ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանի անդրադարձը Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությանը և հանձնառությունների խախտումներին
Մարտի 23-ին ԵԱՀԿ-ում Հայաստանի առաքելության նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստի օրակարգ է բերվել «Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի սրմանն ուղղված Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը և ստանձնած պարտավորությունների խախտումները» ընթացիկ հարցը:
ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նիստի ընթացքում հանգամանորեն անդրադարձել է Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում իրավիճակի սրմանը և մարտի 22-ին հակառակորդի կրակոցից ՀՀ զինծառայողի մահացու վիրավորման դեպքին:
ՀՀ մշտական ներկայացուցիչը ընդգծել է, որ 2020թ. ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Ադրբեջանը շարունակում է տարբեր ձևաչափերով ընդունված եռակողմ և քառակողմ հայտարարությունների կոպտագույն ոտնահարումները և գործնականում չի մնացել այդ հայտարարությունների մի դրույթ, որն այս պահի դրությամբ Ադրբեջանը խախտած չլինի՝ հայ գերիներին, պատանդներին, մինչ օրս ապօրինի անազատության մեջ պահելուց մինչև Լաչինի միջանցքի և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելը:
Կարդացեք նաև
Արմեն Պապիկյանն անդրադարձել է Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշմանը, որով Ադրբեջանին պարտադրվել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:
Մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն արդեն 100 օրից ավելի է, ինչ Ադրբեջանը շարունակում է Լաչինի միջանցքի շրջափակումը, որն ուղեկցվում է Արցախում հումանիտար աղետ ստեղծելուն ուղղված գործողություններով և ի ցույց է դնում բարձր մակարդակով էթնիկ զտումներ իրականացնելու ուղղությամբ Ադրբեջանի անթաքույց քաղաքականությունը:
Արմեն Պապիկյանը շեշտել է, որ Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձը՝ միևնույն ժամանակ վերաբնակեցնում է Լեռնային Ղարաբաղի իր վերահսկողության տակ անցած տարածքները՝ ժողովրդագրական պատկերը փոխելու նպատակով:
ՀՀ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը և դիմելու լայնածավալ ուժի կիրառման ինչպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Բարձր գնահատելով մի շարք երկրների հստակ հայտարարությունները Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացման վերաբերյալ՝ դեսպանն ընդգծել է ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկման, ինչպես նաև Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը:
ՀՀ ԱԳՆ