«Մի քանի անգամ ասացիք, թե ՀՀ-Թուրքիա սահմանի Մարգարայի կամուրջը երեսուն տարուց հետո առաջին անգամ բացվել է։ Ոչ, այդպես չէ։ Մի քանի անգամ օգտագործվել է։ Թուրքական զինված ուժերի մոնիթորինգ անելու համար հայ զինծառայողները մեկնել են»,- ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Հայ-թուրքական սահմանի հետ կապված ուրիշ դեպք կարող եմ ասել։ Իսկապես, այն էլի է բացվել՝ ոչ հանրային շահի բերումով, այլ մի պաշտոնյանի համար, իր մասնավոր ընկերության ծանր տեխնիկայի ներկրման համար։ Որովհետեւ Վրաստանով տեղափոխելիս ավելի թանկ կլիներ։ Թուրքիայի ներկայացուցիչներին զանգ, միջնորդություն է եղել, նրանք էլ մեծահոգաբար թույլ են տվել, որ նախկին իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչն իր տեխնիկան սահմանով անցկացնի։ Չեմ ասի անունը»։
Գեղամ Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց՝ քանի որ ամիսներ առաջ եռակողմ հանդիպումը մերժվել էր ԱԳՆ-ի կողմից՝ Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով, ապա հիմա ինչպե՞ս է ստացվում, որ ապագայի համար եռակողմ հանդիպում է նախատեսնում Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։ (Հարցը մնաց անպատասխան)
Գեղամ Մանուկյանը նաեւ հետաքրքրվեց․ «Երբ ասում եք, Արցախի ժողովրդի իրավունքների հարցն եք քննարկում, ինքնորոշումը դրա մեջ մտնո՞ւմ է, թե ոչ։ Եվ հետագա կարգավիճակի հարցը։ Դուք ի սկզբանե ԼՂ հայությանը դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի տարածքում գտնվող քաղաքացիներ, որոնք Բաքվի տարածքում կարող են հասնել իրավունքների հարգման»։
Կարդացեք նաև
Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այն իրավունքները, որոնք պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ միջազգային մասնակցությամբ երկխոսության ձեւաչափով, այդ իրավունքները սահմանափակված չեն։ Լավագույն լուծումը գտնելու համար մենք խրախուսում ենք, որ այդ խոսակցությունը կայանա Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ»։ Գեղամ Մանուկյանին պատասխանը համոզիչ չթվաց, իսկ Արարատ Միրզոյանը նրա հակադարձումները ներքաղաքական բովանդակություն համարեց։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ