Ո՞վ և ինչո՞ւ է Հայկական «Ավրորայի լուսաբացը» ֆիլմին գլխավոր մրցանակ շնորհել Ժնևի հեղինակավոր Մարդու իրավունքների միջազգային կինոփառատոնում և ֆորումում (FIFDH): Դոմինիկ դը Ռիվազ-ի բացատրությունները:
Ժյուրիի չորս անդամները երեք տարբեր մայրցամաքներից էին՝ Հարավային Ամերիկա, Աֆրիկա, Եվրոպա : Մարդու իրավունքների ջատագովներ՝ նրանցից երկար ժամանակ չպահանջվեց հաղթողի շուրջ ընդհանուր հայտարարի գալու համար. Հայոց ցեղասպանության մասին Իննա Սահակյանի ֆիլմը։ Դոմինիկ դը Ռիվազը՝ խմբի միակ շվեյցարացի անդամը, համաձայնել է բացահայտել այս հավաքական որոշման որոշ մանրամասներ: Ռեժիսոր, գրող և լուսանկարիչ, մեծ ճանապարհորդ՝ ֆիլմը դիտելուց հետո ինքն իրեն խոստում է տվել:
-Ո՞րն է այդ խոստումը:
Կարդացեք նաև
-«Ավրորայի լուսաբացը» ինձ մոտ ցանկություն առաջացրեց գնալ Հայաստան՝ բացահայտելու այդ երկիրը, մշակույթը և ճանաչելու նրա ժողովրդին:
-Ինքներդ լինելով ռեժիսոր՝ ի՞նչը կառանձնացնեք այս ֆիլմի իրականացման մեջ :
-Սկզբում զարմացնում է պաստելի գույներով շատ փափուկ այս անիմացիան։ Եվ որքան առաջ ենք գնում, անտեսելով, թե ուր ենք գնում, այնքան ավելի ենք գիտակցում նման մոտեցման հնարամտությունը: Փաստորեն, ցեղասպանության սարսափները կինեմատոգրաֆիկ կերպով վերարտադրելը անճաշակ կլիներ: Հիանալի գաղափար է ստեղծել այս անիմացիոն պատկերները, որոնք շատ հմտորեն համատեղած են 1919 թվականի արխիվային կադրերի և տասնյակ տարիներ անց Ավրորայի տված հարցազրույցների հետ:
-Ի՞նչ եք մտածում Ավրորայի մասին:
-Նա հիասքանչ կին է, բայց անհավանական ողբերգական ճակատագրով: Մենք կարող ենք միայն ուրախանալ նրա գոյությամբ և խիզախ ուղիով, որը մեծապես պահպանվել է այս ֆիլմի միջոցով:
-Ինչո՞վ էր առանձնանում այս ֆիլմը այս կատեգորիայի մյուս ինը մրցակիցներից:
-Բացի իր կատարողական որակից, այն շատ դիդակտիկ էր։ Ես սարսափեցի՝ իմանալով ցեղասպանության պատմությունը, որի մասին գրեթե ոչինչ չգիտեի։
-Կա՞ մի տեսարան, որն ամենից շատը հուզեց Ձեզ :
-Այո, այն տեսարանը, որտեղ հայ կանայք ցցի են հանվում թուրք զինվորների կողմից : Դա մեզ ստիպեց արտասվել : Այս դաժանությունն ընկալելի չէ…
-Այնուամենայնիվ, չնայած անհերքելի ապացույցներին, Թուրքիան ավելի քան մեկ դար ժխտում է այս հանցագործությունը…
-Ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ այն հարցեր է առաջացնում չճանաչման պատճառների վերաբերյալ։ Ոմանց կարծիքով՝ բացատրությունն այն է, որ Օսմանյան կայսրության ջարդերի կազմակերպիչ իշխող վերնախավի ժառանգները կազմում են ներկայիս թուրքական կառավարության մաս: Ըստ այլոց, այս պատասխանատվությունը հերքելը թույլ է տալիս նրանց խուսափել հատուցումներից:
–Ինչո՞ւ միաձայն քվեարկեցիք այս անիմացիոն վավերագրական ֆիլմի օգտին:
-Հաշվի առնելով հայ ժողովրդի համար ցավալի պատմության այս չափազանց կարևոր հատվածի համատարած անտեղյակությունը՝ կարծում ենք, որ Ժնևյան գլխավոր մրցանակ շնորհելով «Ավրորայի լուսաբացին՝» օգնած կլինենք միջազգային հանրությանը իրազեկել դրա մասին: Այս ողբերգությունը պետք է լինի հայտնի և ճանաչված :
Դոմինիկ դե Ռիվազի մասին
Ծնվել է Ցյուրիխում՝ շվեյցարացի հորից և իտալացի մորից, այս բազմակի մրցանակակիր կինոռեժիսորն սովորել է գրականություն, պատմություն և բանասիրություն Ֆրիբուրգի համալսարանում (Շվեյցարիա): Նախքան որպես ռեժիսոր իր կարիերան սկսելը Télévision Suisse Romande-ում, ուսումնասիրել է ռուսաց լեզու, այնուհետև գրավոր մամուլում հանդես է եկել որպես լուսանկարիչ:
Նրա ստեղծագործությունները ներառում են տասը ֆիլմ, այդ թվում՝ չորս մրցանակակիր, ութ գիրք և բազմաթիվ լուսանկարչական ցուցահանդեսներ: Իր ժամանակը Բեռնի և Բեռլինի միջև կիսելով՝ կինոռեժիսորը միաժամանակ անխոնջ ճանապարհորդ է. ուսումնասիրել է ինչպես Ռուսաստանի հեռավոր արևելքը, այնպես էլ Վրաստանի լեռները:
Աննա Ազնաուր