Սահմանադրական դատարանը սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները․ Թեմայի շուրջ «Ա1+»-ը զրուցել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ։
—Պարոն Սաֆարյան, ՍԴ-ն հրապարակեց որոշումը, ըստ որի, Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը, ին՞չ կտա սա Հայաստանին։
—Սա միջազգային մակարդակում գործիք է, որից օգտվել առավելապես շահագրգռված են այն երկրները, ովքեր որևէ մեկի վրա հարձակվելու, որևէ պատերազմական հանցագործություն կատարելու մտադրություն չունեն։ Սրա վավերացման ակունքում Ադրբեջանի հանցագործություններն են և պետք է շնորհակալություն ասեմ քաղաքացիական հասարակությունից՝ Հովսեփ Խուրշուդյանին, որ հարցը բարձրացրեց ադրբեջանական ագրեսիայից հետո, որովհետև բոլորիս համար տեսանելի է, որ Հայաստանի նկատմամբ ռազմական մտադրություններ ունեցող Ադրբեջանի և իր բռնապետին հակառակ պետք է ունենանք կանխարգելող և զսպող մեխանիզմներ։ Չեմ ուզում սա իդեալականացնեմ։ Չեմ ուզում, որ մեծ սպասելիքներ ձևավորվի, բայց սա մի բան է, որը լուրջ մահակ է ցանկացած մեկի կողքին, ով հարևան պետության վրա հարձակվելու մտադրություններ ունի։
—Իշխանությունների հաջորդ քայլերը որո՞նք պետք է լինեն այս առումով։
Կարդացեք նաև
—Քանի որ մենք արդեն միջազգային իրավական մեխանիզմներից սկսել ենք օգտվել, այդ թվում և Արդարադատության միջազգային դատարան ենք դիմել Ադրբեջանի կողմից հայատյացության գնահատմամբ և դրա շրջանակներում Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ, որում միջանկյալ հաջողություն ենք գրանցել, ապա կարող ենք ասել, որ սա մեզ համար երկրորդ էտապն է։ Որքան շատ լինեն գործիքները, այնքան զսպված կլինի Ադրբեջանը։
—Ադրբեջանը վավերացրե՞լ է Հռոմի ստատուտը։
—Ոչ, այն երկրները, որոնք ունեն պատերազմ սանձազերծելու ցանկություն երբեք չեն վավերացնի սա։ Սա նշան է, որ Հայաստանը իր հարևանների նկատմամբ ռազմական գործողություն սկսելու որևէ մտադրություն չունի և Հայաստանը պաշտպանական քաղաքականության շրջանակներում է գործում։ Այս գործիքը կիրառելի է ոչ միայն Հայաստանի տարածքի համար, այլև Արցախի տարածքի համար։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: