Լրահոս
Օրվա լրահոսը

Պապիկյանն իր բանկային հաշվի, ունեցվածքի մասին պարզաբանում տալու համար 30-օրյա ժամկետ է ուզել՝ ուսումնասիրելու, հետո պարզաբանել

Մարտ 24,2023 17:45

Տեղեկացրել ենք, Aravot.am-ը տեղեկատվության հարցում է արել մի շարք պաշտոնյաների, թե ինչպես են պատերազմից հետո ձեռք բերել իրենց բնակարանները, հողամասերը, շարժական գույքն ու թանկարժեք նվերները:

ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը 2018-ի հունիսի 8-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնը ստանձնելիս ներկայացրել է գույքի եւ եկամուտների հայտարարագիր, ունեցել է 1 հողամաս, 1 NISSAN TEANA 2.3 ավտոմեքենա, 1 մլն 300 հազար դրամ եւ 1400 դոլար, ինչպես նաեւ 12,5 մլն վարկ է ունեցել:

Իր վերջին ներկայացրած հայտարարագիրը եղել է 2022-ի մայիսին՝արդեն որպես ՊՆ նախարար: Ըստ այդ հայտարարագրի, ունի 3 հողամաս Լոռիում, Արաբկիրում միանձնյա սեփականատեր է դարձել 1 բնակարանի, նաեւ մարել է վարկերի մի մասը, որոնք ունեցել է ՎՏԲ բանկում, Արդշինբանկում, առկա դրամական միջոցներն էլ բանկային հաշվին կազմել են 22 մլն 395 մլն դրամ, 4400 եվրո եւ 4900 դոլար, իսկ կանխիկ՝ 5 մլն դրամ, 11 հազար դոլար եւ 3000 եվրո: Վերջերս էլ պարզ դարձավ, որ այս ընթացքում Երեւանում գնել է եւս մեկ բնակարան՝ 168 հազար դոլարին համարժեք դրամով:

Նրա տարեկան եկամուտը, ըստ վերջին հայտարարագրի, կազմել է ընդհանուր մոտ 23 մլն դրամ՝ վարձատրություն ստանալով որպես տարածքային կառավարման նախարար, վարչապետի աշխատակազմից, ՊՆ-ից, ֆինանսների նախարարությունից (ենթադրվում է, որ եկամտահարկի վերադարձ է) եւ եւս 1 մլն դրամ այլ տեղից, որը չի նշվում հայտարարագրում:

Նախարարին տեղեկատվության հարցմամբ խնդրել էինք պարզաբանել՝ նախ ինչո՞ւ 2018-ի հունիսի 8-ին ներկայացրած հայտարարագրում չի նշել, որ ունի 3 հողամաս, եթե այն ձեռք է բերվել դեռ 2003-ից, բացի այդ, տարեկան 23 մլն դրամ եկամուտ ունենալով՝ ինչպե՞ս է կարողացել թանկարժեք բնակարաններ ձեռք բերել Երեւանում էլիտար շենքերում՝ միաժամանակ այդ ընթացքում ապրել է, ամուսնացել, երեխա ունեցել, այսինքն, նվազագույն կենցաղային պայմաններ ապահովել: Եվ հետո, եթե տարեկան եկամուտը 23 մլն դրամ է կազմել, ինչպե՞ս է բանկային հաշվին 22 մլն դրամ 395 հազար դրամ առկա գումար պահպանվել՝ դոլարն ու դրամը, կանխիկ գումարը չհաշված:

Օրենքով սահմանվում է հարցմանը պատասխանել հնգօրյա ժամկետում: Բայց հարցումից 6 օր անց՝ մարտի 9-ին նախարարությունից 30-օրյա ժամկետ են ուզել՝ պատասխանելու համար՝ հիմնավորելով, թե նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա»:

Մարտի 17-ին՝ հարցումից 2 շաբաթ անց ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են հետեւյալը. «Ի պատասխան Ձեր մարտի 3-ի գրությամբ ներկայացված 1-ին հարցադրման` հայտնում եմ, որ նախկինում իմ կողմից հայտարարագրում կատարվել է լրացում՝ սահմանված ընթացակարգին համապատասխան: Ինչ վերաբերում է Ձեր կողմից բարձրացված 2-րդ հարցադրմանը, ապա պետք է նշեմ, որ իմ գույքի եւ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված կարգով եւ ժամկետներում հայտարարագրվում է»: Այսինքն, սա ասելու համար՝ Պապիկյանի 30-օրյա ժամկետ ու ուսումնասիրություններ էին պետք:

Արարատ Միրզոյան

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ըստ ներկայացրած հայտարարագրի, հեղափոխությունից հետո՝ 2018-ի հոկտեմբերին Երեւան Քաղաքի Աջափնյակ համայնքում ձեռք է բերել բնակարան: Եվս մեկ անշարժ գույք ձեռք է բերել վերջերս: Քանի որ մամուլում մեծ աղմուկ բարձրացավ Քասախի Մուշ փողոց 69/1, 69/2 հասցեներում 112 մլն դրամով նրա գնած նոր առանձնատան հետ կապված եւ ընդդիմադիրների կողմից հարցադրումներ ու կասկածներ են հնչում այդ գործարքի հետ կապված, խնդրել ենք պարզաբանել՝ ի՞նչ գրավադրում է կատարել, որ «Հայէկոնոմբանկը» տրամադրել է 345 մլն դրամի վարկային հնարավորություն, արդյոք ունի՞ 8 մլն դրամը գերազանցող թանկարժեք իրեր, գույք, որը վերջին հայտարարագրում առկա չէ, բայց պետք է ներառի նոր հայտարարագրում, «Հայէկոնոմբանկի» հետ գործարքում չարաշահե՞լ է պաշտոնական դիրքը եւ վերջապես ի՞նչ միջոցներով է հեղափոխությունից հետո գնել վերը նշված բնակարանները Երեւանում եւ Քասախում:

Մարտի 6-ին ուղարկված այս հարցմանը մարտի 17-ին, այսինքն, դարձյալ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի խախտմամբ պատասխան ենք ստացել. «Հայտնում ենք, որ անշարժ գույքը ձեռք է բերվել հիփոթեքային վարկով: Կարեւորելով թափանցիկությունը եւ հաշվետվողականությունը հանրության առաջ՝ նախարար Միրզոյանը, ինչպես նաեւ իր հետ փոխկապակցված անձինք օրենսդրության սահմանված կարգով ներկայացնում են գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր»:

Թե ինչ միջոցներ է հայտարարագրել Միրզոյանը, արդեն նշեցինք, իսկ որպես ծախս նա հայտարարագրում նշել է միայն վարկի մարմանն ուղղված վճարումները՝ 4.8 մլն դրամ: Իսկ նրա հետ փոխկապակցված անձը՝ կինը որեւէ ծախս չի հայտարարագրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031