Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիևը հոխորտում է, որովհետև ՀՀ իշխանությունը պարտավորություններ է ստանձնում նրա նկատմամբ ու չի կատարում»․ Արթուր Համբարձումյան

Մարտ 24,2023 23:03

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հոխորտանքին, թե «որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կմ․ տարածքում՝ նրանք պետք է ընդունեն մեր պայմանները՝ պաշտոնապես ճանաչեն Ղարաբաղն Ադրբեջանի մաս», կարծիք հայտնեց, որ նման հայտարարության պատճառը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թշնամի պետության ղեկավարության առջև պարտավորություններ ստանձնելն ու չկատարելն է։

«2022 թվականի մարտ ամսին Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության կողմից հրապարկվեց մի փաստաթուղթ, որը բաղկացած է հինգ կետերից։ Դա հինգ կետանոց առաջարկություն է ՀՀ կառավարությանը կամ եթե ավելի ճշգրիտ ասենք՝ հինգ կետանոց ուլտիմատում է։

Այդ կետերը հետևյալն են, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև Ադրբեջանը պետք է ճանաչի ՀՀ ամբողջականությունը։ Այս երկու պետությունները պետք է ճանաչեն փոխադարձ սուվերենությունը։ Կետերից մյուսը վերաբերում է նրան, որ հետագայում կողմերից յուրաքանչյուրը պիտի պարտավորվի հաջորդիվ իշխանությունների ժամանակ միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չներկայացնել։ Մնացած կետերը վերաբերում են ճանապարհների ապաշրջափակմանը և այսպես շարունակ։

Հիմա տեսեք, 2022 թվականի մարտից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բոլոր բանակցությունները այս պլատֆորմի շուրջ են՝ փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում, երաշխիքներ, որ հետագայում պահանջներ չեն ներկայացվի, սուվերենության ճանաչում, դիվանագիտական հարաբերությունների հիմնում և Զանգեզուրի այսպես կոչված միջանցք։ Իհարկե, փաստաթղթում նշվում է որպես ճանապարհների ապաշրջափակում, բայց խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։

Այս կետերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ինչպիսի դիրքորոշում է հայտնել, սա շատ կարևոր է։ ՀՀ կառավարությունը վարչապետի շուրթերով բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ, ըստ էության, խնդիր այս կետերի վերաբերյալ չունի։ Իրենք ընդունում են Ադրբեջանի առաջ քաշած ուլտիմատիվ առաջարկությունը, ընդունում են, որ պետ է ապաշրջափակվեն, ընդունում են, որ Զանգեզուրի միջոցով պետք է ճանապարհ տրվի։

Իմիջիայլոց, Զանգեզուրի միջոցով ճանապարհի մասին ՀՀ կառավարությունը պարտավորություն է ստանձնել նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը նրա մասին է, որ Ադրբեջանի հարավ-արևմտյան տարածքները պիտի կապվեն Նախիջևանի հետ՝ բնականաբար Զանգեզուրի՝ Սյունիքի միջոցով։

Հիմա, ըստ էության, մենք ունենք մի իրավիճակ, երբ որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորություններ է ստանձնել թշնամական պետության ղեկավարության առաջ։ Հիմա եկել է այդ պարտականությունները ի կատար ածելու ժամանակահատվածը։ Ալիևն ասում է՝ եկեք փաստաթուղթ ստորագրենք տարածքային ամբողջականության վերաբերյալ և տվեք ճանապարհը։

Փաստաթուղթը չի ստորագրվում, այսինքն՝ վերբալ առումով մենք ընդունում ենք, բայց փաստաթուղթ չենք ստորագրում։ Վերբալ առումով կամ արդեն գրավոր պայմանավորվածությամբ ընդունում ենք, որ ճանապարհը պիտի տրամադրվի, այո, բայց հողի վրա դա չենք իրականացնում և դա է պատճառը, որը Ադրբեջանի ղեկավարը առավոտից երեկո հոխորտում է և ոչ թե Հայաստանի, այո՛, նաև Հայաստանի վրա, բայց առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ապազգային իշխանությունների վրա, որ դուք ստանձնել եք պարտավորություն, պարտավորությունները չեք իրականացնում։

Իմիջիայլոց, նա ավելի սուր հայտարարություններ է անում, ասում է՝ եթե Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը հրաժարվեց տվյալ ճանապարհի գաղափարից, մենք պատժելու ենք։

Վերջերս Թալիշ էր գնացել և այդ հայտարարությունն արեց, այսինքն՝ պատժելու է, որովհետև պայմանավորվել է, և ՀՀ վարչապետն այդ պայմանավորվածությունը խախտում է։ Սա է պատճառը, որ նա հոխորտում է։

Պատերազմից հետո նույն իշխանությունն է մնացել՝ ծնկի եկած, կապիտուլացված իշխանությունը։ Երկրորդը՝ նա շարունակում է պայմանավորվել և պայմանավորվածությունները չկատարել։ Ձեռք է բերում հակահայկական պայմանավորվածություններ, սա մի աղետ է, հետո այդ հակահայկական պայմանավորվածությունները խախտում է՝ բերելով նոր աղետներ։

Ինքը չի ասում՝ ես ստորագրել եմ Զանգեզուրի միջանցքի կամ ճանապարհի վերաբերյալ փաստաթուղթ, անխոչընդոտ ճանապարհի վերաբերյալ, դա սովորական ճանապարհ չէ։

ՀՀ կառավարությունը պարտավորվել է, որ պիտի տրամադրի անխոչընդոտ ճանապարհ, այսինքն՝ նա ֆիքսում է, որ իր իրավազորությունն այդ ճանապարհի վրա սահմանափակ է, սահմանափակությունը վերաբերում է նաև նրան, որ ճանապարհի վրա վերահսկողությունը պիտի իրականացնի երրորդ երկրի պետությունը։

Սա, ըստ էության, միջանցք է, և ՀՀ իշխանությունները չեն ասում՝ մենք ստորագրել ենք մի փաստաթուղթ, որը ներառում է այդ ճանապարհի վրա պարտավորություն և այդ փաստաթուղթը չի բխում Հայաստանի շահերից, մենք փոշմանել ենք, նրանք դա չեն ասում, այլ ասում են՝ մենք այդպիսի բան չենք ստորագրել։

Կարող էր վարչապետը հրաժարական տար կամ այս իշխանությունները հրաժարական տային, գար նոր իշխանությունն, որը կասեր՝ չի ընդունում նախկին իշխանությունների ստանձնած որոշ հակահայկական պարտավորություն։ Դա ուրիշ հարց էր, բայց երբ որ այս մարդիկ մնում են և ասում են, որ իրենք չեն ստորագրել նման բան, կներեք էլի, դիմացը մանկապարտեզի երեխա չէ կանգնած, դիմացը կանգնած են մարդիկ, որոնք ունեն հարյուր հազարավոր բանակ։ Եվ մենք մի անգամ տեսանք պայմանավորվելը ու պայմանավորվածության խախտումը ինչ նստեց մեր վրա։

Այս իշխանությունները ոչ թե խաղաղություն են բերում, այլ ինչպես որ պատերազմ ու մահեր են բերել, շարունակում են պատերազմ ու մահեր բերել»։

Մեր զրուցակցի կարծիքով, եթե ՀՀ-ն ՀԱՊԿ տարածք չլիներ, այս պահին պատերազմի հավանականությունը կլիներ 100 տոկոս, բայց քանի որ ՀԱՊԿ տարածք է, դա կարող է որոշ խոչընդոտներ առաջացնել Ադրբեջանին լայնամասշտաբ գործողությունների համար։ Սակայն, ըստ Արթուր Համբարձումյանի, հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակը, բացառված չէ, որը լայնածավալ գործողություններ լինեն ՀՀ-ի նկատմամբ։

«Ավելացնեմ, որ 2022 թվականի փետրվարի 22-ին Ադրբեջան-Ռուսաստան միջպետական դաշնակցային հարաբերությունները կարգավորող փաստաթուղթ է ստորագրվել և այդ կետերից մեկով երկու պետությունները չպիտի միջազգային ասպարեզում իրականացնեն գործողություններ, որոնք հակառակ կլինեն մյուսին։ ՀՀ տարածքում լայնածավալ գործողությունները հարված է նաև ՌԴ-ին, և նաև այդ փաստաթուղթն է, որը խոչընդոտում է լայնածավալ գործողությունները ՀՀ-ի նկատմամբ։

Եթե միջազգային իրավական պայմանավորվածությունը չլինի, Ադրբեջանը, բնականաբար, վաղուց էր լայնամասշտաբ գործողություն սկսել ՀՀ-ի նկատմամբ»,- ասում է Արթուր Համբարձումյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031