«Այո, հայկական կողմն ակնկալում է, որ եթե հստակեցվեն հարցերը եւ ունենանք խաղաղության պայմանագիր, կողմերը պետք է վերադառնան այն դիրքեր, որոնք եղել են մինչեւ մայիսի 12-ը։ Մյուս հատվածներից եւս պետք է դուրս գան Ադրբեջանի զինված ուժերը»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե քննարկո՞ւմ են ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցը։
Լաչինի միջանցքի հետ կապված հարցադրմանն արձագանքելով՝ Արարատ Միրզոյանն ասաց․ «Մենք Լաչինի միջանցքի ռեժիմը վերաբանակցել չենք պատրաստվում․ այն սահմանված է նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությամբ, որի համաձայն՝ միջանցքի հինգ կմ տարածքը գտնվում է ՌԴ խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, իսկ Ադրբեջանը երաշխավորում է տեղաշարժը։ Չենք պատրաստվում վերաբանակցել եւ վերաբանակցել ուժի գործադրման հետեւանքով»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ