Օրերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ Բրյանցեվի անվան միջազգային փառատոնը, որին մասնակցում էին Ռուսաստանը, Աբխազիան, Բելառուսը եւ այլ երկրներ: Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի թատերական գործիչների միության 53-ամյա պատմություն ունեցող Վանաձորի թատերական ստուդիան, որի ղեկավարն է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, դրամատուրգ, բ.գ.թ. Էլֆիք Զոհրաբյանը:
Իր հարցազրույցում փառատոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Սերգեյ Շելգունովը հայտնեց, որ փառատոնին մասնակցելու համար 250 ներկայացումներից ընտրվել է 20 լավագույնը, այդ թվում՝ Հայաստանինը: Հ. Ք. Անդերսենի «Թագավորի նոր զգեստը» հեքիաթը նոր մոտեցմամբ բեմականացրել ու բեմադրել էր Էլֆիք Զոհրաբյանը:
Թատերական քննադատ, «Ոսկե դիմակ» հեղինակավոր մրցանակաբաշխության ժյուրիի երբեմնի անդամներից Ալեքսեյ Պասուեվը, որը նաեւ այս փառատոնի ժյուրիի անդամ էր, տպավորված էր Հայաստանի ներկայացումից։
«Թագավորի նոր զգեստը» ներկայացումը այս հայ ստուդիականների կատարմամբ շատ վառ, պարադոքսալ, անսպասելի, էմոցիոնալ հագեցվածությամբ լի էր։ Դիտելիս չէինք կռահում, թե ինչ է լինելու, կամ հաջորդ վայրկյանին ինչ է անելու այս կամ այն կերպարը, ինչպես նա կկատակի, ինչ կասի։ Շատ կենդանի, թատերային, իմպրովիզացիոն դերասանական համախումբ էր,-նշել է նա` հավելելով,- սա շատ ինքնատիպ ներկայացում էր եւ նման չէր մեր իմացած ներկայացումներին։ Զգացմունքային առումով հագեցած էր եւ կարծես սպասում էր էմոցիոնալ փոխադարձության։ Բոլորս այս ներկայացման վերջում լսեցինք օվացիաներ։ Իրոք, շատ կարեւոր պահ է, որ տեսնում ենք հայտնի սյուժեն բավականին անսպասելի, գրավիչ մեկնաբանությամբ։ Հենց դրա համար էլ տեղի են ունենում միջազգային փառատոներ, որպեսզի նայենք այն դիտակետից, որը նման չէ քո սեփականին եւ այսպիսով ընդարձակել մտահորիզոնդ, ընկալումներդ այս կամ այն հեղինակի գործի մասին»։
Կարդացեք նաև
Վանաձորցի ստուդիականների ներկայացումը պարգեւատրվեց հատուկ դիպլոմով եւ նվերներով: Ստուդիականները մասնակցեցին նաեւ վարպետաց դասերի, տեղի ունեցան կլոր սեղան-մասնագիտական քննարկումներ, կազմակերպվեց էքսկուրսիա Սանկտ Պետերբուրգի տեսարժան վայրերում, նրանք եղան Էրմիտաժում, ինչպես նաեւ դիտեցին Կարամզինի «Աղքատ Լիզա» դասական պիեսի մյուզիքլը Պատանի հանդիսատեսի թատրոնում:
ՀԹԳՄ այս ստուդիան, որ եզակի է Հայաստանում՝ որպես մարզային բաժանմունքին կից, ստացավ տարբեր հրավերներ: Ռուս հանդիսատեսն անգամ հայտնեց, որ կարիք չկար համաժամանակյա թարգմանության, որովհետեւ ամեն ինչ այնքան հասկանալի էր ու համամարդկային:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.03.2023