Ֆուտբոլի Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա մեկնարկային հանդիպումից առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի եւ հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
Հարցերը սկզբում ուղղվեցին Վարազդատ Հարոյանին, որպեսզի նա չուշանա նախախաղային մարզումից։
Ֆուտբոլիստը հայտարարեց, որ ինքը հոգեբանական առումով որեւէ խնդիր չունի, ֆիզակականով՝ առավել եւս։ Իսկ հավաքականը, չհաշված փոքր վնասվածքները, շատ լավ տեսք ունի։ Խոսելով վաղվա մրցակից Թուրքիայի հավաքականի մասին՝ Հարոյանն ասաց․ «Դե, լավ թիմ է, որակյալ ֆուտբոլիստներով, որոնցից շատերը հանդես են գալիս թոփ-լիգաներում։ Ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք թույլ եւ ուժեղ կողմերը։ Կփորձենք փակել ուժեղ կողմերը եւ օգտագործել թույլ կողմերը։ Հուսով եմ, կստացվի։ Բոլորս էլ շատ լավ ենք տրամադրված, բոլորս էլ գիտենք, թե սա ինչ խաղ է մեր համար։ Ամեն ինչ լավ կլինի»։
Կարդացեք նաև
Հարցին, թե Հենրիխ Մխիթարյանի հեռանալուց հետո ի՞նչ փոփոխություններ են հավաքականում խաղային եւ հոգեբանական առումով եւ ինչպե՞ս կանդրադառնա Մխիթարյանի բացակայությունը, Վարազդատ Հարոյանը պատասխանեց․ «Իհարկե, բացասական կանդրադառնա։ Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, մեծ ֆուտբոլիստ։ Միանշանակ, նրա ներկայությունը շատ կհեշտացներ մեր գործը։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Խաղին կնախապատրաստվենք եղած ֆուտբոլիստներով։ Այո, նրա ներկայությունը մեր գործը շատ կհեշտացներ, բայց դա իր որոշումն է։ Հենոն մեր բոլորի ընկերն է, շատ սիրված ֆուտբոլիստ ու բոլորս ել հարգում ենք նրա որոշումը»։
Վարազդատ Հարոյանը նաեւ ասաց, որ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլը նոր է մեկնարկում, որ ենթախմբում կան բարձրակարգ թիմեր, իսկ Հայաստանի հավաքականը յուրաքանչյուրի հետ խաղալու է ինչպես վերջին խաղը ու փորձելու է քաղել առավելագույնը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ