Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան․ «Այո, 2018-2020 թվականներին ավելի շատ գումար է հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ գումարները նպատակային են օգտագործվել, թե՞ մսխվել են»

Մարտ 24,2023 21:00

«Հայաստանի ներկա կառավարիչների ամենաուժեղ կողմը ամոթ չունենալն է։ Նրանք կարող են առանց ամոթի նշույլի նայել դիմացինի աչքերի մեջ եւ ստել»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում հնչած հայտարարությանը, որով Փաշինյանը արձագանքում էր Սարգսյանի՝ Հայաստանը վերջին տարիներին զենք գրեթե ձեռք չի բերել։ «Լկտի սուտ է»,-այսպես արձագանքեց Սարգսյանը Փաշինյանին։

«Նրանք ընդամենը երկու ճշմարտություն են ասել, ավելի կոնկրետ, ոչ թե ճշմարտություն, այլ երկու հայտարարություն են արել, որոնցով ղեկավարվել են։ Առաջինն այն է, որ ասացին, որ իրենք իրենց գժի տեղ կդնեն եւ Մադրիդյան սկզբունքները, կոպիտ բառ ասեմ՝ վարի կտան եւ այդ սկզբունքներով չեն առաջնորդվի։  Ինչը եւ արեցին։ Երկրորդ՝ պատերազմի առաջին օրը նրանք հայտարարեցին՝ ինչ էլ լինի՝ իրենք իրենց պարտված չեն համարելու։ Եւ այդ երկու հայտարարությունները տեսեք, թե ինչ արհավիրքներ բերեցին մեր երկրին»,-ասաց երրորդ նախագահը։

Անդրադառնալով սպառազինությունների ձեռքբերմանը, Սարգսյանն ասաց․«Առանց շատ բան բացահայտելու՝ ասեմ հետեւյալը՝ իր նշած տարիներին մենք երեւի թե մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զինամթերք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել այդ երկու տարիների ընթացքում։ Ուզում եմ հիշեցնեմ նրանց, ովքեր կամ անտեղյակ են կամ հիշողության կորուստ ունեն՝ այդ ժամանակաշրջանում մենք ունեինք միակը տարածաշրջանում С-300-ի դիվիզիոններ, մենք ունեինք արդեն մեծ հեռահարության հրթիռներ, մենք այդ ժամանակահատվածում ձեռք ենք բերել 100-ից ավելի միայն ծանր զրահատեխնիկա, ձեռք ենք բերել հարյուրավոր ժամանակակից  հակաօդային պաշտպանության միջոցներ, մենք ձեռք ենք բերել տասնյակ հազարներով մեծ տրամաչափի  զինամթերք, 100 միլիոնից ավել միայն հրազենային զինամթերք ենք ձեռք բերել։ Էլ չեմ խոսում Իսկանդերի եւ այլ զենքերի մասին։ Իսկ իրենք ի՞նչ են ձեռք բերել, երեք ինքնաթիռ, որ այդպես էլ օգուտ չտվեց»։

Երրորդ նախագահի խոսքով՝ վերացական ինչ-որ բաներ ասելու փոխարեն՝ իշխանությունը կարող է ներկայացնել, թե 10 կամ 20 տարում նախկին իշխանությունները որքան սպառազինություն են ձեռք բերել, ներկա իշխանությունը՝ որքան․«Գրագետ մարդը, որն ինչ-որ չափով տիրապետում է ռազմական գործին, շատ լավ  գիտի, թե ինչպես կարելի է համեմատել ռազմամթերքն ու սպառազինությունը։ Ճշմարտությունն այն է, որ այո, 2018-2020 թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ գումարներ են հատկացվել պաշտպանությանը, բայց արդյոք այդ հատկացված գումարները նպատակային են օգտագործվել, թե մսխվել են։ Ես միայն մի բան կարող եմ ասել՝ այո, հատկապես 8,9 (պարզ չէ թե որ տարիները նկատի ունի՝ 2008-2009, թե՞ 2018-2019, Ն․Բ․) եւ դրանից առաջ շատ ավելի փոքր հնարավորություններ ունեինք զուտ գնումներ կատարելու, բայց մենք նաեւ մեծ հնարավորություններ ունեինք, եւ այդ հնարավորությունները մինչեւ վերջ օգտագործել են ռազմատեխնիկական աջակցություն ստանալու»։

Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում էր Սամվել Ֆարմանյանի՝ «Միայնակ ընդդեմ ճակատագրի: Ֆուտբոլային դիվանագիտության հետնաբեմը» գրքի շնորհանդեսին:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031