ խնդիր, իրենց շահերից ելնելով, ինչ-ինչ պայմանավորվածություններ ունենալ նույն Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ:
Դա՝ դեռ մի կողմ: Ինչո՞ւ պիտի նրանցից որևէ մեկը հայերից ավելի առաքելական լինի: Ինչո՞ւ պիտի նրանք Հայաստանի իշխանություն ներկայացողներից ավելի շահագրգիռ լինեն Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանելու հարցում: Տեսեք (և սա արժե՛ հիշեցնել), նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարությունից հետո նույն Մինսկի խմբի համանախագահության անդամ երկրները, ասենք՝ նույն Արևմուտքը, հայտարարություններում խոսում էին «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի» և նրա կարգավորված չլինելու, կարգավորման մոտեցումներում ինքնորոշման իրավունքի իրացման լինելու մասին: Նկատենք, նույնիսկ վերջերս Գերմանիայի կանցլերը դրա մասին շեշտեց: Հիմա դրանից ավել էլ ի՞նչ պիտի անեին օտարները, եթե Հայաստանի իշխանություն ներկայացող Նիկոլ Փաշինյանը և առհասարակ նրա քպական թիմը շարունակ այն են ասում, թե՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»:
Նրանք անգամ վախենում են Արցախ բառը գործածելուց: Անգամ Արցախի շրջափակման վերաբերյալ ընդդիմության առաջարկած հայտարարությունն են մերժում՝ պատճառաբանելով, թե նման իրավիճակում պետք չէ կոշտ արտահայտություններ անել, այս, այն: Լավ, ո՞վ պիտի ինչ-որ բան անի Հայաստանի համար, եթե Հայաստանի իշխանություն ներկայացողն է խոսում «Ալմա Աթայի հռչակագրից», ըստ որում՝ ոչ մի կերպ չի խոսում այն մասին, որ այդ հռչակագրին Հայաստանը ժամանակին միացել է հենց Արցախի մասով օրենքի ուժով ամրագրված վերապահումներով: Խոսում են մի բանից, ինչը անգամ թշնամին այդքան տարիների ընթացքում չի էլ հիշատակել՝ շատ լավ հասկանալով, որ հիշյալ վերապահումները խոսելու տեղ չեն թողնում:
Մեսրոպ ՍԱՀԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։