Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբողջ քաղաքի ծառերը սկսելու են հերթով հատել ու էդ զիբիլը տնկել Երեւանում, որովհետեւ դրա մեջ փող կա. բնապահպան

Մարտ 24,2023 18:20

Բնապահպան Սիլվա Ադամյանը Կասկադի՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում  առողջ ծառերի հատումներում կոռուպցիոն ռիսկեր է տեսնում:

«Սա հակափիառ եղավ Ավինյանին, եթե նպատակը իր փիառն անելն էր…ինձ մոտ սա թողնում է կոռուպցիոն ռիսկերի տպավորություն, որ մեծ քանակությամբ ծառեր են բերվել, լավ գումարներ են լվացվել դրա հիման վրա: Այստեղ լավ գումար կարելի էր դուրս գրել այդ սակուրաների ու եղեւնիների վրա եւ լավ փող աշխատել», -Aravot.am-ին ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը լրագրողներին հայտնել էր, որ հատված ծառերի տեղում տնկվելու են 10 և ավելի տարեկան տնկիներ, ինչպիսիք Երևանը դեռ չի տեսել: Պաշտոնյան ասել է նաեւ, որ 150 միլիոն է հատկացվել 2 000 տնկիի համար:

Սիլվա Ադամյան

«Ես որ կարդացի՝ ինչ քանակությամբ ծառ են ներմուծում իրենք, դա  նշանակում է, որ ամբողջ քաղաքի ծառերը սկսելու են հերթով հատել ու էդ զիբիլը տնկել Երեւանում, որովհետեւ դրա մեջ փող կա, կարելի է  լավ փող աշխատել դրանով: Կարծում եմ, որ սա կապված է նաեւ անգրագիտության հետ. Երեւանը նորացնելու փորձ կատարել, իբր թե, որ այդ ծաղկող սակուրաները աչք զարնեն հետագայում, բայց սա անընդունելի է: Որովհետեւ ունենք կենսաբազմազանություն քաղաքում՝ միջատներն են, թռչուններն են եւ այլն, որոնք խիստ կառչած են հենց այդ ծառատեսակների հետ (խմբ. նկատի ունի հատված ծառերը) նրանք բնադրվում են այդտեղ: Ոնց կարող են եղեւնու մեջ, հնարավոր չէ, որովհետեւ կան թռչուններ, որոնք փչակաբնակ են, փչակներում են բնադրվում: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ մեր քաղաքի վիճակն ինչ է լինելու, եթե էդ անգրագետները բռնեն ամբողջ քաղաքը ողողեն սակուրաներով ու այլ տեսակներով: Այսինքն, իրենք չեն հասկանում, անգրագիտության հետեւանք է»,- շարունակեց Սիլվա Ադամյանը:

Իսկ ինչ ծառատեսակներ են սակուրաները, դրանք, ըստ բնապահպանի,  բալենիներ են (խմբ. ճապոնական): Իսկ ինչքանով են հարմար Հայաստանի բնակլիմայական պայմաններին, ըստ բնապահպանի. «Բալենու մի տեսակ է, որը ավելի դեկորատիվ է, մեր պայմաններին հարմարված չէ,  մեր երկրին, մեր քաղաքին հատուկ տեսակ չէ: Հո հիմար չեն գիտնականները, որ տարիներ շարունակ նման տեսականին չեն դրել մեր քաղաքում, որովհետեւ դա մեզ պետք չի եղել, չի կարող մեզ պաշտպանել տապից, փոշուց եւ, իհարկե, հանդիսանալ մեր քաղաքի կենսաբազմազանության մի մասը»:

Տիկին Ադամյանի խոսքով, ի տարբերություն սակուրաների, հատված ծառերը հենց այն ծառերն էին, որոնք պետք էին քաղաքին ու կենսաբազմազանությանը.  «Հատված ծառերը մի հիսուն տարվա ծառեր կլինեին: Դա բարբարոսի ձեռքի գործ է, որովհետեւ հիսուն տարվա ծառը հին ծառ չէ: Առավել եւս , որ այդ ծառերը տնկվել էին շատ լուրջ ուսումնասիրությունների ձեւով: Այդ ծառատեսակները բոլորն ուսումնասիրված էին, այսինքն՝ փորձաքննություն էր անցել, եւ փորձագետները գտել էին, որ Երեւանում հենց այդ կազմը պետք է լինի, որ մեզ կպաշտպանի փոշուց, քամուց եւ ուրբանիզացիայից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031