«ՀՀ դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի` մինչեւ ապրիլի 1-ը, հրապարակում է հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կայքէջում: Ըստ քննչական ենթակայության՝ հաղորդումը պետք է պարունակի տեղեկություններ նախորդ տարվա ընթացքում կատարված հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ եւ եզրահանգումներ: Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին:
ՀՀ գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի՝ համաձայն ՀՀ դատախազության մասին օրենքի 5-րդ հոդվածի, ՀՀ Ազգային ժողովին է ներկայացնում եւ հրապարակում հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդումներ։ Նշված հաղորդումներում ամփոփվում են նախորդ տարվա ընթացքում ինչպես կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործերը եւ դրանց արդյունքները, այնպես էլ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասով քննվող գործերը։ Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են առանձին։ Այս պարագայում ապօրինի գույքի բռնագանձման գործերի քննության վերաբերյալ տեղեկությունները ներկայացնելու կարգ՝ որպես պարտադիր օրենսդրական ամրագրում, ո՛չ դատախազության մասին օրենքով եւ ո՛չ էլ ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի թիվ 52-Ն որոշմամբ չի սահմանվում։
Կարեւորելով այս հանգամանքը՝ առաջարկել ենք ՀՀ «Դատախազության մասին օրենք»-ի հոդված 5-ի 4-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, ինչպես նաեւ ապօրինի գույքի բռնագանձման գործերով, քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունները, վիճակագրական տվյալները, համեմատական վերլուծությունները եւ եզրահանգումները ներկայացվում են առանձին»: Նմանապես, առաջարկվում է ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի թիվ 52-Ն որոշման 1-ին մասով սահմանված՝ Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ հատվածը շարադրել՝ «Հաշվետու ժամանակահատվածում գրանցված կոռուպցիոն բնույթի հանցագործություններ, ինչպես նաեւ ապօրինի գույքի բռնագանձման գործեր»։ Նշված փոփոխության առաջարկի իմաստը կայանում է նրանում, որ ոչ թե սովորույթի ուժով կամ ցանկությամբ, կամ նախասիրությամբ, կամ գլխավոր դատախազի հայեցողությամբ ներկայացվեն տեղեկությունները ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձի վերաբերյալ իրականացված գործողությունների վերաբերյալ, այլ որպես օրենքով սահմանված պարտավորության կատարում։
Կարդացեք նաև
Մշակված փոփոխության նախագիծը քննարկվել է ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի, ՀՀ վիճակագրական կոմիտեի եւ պետական մարմինների հետ։ ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայումս մշակում է վիճակագրության վարման եւ տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատող նորմատիվ ակտերի փոփոխություններ եւ կազմակերպության առաջարկությունը կներառվի փոփոխության փաթեթում։
ՀՔԱՎ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2023