«Չկա կարեւոր հանդիպում կամ բանակցություն, որում տեղ չի հատկացվում գերիների վերադարձի հարցին։ Տեւական ժամանակ է, ցավոք, Ադրբեջանը ոչ մի հայ ռազմագերու ազատ չի արձակել, մինչդեռ դա իր պարտավորությունն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանական կողմն ընդունում է, որ Ադրբեջանում այս պահին պահվում են 33 հայ ռազմագերիներ։ Հայկական կողմն ունի տեղեկություն եւ փաստեր, որ այլ անձինք եւս ինչ-որ պահին ողջ են եղել եւ ադրբեջանական տիրապետության տակ են եղել, բայց ադրբեջանական կողմը պնդում է, թե տեղեկություն չունի նրանց ճակատագրի վերաբերյալ»,-հավելեց Արարատ Միրզոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ