Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառնու՞մ է արդյոք TikTok-ն ԱՄՆ-ի անվտանգությանը. «Ամերիկայի ձայն»

Մարտ 25,2023 00:15

«Ամերիկայի ձայն». Տեսագրություններ փոխանցող TikTok հավելվածի ղեկավարը հինգշաբթի օրը պատասխանում էր ԱՄՆ-ի կոնգրեսականների խիստ հարցերին: Օրինակ հանրապետական ներկայացուցիչ Քեթի Ռոջերսը պնդում էր, որ «TikTok-ը հավաքում է նույնիսկ ամենաչսպասված տեղեկությունները` մարդկանց գտնվելու վայրից սկսած, մինչև նրանց կողմից մուտքագրված տվյալները: Նույնիսկ տվյալ մարդը, որը երբեք չի եղել TikTok-ում, նրա հետագծերն այնուամենայնիվ ներկառուցված են համացանցի կայքերում: «TikTok-ը հսկում է մեզ բոլորիս, և Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը կարող է դա օգտագործել որպես գործիք՝ ամբողջ Ամերիկայում իր շահերը հմտորեն բանեցնելու համար», ասում է նա:

Գործադիր տնօրեն Շոու Զի Չյուն լսումների ժամանակ հայտարարեց, որ հավելվածը ազատ արտահայտվելու հարթակ է, և իր ընկերությունն աշխատում է պաշտպանել ԱՄՆ-ում և Սինգապուրում պահվող տվյալները:

«Ես ոչ մի ապացույց չունեմ այն մասին, որ Չինաստանի կառավարությունն ինչ որ կերպ մուտք ունի դեպի այդ տվյալները: Երբեք մեզ չեն խնդրել, մենք էլ ոչինչ չենք տրամադրել», ասել է նա։

Օրենսդիրները մտահոգված են, որ TikTok-ի մայր ընկերությունը՝ ByteDance-ը, վերահսկվում է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից: Այս մասին իր մտահոգությունն է արտահայտում կոնգրեսական Ֆրենք Փելոնը:

Համաշխարհային անվտանգության փորձագետները պնդում են, որ հավելվածը կարող է ազգային անվտանգության աղետ դառնալ: Համաշխարհային տեխնոլոգիական անվտանգության հանձնաժողովի համանախագահ Քիթ Քրախի խոսքերով, «TikTok-ը պետք է համարել զենքի տեսակ: Եվ եթե Չինաստանը կարողանում է օդապարիկը վերածել զենքի, կարելի է պատկերացնել, թե ինչ այն կարող է անել ԱՄՆ-ում գտնվող TikTok-ի 150 միլիոն օգտատերերի հետ»:

Չուն փորձում էր հերքել այդ պնդումները` հայտարարելով, որ ByteDance-ը չի պատկանում Չինաստանի կառավարությանը, պնդում, որ ընկերության 60 տոկոսը պատկանում է համաշխարհային ինստիտուցիոնալ ներդրողներին, 20 տոկոսը հիմնադրին, 20 տոկոսn էլ` աշխատակիցներին ամբողջ աշխարհում:

Չինաստանն իր հերթին հայտարարում է, թե ԱՄՆ-ը դեռ որևէ ապացույց չի ներկայացրել այն մասին, որ հավելվածը սպառնում է ազգային անվտանգությանը: Չինաստանի արտգործնախարարությունն էլ հայտարարում է, թե «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ապատեղեկատվության տարածումը»:

Ասենք, որ TikTok-ը շուտով արգելվելու է ԱՄՆ-ի կառավարությանը պատկանող բոլոր սարքերից։ Սպիտակ տունը հայտարարում է, թե իրենք ուզում են կրկին համոզվել, որ ամերիկացիների ազգային անվտանգությունը պաշտպանված է:

TikTok-ի արգելքը կարող է խորապես անընդունելի լինել երիտասարդ ամերիկացիներից շատերի համար, մի բան, ինչի շուրջ օրենսդիրները պետք է լավ կողմնորոշվեն մինչեւ 2024 թվականի ընտրությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031