Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի շրջափակումը Կոստանդնուպոլսի շրջափակման եւ անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար»

Մարտ 25,2023 14:00

Սառը ցնցուղ եւ առերեսում. ի՞նչ է տեղի ունեցել ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստում. «Առավոտի» զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Վերջերս, Հելսինկիում տեղի ունեցավ ԵԺԿ քաղաքական վեհաժողովի նիստը: Աշխատանքների առաջին օրը, նիստի բաց հատվածում, Դուք եւս ելույթ ունեցաք ու բարձրացրեցիք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Լսարանը բավական ջերմ արձագանքեց Ձեր ելույթին, սակայն, բանախոսները՝ ԵԺԿ նախագահը, Եվրապառլամենտի նախագահը, չարձագանքեցին Ձեր բարձրացրած հարցերին. ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Նախ, ես համարում եմ, որ պետք է շատ գործենք եւ քիչ խոսենք: Երբ մենք վերադառնում ենք միջազգային ատյաններից տուն, կարեւոր չէ, թե անհատը կամ կուսակցությունն ի՞նչ են արել, կարեւորը, որ մենք գործ անենք: Եվ երբ ունենում ենք Հայաստանի շահերին համապատասխանող փաստաթղթեր կամ հայաստանամետ զարգացումներ, դրանք պետք չէ վերագրել մեր աշխատանքին կամ մեր շնորհքին. եթե որեւէ բան, մի կաթիլ աշխատանք, իմ գործընկերն է արել, կամ այլ կուսակցությունը, կամ ես, մենք պետք է լուռ գոհունակություն ապրենք, որ մասնակցել ենք, բայց այդ գործը հիմնականում Եվրոպան է արել, ԱՄՆ-ը, կամ՝ ՌԴ-ն, Իրանը, եթե տվյալ դեպքում, այդ գործն արվել է: Ես այս գործն անում եմ արդեն 30 տարի եւ գրեթե երբեք չեմ անդրադառնում՝ ոչ ասուլիսով, ոչ հաղորդագրությամբ, սա ընթացիկ աշխատանք է, մեկ-մեկ ազդեցություն ունենում է, մեկ-մեկ՝ անմիջապես չի երեւում այդ ազդեցությունը, մեկ-մեկ՝ տարբեր մարդկանց ելույթներ, փակ հանդիպումներ՝ եվրոպական կառույցների ղեկավարների հետ, կամ ազդեցիկ կուսակցությունների ղեկավարների եւ այլն. այդ բոլոր կաթիլները գումարվում են եւ ինչ-որ գործ է դառնում՝ մեկ նախադասություն բանաձեւում, մեկ պատգամավորի ելույթ ԵԽ-ում, մեկ հոդված: Անտեսանելի կապեր են, մեկ դուռն այլ դուռ է բացում եւ չես կարող ասել՝ ես դա արեցի:

Տվյալ դեպքում, Հելսինկիում երկու հնարավորություն կար՝ առաջին օրվա պանելային քննարկմանը երեք բարձրաստիճան եվրոպական չինովնիկներ էին մասնակցում եւ իրենք խոսում էին Եվրոպայի մասին՝ որպես անվտանգության արժեքների եւ պաշտպանության շարժիչ ուժի: Շատ ընդհանուր, Հայաստանի հետ կապ չունեցող զրույց էր. Ուկրաինա, ռազմական, քաղաքացիական փոխգործակցություն, Հարավային քաղաքականություն եւ այլն, Կովկասի մասին գրեթե ոչինչ չկար: Ժամանակ եւ հնարավորություն կար երեք հարցի: Աշխատանքների հաջորդ օրը, որպես անդամ-դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ, ես արդեն ելույթ ունեի, ուստի, պետք էր մտածել՝ արժե՞ ձայն խնդրել, թե՝ ոչ: Բայց քանի որ բարձրաստիճան մարդիկ կային, համարեցի, որ արժե: Նախ ուկրաինացին ելույթ ունեցավ. ծափահարություններ եւ այլն, քանի որ իրենց համար ընկալելի է, ամբողջ Եվրոպայի ուշքն ու միտքն այնտեղ է: Հետո, Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսեց, ապա՝ ես: Արդեն վերջն էր, ժամանակը սպառվում էր, մարդիկ անհանգիստ էին… Ես իրենց ասացի՝ կա մի այլ վայր, մի փոքր Արեւելք, քան ձեր հետաքրքրության կիզակետն է, բայց դուք պետք է որոշեք՝ այսօր, թե վաղը կամ մյուս օրը, սա պե՞տք է լինի եվրոպական արժեքների, անվտանգության եւ պաշտպանության հարց, որովհետեւ Հայաստանն ու Արցախը մի վայր են, որ հիմա շրջափակման մեջ են մի ռազմական հանցագործի եւ իր ավագ եղբայր, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից, որն ուզում է եվրոպական քաղաքակրթության այդ մասնիկը ոչնչացնել: ՆԱՏՕ-ի դաշնակից այն Թուրքիայի, որը Ֆինլանդիային եւ Շվեդիային ցանկանում է ՆԱՏՕ չթողնել: Ես ասացի, որ Արցախի շրջափակումը, որն այդ ժամանակ 90-րդ օրն էր մտնում, Կոստանդնուպոլսի շրջափակման եւ անկման նույն էֆեկտը պետք է ունենա Եվրոպայի համար, որը կարող է այսօր չզգան իրենք, բայց հետո՝ կզգան: Եվ այնպես արեցի, որ՝ դուք արդեն ձեր գործն անում եք, մոտակայում պետք է ունենաք Ադրբեջանին եւ Հայաստանին նվիրված զեկույցներ, բայց միայն բարի խոսքերն ու ձեւակերպումները չէ, որ պետք է այս հարցը լուծեն, նաեւ պետք է մի քայլ այն կողմ գնաք՝ դեպի պատժամիջոցներ, որովհետեւ, եթե պատժամիջոց չլինի ցեղասպանություն կիրառողի, պատերազմի հանցագործի նկատմամբ, չկա ԵԺԿ-ն, որպես շարժիչ ուժ՝ եվրոպական անվտանգության, արժեքների եւ դրանց պաշտպանության գործում: Ես ասացի, որ Հայաստանից չեմ գնացել՝ իրենց որեւէ բան աղաչելու, իրենք պետք է որոշեն, սա ձեր գործն է եւ մինչ դուք խոսում եք ձեր տեսակետից մի բռնապետության մասին, ֆետիշ որպես, դուք պետք է մտածեք՝ արդյո՞ք կան ուրիշ բռնապետություններ՝ Ադրբեջան, Թուրքիա. նույն Ադրբեջանը, որը ՌԴ-ից վերափաթեթավորված գազ է վերցնում եւ տալիս է ձեզ, իսկ ձեր որոշ ղեկավարներ, ԵԺԿ անդամներ՝ նույն Եվրահանձնաժողովի նախագահուհին, ասում է, որ «Ադրբեջանը մեր վստահելի գործընկերն է»: Դե, ուրեմն, դուք ձեզ համար որոշեք՝ ո՞րն է եվրոպական արժեքը, հեռահար անվտանգությունը:

Քանի որ քննարկումը նվիրված չէր Կովկասի խնդիրներին, Հայաստանին, սա, ավարտին, մի փոքր սառը ցնցուղի նման էր, որը որեւէ ոգեւորության խնդիր չէր ենթադրում, Եվրոպայի համար պարզապես մի փոքր առերեսում էր:

Իսկ երկրորդ օրն արդեն իմ ելույթում զարգացրեցի այդ մոտեցումը, մի փոքր շեշտը դնելով նաեւ ժողովրդավարության եւ մեր ներքին խնդիրների վրա՝ չորս տարի առաջ՝ ազգային վերելք, ժողովրդավարության հույս, նաեւ վայրէջք կատարվեց: Վերադառնալով Արցախին եւ միջազգային հարաբերություններին, պնդեցի, որ Եվրոպան երբեք հավասարության նշան չպետք է դնի ցեղասպանություն կատարողի եւ դրան դիմադրողի միջեւ:

– Ժողովրդավարության հատվածում անդրադարձե՞լ եք, որ «ժողովրդավար Հայաստանում» թույլ չտրվեց ԵԺԿ համաժողովին մասնակցելու համար մեկնել ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ ինչ-որ շինծու քրեական գործի պատճառով:

– Այո, ես երկու անգամ անդրադարձել եմ նաեւ այդ հարցին, թե այս, թե նախորդ ժողովի ընթացքում, որին նույնպես արգելվեց Արմեն Աշոտյանի մեկնելը, հետո, ՀՀԿ ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը զարգացրեց: Բայց նաեւ դրանով սկսեցի, քանի որ ԵԺԿ գլխավոր քարտուղարն անդրադարձել էր այդ հարցին՝ նկատելով, որ ժողովրդավարական սկզբունքների խախտում է այդ արգելքը: Մեկնելով դրանից, ասացի՝ շատ լավ է, որ ԵԺԿ-ն անդրադառնում է ժողովրդավարական խնդիրների վայրէջքին եւ Հայաստանի իրական ժողովրդավարական պատկերին, որի հեղինակն է՝ 4-5 տարի առաջ, ժողովրդի ուսերի վրայով իշխանության եկած ուժը՝ բերելու համար այն արժեքները, որոնք իբրեւ եվրոպական են, բայց հենց 5 տարի առաջ՝ խախտելով այդ նույն սկզբունքները, դարձավ շատ ավելի ցածր որակի, շատ ավելի վատը, քան իր բոլոր նախորդները միասին վերցրած: Նաեւ հանդիմանեցի կամ ամբողջականության հրավիրեցի իրենց, որ եթե դիրքորոշում եք վերցնում Հայաստանի ներքին իրավիճակի վերաբերյալ՝ մեկ հոգու բացակայության փաստով ու ճիշտ եք անում, առանց իմ խնդրանքի, դուք նաեւ դիրքորոշում պետք է վերցնեք այն փաստի վերաբերյալ, որ 120 հազար մարդ շրջափակված է ռազմական հանցագործի կողմից եւ մի ողջ Հայաստանի Հանրապետություն տարիներ շարունակ ցեղասպան պատերազմի է ենթարկվում Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիայի կողմից: Որ այժմ էլ խաղաղության օրակարգ քարոզող Հայաստանի կոլաբորացիոնիստ իշխանության միջոցով տարվում է Հայաստանն այնպիսի վիճակի, որ երբեւէ չի լինելու ոչ եվրոպական, ոչ ինքնիշխան, ոչ էլ ժողովրդավարական: Եթե Եվրոպան որեւէ կառուցողական դերակատարում պետք է ունենա, ինքը պետք է նեցուկ կանգնի արժանապատիվ, ժողովրդավարական, ամբողջական Հայաստանին, այն սկզբունքներին եւ այն իշխանության կողքին, որը կարող է ապահովել այդ սկզբունքները:

– Ձեր շփումներից ի՞նչ տպավորություն ստացաք, Հայաստանի Հանրապետության, Արցախի եւ, առհասարակ, տարածաշրջանի նկատմամբ, ինչպիսի՞ն է եվրոպական քաղաքական ուժերի վերաբերմունքը:

– Ընդհանուր առմամբ, վերջին շրջանին քաղաքական վեհաժողովների եւ համագումարների միջավայրից, զգացմունքային ֆոնից եւ ելույթներից, կարող եմ ասել, որ գրեթե միաթիրախ վիճակ եղել է եւ Եվրոպան, միջազգային թատերաբեմում, թիրախավորված է եղել Ուկրաինայի վրա: Նաեւ, կազմակերպչական առումով, ԵԺԿ անդամ պետություններում՝ ընտրությունների վրա: Բայց, վերջին շրջանում, ինչ-որ տեղ նաեւ պայմանավորված ՌԴ-ի հետ աշխարհաքաղաքական մրցակցությամբ, բայց ավելի շուտ մեր մասնակցության որակով, թե երկկողմանի հանդիպումներում, թե հրապարակային ելույթներում մատուցման միջոցով, մեր դիրքորոշումները դարձել են ավելի նպատակասլաց, մատչելի, նաեւ փոխկապակցված՝ տարբեր փաստաթղթերի եւ քայլերի մեջ: Սա դրական ու ոգեւորիչ է, բայց պետք չէ պատրանք տածել, որովհետեւ, ընդհանուր քաղաքականության մեջ, մինչեւ հիմա, մեծ փոփոխություն չենք տեսել: Բայց հույս կա, որ համապարփակ, ավելի համակարգված աշխատանքի դեպքում, կտեսնենք մի փոքր ավելի հեռահար փոփոխություններ: Նշեմ նաեւ, որ վերջին ընդունված զեկույցներն էապես տարբերվում են իրենց նախորդներից՝ հնարավորության պատուհան բացելով:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
24.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031