Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք Երևանի ավագանու ընտրություններին առանձին կգնան ընտրության, սպասարկելու են Նիկոլի շահը»․ Նաիրա Զոհրաբյան

Մարտ 24,2023 19:00

«Սեպտեմբերին նախատեսված են Երևանի ավագանու ընտրություններ։ Ընդդիմադիր  քաղաքական ուժեր, եթե ամեն մեկդ կգրկի իր թեկնածուին և առանձին կգնա ընտրության, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ ՝ դուք՝ բոլորդ Նիկոլ եք, սպասարկելու եք Նիկոլի շահը, ամեն ինչ անելու եք Նիկոլի թեկնածուի ընտրության համար»,-«Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նրա հավաստմամբ՝ Երևանում Նիկոլ Փաշինյանն այսօր ունի իր բոլոր ժամանակների ամենացածր վստահության քվեն։ Նաև ասաց՝ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ Երևանում չի կարող հաղթահարել 3,5-5 տոկոսի շեմը։ Այնուհետև մանրամասնեց․ «Եթե դուք առանձին գնալու եք իքս թեկնածուի ընտրությամբ, ընդամենը չորս-հինգ ավագանի ունենալու համար, ուրեմն ես լեգիտիմ բոլոր հիմքերն ունենալու եմ ասելու, որ դուք ներքին պայմանավորվածություն ունեք իշխանության հետ։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պիտի լինի երկու կետ՝ Նիկոլը և հականիկոլական կոալիցիա։ Չգիտեմ՝ ինչ-որ մի հարթակի վրա ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է միավորվեն։ ԱԱԾ-ն Նիկոլի սեղանին դրել է սոցհարցումների արդյունքներ։ Ամենացածր վստահության քվեն Նիկոլն ունի Երևանում։ Եթե ընդդիմադիր բոլոր ուժերը հանդես գան մեկ միասնական ցուցակով, Երևանում ընդդիմությունը ստանալու է մեծամասնություն։ Պիտի ընտրողին ասել՝ մենք չենք գնում վերելակի, ծակ տանիքի, աղբի հարց լուծելու, ինչը իրականում պետք է լինի, բայց սա վերջին հնարավորությունն է․ վերցնելով Երևանը՝ փրկել Հայաստանը։ Մենք գնում ենք քաղաքական ընտրության, և եթե ընդդիմությունը վերցրեց Երևանը, հիմնական քաղաքական ընտրազանգվածը կենտրոնացած է Երևանում, հաջորդ օրվանից պետք է սկսել համազգային ցույցեր Նիկոլին իշխանությունից հեռացնելու համար։ Այդ ցուցակում պետք է լինեն մահապարտ ընդդիմադիր գործիչների անուններ»։

Նաիրա Զոհրաբյանը, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Իշխան Սաղաթելյանին, հայտարարեց․ «Դուք բոլորդ պիտի հասկանաք, որ ընդդիմությունը պետք է միավորվի և ընտրությունների գնա մեկ միասնական ցուցակով։ Դրանում պետք է լինեն մահապարտ քաղաքական գործիչներ։ Պետք է շատ պարզ բան․ մեզ պետք է փոխել բանակցողին՝ Նիկոլին, որովհտև հաջորդ ցանկացած բանակցող լեգիտիմ բոլոր իրավունքներն ունի հրաժարվելու բանավոր այն պայմանավորվածություններից, որ տվել է Նիկոլը, տվել է նաև Արցախի անունից, ստորագրել է Արցախի անունից փաստաթղթեր։ Հիմա հայտարարում է, որ ինքը Արցախի վարչապետը չէ, բայց որ Արցախի անունից խոսելու իրավունք չունես, բա նոյեմբերին ասեիր, թե ես իրավունք չունեմ ստորագրելու, Արայիկ Հարությունյանին բերեին, թող որոշեր՝ ստորագրո՞ւմ է, թե՝ ոչ առանց մեկ կրակոցի Հադրութը տալը»։

Նաիրա Զոհրաբյանը ևս մեկ անգամ կրկնեց՝ ընդդիմությունը պետք է միավորվի մեկ հարթակի շուրջ, հակառակ դեպքում կունենանք հետևյալ պատկերը․ «Եթե ամեն մեկը գրկեց իր չորս կամ հինգ տոկոսանոց թեկնածուին, ուրեմն դուք՝ բոլորդ ներքին ինչ-ինչ համաձայնություն և պայմանավորվածություն ունեք Նիկոլի հետ։ Կամ իրար ավելի շատ չեք հանդուրժում, քան Նիկոլին, որ չեք կարողանում համաձայնության գալ Արցախից մնացած 25 տոկոսը և ՀՀ պետականությունը փրկելու համար միավորվելու։ Փաստորեն, ձեր հակակրանքն իրար նկատմամբ ավելին է, քան մեր երկրի փրկությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031