Լրահոս
Օրվա լրահոսը

«Արեւմուտքի տարբերակ չկա․ ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին համաձայնել ենք, Ադրբեջանը՝ ոչ»․ Արարատ Միրզոյան

Մարտ 24,2023 17:32

«Տխուր լուր ունեմ, պարոն Միրզոյան, երկու ամիս է՝ ՀՀ անվտանգության խորհուրդը չի արձագանքում պատգամավորի դիմումին՝ ծանոթանալու համար ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրին։ Հիմա կասեք ես ի՞նչ կապ ունեմ։ Այնքանով, որքանով տեւական ժամանակ նախ ԱԳՆ-ում եմ փորձել ծանոթանալ հայկական կողմի առաջարկներին եւ Ադրբեջանի լրացումներին, բայց մնացել եմ անպատասխան։ Յոթը փակի տակ եք պահում այդ պայմանագիրը։ Հիմա վերջիվերջո կարո՞ղ եք պատասխանել՝ կա՞ մի բան, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության»,-ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Շատ հարցերի շուրջ ոչ իդեալական, բայց փոխընդունելի ձեւակերպումներ հաջողվել է գտնել։ Փոխզիջումային տեքստեր ձեւակերպվել են։ Ցավոք, սա ոչ հիմնական եւ ոչ առանցքային հարցերին է վերաբերում։ Առաջնային կարեւոր հարցերը քննարկումների փուլում են։ Հիմնական մասի վերաբերյալ կողմերի դիրքորոշումները հեռու են իրարից»։

Ագնեսա Խամոյանը նաեւ հարցրեց՝ խաղաղության պայմանագրի ո՞ր տարբերակն է քննարկվում՝ արեւմտյան, թե ռուսական։

Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Միջնորդություն չկա, բանակցությունները համարվում են երկկողմ՝ որեւէ երրորդ երկրի կազմակերպմամբ։ Մենք մանրամասներին տեղեկացնում ենք ԵԱՀԿ երկրներին։ Արեւմուտքի տարբերակ չկա։ Ընթացքում եղել է ռուսական տարբերակ, որին համաձայնել ենք, Ադրբեջանը՝ ոչ։ Մնացածը հայ-ադրբեջանական տարբերակ է։ Հավաքական արեւմուտքը մեզ տարբերակ չի առաջարկել։ Կրկին հրավիրում եմ ձեզ ԱԳՆ, որովհետեւ խնդիր չեմ տեսնում։ Մտավախությունս այն է, որ վաղաժամ կամ սխալ պատկերացում կարող եք ունենալ այս կամ այն մտքի դեպքում։ Բայց ընդհանուր գծերի մասին կարող եք ծանոթանալ»։

Ագնեսա Խամոյանը նկատեց․ «Արեւմուտքն ասում է, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում, իսկ ՌԴ-ն կողմ է Արցախի կարգավիճակը հետագային թողնելուն»։

Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «Էլի եմ լսել սահմանումներ, որ ՌԴ-ն ու արեւմուտքը նման առաջարկներ ունեն, բայց սահմանումը ճշգրիտ չէ արեւմուտքի մասով։ Ռուսական տարբերակը ենթադրում է ԼՂ-ի․․․ինչ-որ պահ քննարկվել է եւ մերժվել։ Կարգավիճակի պարզաբանում է ենթադրում հետագայում։ Իսկ ներկայիս գործընթացը ենթադրում է ԼՂ իրավունքների եւ անվտանգության հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծում, որում տեղի կունենա ԼՂ-ի իրավունքների եւ անվտանգության հարցերի հասցեագրում, քննարկում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»։

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031