Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենքում փոփոխությունները կարող են ամայացնել նաեւ փաստաբանի գործունեությունը

Մարտ 25,2023 13:30

«Ահարոնյան» փաստաբանական գրասենյակի հիմնադիր, փաստաբան Միքայել Ահարոնյանը մտահոգիչ ու խնդրահարույց է համարում «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում ամրագրված սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունների վերաբերյալ օրենսդիր մարմնի սահմանափակումները։

– Պարոն Ահարոնյան, բոլորովին վերջերս՝ մարտի մեկին ԱԺ-ն ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքը, ի՞նչ հիմնական գաղափարներ են փոխվել։

– 1996-ից գործում էր «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը եւ կառավարության առաջարկությամբ օրենքը վերանվանվել է «Պետական գաղտնիքի մասին»։ Ըստ էության, նախագծով առաջարկվել էր հստակեցնել, պարզեցնել գաղտնիության աստիճանի, գաղտնի տեղեկություններին առնչվելու թույլտվության, այդ տեղեկությունները պահպանելու միջոցների վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակը։ Միաժամանակ, առաջարկվել է ընդլայնել տեղեկությունները պետական գաղտնիքի շարքին դասելու սահմանափակումները, ըստ էության, կարգավորելով սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

Օրենքի հեղինակները նշել են, որ նախագծի ընդունմամբ ներկայումս գործող իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանությանն ուղղված նոր մեխանիզմներ, կկարգավորվեն սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հետ կապված հարաբերությունները:

– Ի՞նչ է նշանակում «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն»։

– Տերմինը խորթ է հայկական իրավունքին, չնայած օրենքով կարգավորվել է նաեւ այս հարցը։ Օրենքի իմաստով՝ «սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունները» պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն, այսպես ասած, չեն բացահայտում պետական գաղտնիքը։ Առաջարկվել է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական անձանց, պաշտոնատար անձանց գործունեությանն առնչվող տեղեկությունները, ըստ այդ գերատեսչությունների գործունեության առանձնահատկությունների, համարել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություններ, որոնց տարածումը, օրենքի հեղինակների դիրքորոշմամբ, կարող է բացասաբար անդրադառնալ մեր պաշտպանությանը, ազգային անվտանգությանը, արտաքին հարաբերություններին, քաղաքական եւ տնտեսական շահերին, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին:

Օրինակ՝ օրենքի 13-րդ հոդվածի կարգավորումներից ակնհայտ է դառնում, որ պետական մարմինների ղեկավարները իրավասու են կազմակերպությունների, իրավաբանական անձանց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց սեփականությունը հանդիսացող տեղեկությունների գաղտնագրման մասին որոշումներ ընդունել, եթե դրանք պարունակում են պետական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ: Ըստ օրենքի կարգավորումների՝ նշված տեղեկության գաղտնագրումն իրականացվելու է տեղեկության սեփականատիրոջ ներկայացմամբ կամ պետական համապատասխան մարմնի նախաձեռնությամբ՝ հատուցելով դրա հետեւանքով սեփականատիրոջը հասցվող վնասը:

– Պարոն Ահարոնյան, օրենքի այս փոփոխությունները բացասաբար կարո՞ղ են անդրադառնալ լրագրողների, նաեւ ձեր՝ փաստաբանների համար, չէ՞ որ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված՝ նրանք անընդհատ տեղեկություններ են ստանում պետական մարմիններից։

– Օրենքի կարգավորմամբ, սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության հասանելիությունը սահմանափակվում է որոշակի ժամկետով, ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, Հայաստանի պետական շահի, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության նպատակով եւ սահմանափակման ամբողջ ժամկետի ընթացքում հրապարակման ենթակա չէ: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ օրենքը կարգավորել է նաեւ այն հարցը, որ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկությունը կարող է հրապարակվել բացառապես այդ տեղեկությունը պարունակող փաստաթուղթը ստորագրելու կամ հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի թույլտվությամբ: Այստեղ ես որոշակի խնդիր տեսնում եմ, օրենքը դեռ չի կիրառվել, բայց, այնուամենայնիվ, գերատեսչական շահով պայմանավորված՝ պետական կառույցի ղեկավարը կարող է, օրինակ, հայցվող տեղեկատվությունը համարել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն եւ այդ կերպ մերժել տեղեկատվության տրամադրումը ինչպես լրագրողին, այնպես էլ՝ փաստաբանին։ Բնականաբար, կարող ենք տեղեկատվությունը ստանալու ուղղությամբ դատական գործընթաց սկսել, թե արդյո՞ք իրավաչափ է պետական մարմնի կողմից մերժումը, արդյո՞ք հայցվող տեղեկատվությունը կարող է հանդիսանալ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ այս հնարավորությունից կօգտվեն գերատեսչությունները։ Ամեն դեպքում, գտնում եմ, որ հիշյալ կարգավորումներով կարող է ամայանալ, դժվարանալ լրագրողների եւ փաստաբանների գործունեությունը։

Կարծում եմ, որ տեղեկությունները գաղտնագրելու գործընթացը եւս պետք է կանխատեսելի ու տրամաբանական լինի, քանի որ գերատեսչության ղեկավարը ինքնուրույն որոշում է կայացնելու տեղեկատվությունը սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու վերաբերյալ։ Տրամաբանական կլիներ, որ պետությունը գործիքակազմ ներդներ եւ պատասխանատվություն նախատեսեր նաեւ գերատեսչությունների ղեկավարների համար՝ անհիմն, առարկայազուրկ կամ գերատեսչական շահով պայմանավորված տեղեկատվությունը՝ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասելու համար։

– Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը։

– Պատասխանատվության տեսակը քննարկման հարց է. կարող է սկսվել վարչական պատասխանատվությունից եւ ընդհուպ հասնել մինչեւ քրեաիրավական պատասխանատվության։

– Օրենքը կարգավորե՞լ է տեղեկատվությունների այն շարքը, որը չի կարող համարվել սահմանափակ տարածման ծառայողական տեղեկություն։

– Այո, օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության շարքին դասել, օրինակ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, իրավաբանական անձանց իրավական կարգավիճակը, ինչպես նաեւ անձանց իրավունքները եւ ազատությունները, դրանց իրականացման կարգերը սահմանող իրավական ակտերը, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց դիմումների եւ հանրագրերի քննարկման եւ դրանցով որոշումների կայացման կարգերը, անձանց իրավունքների, ազատությունների, պարտականությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք պահվում են գրադարանների բաց ֆոնդերում կամ կազմակերպությունների բաց տեղեկատվական համակարգերում, բյուջեի կատարման, տնտեսության եւ բնակչության կարիքների վիճակի մասին տեղեկությունները եւ այլն։

– Զրույցի սկզբում ասացիք, որ օրենքի հեղինակները նշել են, որ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն միջազգային փորձին, կներդրվեն գաղտնի տեղեկության պաշտպանությանն ուղղված նոր մեխանիզմներ…

– Եթե ես չեմ սխալվում, օրենքը հեղինակել է Ազգային անվտանգության ծառայությունը (փաթեթն ԱԺ-ում ներկայացրել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը-Ռ.Մ.)։ ԱԱԾ-ի գործունեությունը իրավական համակարգում ունի ընդգծված առանձնահատկություններ եւ այդ առանձնահատկություններով պայմանավորված՝ առաջին հայացքից թվում է, թե, օրինակ, գաղտնագրման կարգը հնարավորինս որոշակի է, մինչդեռ շատ հարցեր մնում են խնդրահարույց։ Օրենքը որքան էլ հեղինակել է ԱԱԾ-ն, պետք է նկատի ունենաք, որ այն կենսագործվելու է բոլորիս համար, հետեւաբար պաշտոնատար անձանց, գերատեսչությունների ղեկավարներին տրված է լայն լիազորություններ, թեպետ հենց պետական գաղտնիք չհամարվող, բայց սահմանափակ տարածման ծառայողական տեղեկության կարգը հաստատելու օրինակը։ Վստահ չեմ, որ պաշտոնատար անձինք միշտ այս հարցում ազնիվ են գտնվելու եւ բարեխղճորեն են կիրառելու իրենց տրված լիազորությունները։

Հարցազրույցը վարեց

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031