Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի եղբոր որդին՝ Նարեկ Սարգսյանը, ապօրինի գույքի բռնագանձման գործով կրկին դատարան չէր եկել

Մարտ 24,2023 19:30

Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի որդի Նարեկ Սարգսյանի և նրա կնոջ՝ Աննա Նիկոյանի դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցադիմումի քննությունը։ Դատախազությունը հանդես է եկել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։

Հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է 8 անշարժ գույքի՝ դրանց մեծ մասը Արմավիրում, մեկը Երևանի կենտրոնում՝ Բյուզանդի փողոցում, 2 հողամաս Ֆուչիկի փողոցում, մեկ հողամաս Դիլիջանում, մեկ մեքենա և 2.5 միլիոն դոլարի ավանդ։

Հիշեցնենք նաեւ, որ նախորդ դատական նիստում դատախազության ներկայացուցիչ Տիգրան Ենոքյանը միջնորդել էր հայցի առարկայի փոփոխության թույլտվություն ստանալու համար։ Ըստ այդմ դատախազությունը Նարեկ Սարգսյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության առաջարկում է բռնագանձել հետեւյալը.

– Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Արզական գյուղում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 55 մլն 125 հազար դրամ։

-Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գտնվող 25 հա հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 24 մլն դրամ։

– Արմավիրի մարզի Զարթոնք համայնքում գտնվող հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 6 մլն 600 հազար դրամը։

– Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/2 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 70 մլն 900 հազար դրամ։

– Երևանի Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցի թիվ 10/1 հասցեի հողամասը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 127 մլն 800 հազար դրամ։

– Դիլիջան քաղաքի Շահումյան փողոց 20 նկուղային հարկ տարածքի կեսը, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 10 մլն 125 հազար դրամ։

– Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գտնվող հողամասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 650 հազար դրամ։

– Nissan antima մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 2 մլն 400 հազար դրամ։

– «Նետրինո» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած մասնակցությունն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 33 մլն 58 հազար 938 դրամ։

– «Մեգատոն» ՓԲԸ-ում Նարեկ Սարգսյանի ունեցած 20 բաժնետոմսը, անհնարինության դեպքում՝ շուկայական արժեքը՝ 10 մլն 669 հազար 536 դրամ։

– Բռնագանձել «Մինի Մայա» ՍՊԸ ընկերությանը տրամադրված փոխառությունից ծագող պահանջի իրավունքը՝ 3 մլն 835 հազար 297 դրամի չափով։

– Նարեկ Սարգսյանից և Աննա Նիկոյանից հօգուտ ՀՀ-ի, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Երևանի Բուզանդի փողոցում գտնվող տարածքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 302 մլն 150 հազար դրամ։

– 2021թ․ հունվարի 1-ից մինչև վճռի փաստացի կատարումը Երևանի Բուզանդի փողոց 3 շենք թիվ 27 տարածքի համար «Վանիթար» ՍՊԸ ընկերության հետ կնքված վարձակալությունից ստացված գումարները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ՝ ամսական 2 մլն 200 հազար դրամ՝ ըստ պայմանագրի։

– «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ընկերության հաշվին առկա 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար ավանդը։

– 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 1 մլն 489 հազար 185 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

– «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին առկա 987 հազար 661 ԱՄՆ դոլար ավանդը։

– 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 987 հազար 661 ԱՄՆ դոլար գումարի չափով ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

– «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի մեկ այլ հաշվին այդ ավանդից ստացված տոկոսներից 33 մլն 742 հազար 695 դրամ։

– 2021թ․ ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվեհամարին առկա նշված 33 մլն 742 հազար 695 դրամի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

– «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հաշվին առկա ավանդից ստացված տոկոսներից 319 հազար 55 ԱՄՆ դոլար։

– 2021թ․  ապրիլի 28-ից մինչև վճռի փաստացի կատարման օրը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի նշված հաշվին առկա 319 հազար 55 ԱՄՆ դոլարի նկատմամբ հաշվարկված տոկոսները՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքից ստացված եկամուտ։

– Բացի այդ՝ Նարեկ Սարգսյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 488 մլն 890 հազար 258 դրամ, 654 հազար 86 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 142 հազար 381 եվրոյին համարժեք դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ։

– 42 մլն 859 հազար 690 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով․ ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ ուսումնասիրության ամբողջ ժամանակահատվածում՝ 2004-2020 թվականների ընթացքում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել, առանձնացնել և բռնագանձել։

Դատախազությունը ըստ էության նախնական հայցապահանջը համալրել է հինգ կետով, դրանք են՝ «Հայբիզնեսբանկ» ՍՊԸ-ի ավանդի բռնագանձումը, «Մեգատոն» եւ «Նետրինո» ՓԲ ընկերություններում Նարեկ Սարգսյանի բաժնեմասի բռնագանձում, «Մինի Մայա» ՍՊԸ-ում բաժնեմասի բռնագանձում եւ «Վանիթար» ՍՊԸ-ի վարձակալության գումարների բռնագանձում՝ դրամային հաշվեգրումով։

Այսօր նախագահող դատավոր Աշխեն Ղարսլյանը տեղեկացրեց, որ դատարանը թույլատրել է հայցի առարկայի փոփոխությունը։

Այսօրվա դատական նիստին Նարեկ Սարգսյանը եւ նրա պաշտպանը դարձյալ ներկա չէին. վերջիններիս ծանուցումը տեղ չէր հասել։  Նիստին ներկա էր Նարեկ Սարգսյանի կնոջ՝ Աննա Նիկոյանի ներկայացուցիչ Վահագն Գրիգորյանը։ Դատախազ Տիգրան Ենոքյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատարանը ծանուցի «Հայբիզնեսբանկ», «Մեգատոն», «Նետրինո», «Մինի Մայա», «Վանիթար» ընկերություններին՝ գործով երրորդ անձ ներգրավելու մասին։

Պաշտպան Վահագն Գրիգորյանը չառարկեց, ավելին՝ հայտարարեց, որ պաշտպանական կողմը ինքն է միջնորդում սույն ընկերություններին երրորդ անձ ներգրավելու համար։ Միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի առանձին դատական ակտով, իսկ մինչ այդ կողմերը նպատակահարմար չհամարեցին այլ դատավարական գործողություն կատարել։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031