«Այս զեկույցը բավականին թույլ էր այն հակաժողովրդավարական քայլերի, համատարած կոռուպցիայի հետ համեմատած, որն այսօր տիրում է ՀՀ իշխանական համակարգում,- «Հայելի» ակումբում հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած՝ Մարդու իրավունքների մասին 2022թ․ զեկույցին, որում մանրամասն անդրադարձ կա նաև Հայաստանին:
Մինչ զեկույցի մասին մանրամասն խոսելը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, թե պատերազմը պարտվել ենք, քանի որ բանակում գործել է հինգերորդ շարասյուն, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «2020-ին ՈԻԱԶ-իկ օպերացիայի ժամանակ էդ, որ Կուտուզովի «ասանկայով՞ Նիկոլը կանգնել ու հերոսի կոչումներ, մեդալներ էր հանձնում, խոսում էր մեր հզոր բանակի մարտականության մասին, դրանից երկու ամիս անց սկսվեց պատերազմ, այսօր էլ պարզվում է, որ մենք ընդհանրապես բանակ չենք ունեցել, ունեցել ենք հինգերորդ շարասյունով լեցուն բանակ։ Կամ, որ ասում էր՝ բանակը զենք չի ունեցել։ Եթե զենք չէր եղել, ապա դեկտեմբերի 9-ի՝ Բաքվի հաղթական շքերթում հինգ միլիոն բարձրակարգ զենքը, մեր ամոթի ռազմավարը, ո՞նց էր ցուցադրվում»։
Շարունակելով ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած զեկույցի թեման՝ Նաիրա Զոհրաբյանը փաստեց՝ սա դեռ 2022-ի զեկույցն է, երբ մի քանի ԶԼՄ-ներ դեռ չէին բացահայտել ու հրապարակել նախկինում վարկերով արդուկ, սառնարան գնող ընդամենը 72 հազար դրամ աշխատավարձ ստացող պատմության ուսուցչի՝ այժմ ՊՆ նախարարի, ԱԳ նախարարի, ԱԺ նախագահի և ՔՊ-ական պատգամավորների ունեցվածքի վերաբերյալ փաստեր․ «Այս ամենի անդրադարձը լինելու է ԱՄՆ պետքարտուղարության 2023-ի զեկույցում։ ԱՄՆ-ն, ում հոգեզավակն է Նիկոլը, ինչո՞ւ է որոշել անդրադառնալ և նշել, որ ՀՀ-ում կա համակարգային կոռուպցիա։ Այն աստիճանի է համակարգային կոռուպցիան ՀՀ-ում, որ անգամ պետդեպարտամետն այլևս չի կարողացել այս մասին չարձանագրել»։
Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով զեկույցից հատվածներ, նշեց․ «Զեկույցում շեշտվում է, որ ՀՀ-ում առկա է համակարգային կոռուպցիա բազմաթիվ ոլորտներում՝ ներառյալ շինարարություն, հանքարդյունաբերություն, պետական կառավարում, խորհրդարան, դատական համակարգ, գնումներ և պետական աջակցության ոլորտ։ Նաև մեղադրանքներ են հնչեցվել պետական պաշտոնյաների ներգրավմամբ պետական միջոցների յուրացման և կասկածելի բիզնես գործունեության վերաբերյալ։ Ես սա համարում եմ որոշակի առումով առաջընթաց, որ վերջապես ԱՄՆ պետդեպարտամենտը խոսել է, բայց արձանագրվածն ընդամենը մեկ տոկոսն է այն համակարգային կոռուպցիայի, որ կա ՀՀ-ում։ Առաջարկում եմ պարզ թեստ։ Վերցրեք ՔՊ պատգամավորների հայտարարագրերը, նայեք մինչև պատգամավոր դառնալը։ Օրինակ՝ մեկն ասում էր, որ ունի 47 000 դրամ, հետո նայում ենք, որ նա գնում է 65 հազար դոլարանոց բնակարան, մեքենաներ, հողամասեր։ Հիմա ես ուզում եմ, որ դուք բացատրեք այդ ֆոկուսը․ նման հայտարարագիր ունեցողը պատգամավորի աշխատավարձ, գումարած 250 հազար դրամ պարգևավճար, այդ գումարով ինչպե՞ս կարելի էր միանգամից «Երազ» թաղամասում բնակարան ունենալ։ Բազմաթիվ նախարարներ, պաշտոնյաներ այնտեղ ունեն հարկեր։ Նիկոլ Փաշինյանի բառապաշարով ասած՝ ըստ օդում կախված լուրերի՝ Գլենդելում կամ Լոսում ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ունի մարիխուանայի պլանտացիա, որտեղ գնում են ՀՀ շոուբիզնեսի ներկայացուցիչներ։ Ինձ դիմել են հայտնի դեմքեր, ասել, որ մենք պատրաստվում ենք լքել երկիրը, դուք այդ պաշտոնյայի հետ ունե՞ք հարաբերություններ, ասեք, որ ինձ այդ պլանի պլանտացիայում վերցնի աշխատանքի»։
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նաև փորձեց վերլուծել, թե ինչու ԱՄՆ պետդեպարտամենտը որոշեց անդրադառնալ ՀՀ-ում համակարգային կոռուպցիային․ «Ինչո՞ւ ԱՄՆ պետդեպը որոշեց թեթև ապտակել Նիկոլին։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր աշխարհաքաղաքական «շպագատը», ՌԴ-ի հետ իր սիլիբիլիները։ Այսինքն՝ ոտն ընկնում է ՌԴ, ասում է՝ մենք ընդունում ենք ձեր օրակարգը, ոտն ընկնում է Բրյուսել՝ ասում է հակառակը։ Դա արձանագրել է նաև Ալիևը՝ Թալիշում, հայտարարելով , որ Նիկոլ Փաշինյանը չի կարողանալու խուսափել իր բանավոր խոստումներից և այն գրավոր պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Պրահայում և Մյունխենում։ Ուստի Նիկոլ Փաշինյանի աշխարհաքաղաքական «տրյուկների» արդյունքում ԱՄՆ-ն ասում է՝ բավական է․ այլևս մենք աչք չենք փակելու»։
Անդրադառնալով ՀՀ կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Ամենազարհուրելին այն է, որ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Ալիևը խաբում է, խաղաղության պայմանագիրը չի երաշխավորում խաղաղություն, բայց վերջում եզրափակեց՝ ասելով, որ խաղաղության այդ պայմանագիրը մենք ստորագրելու ենք։ Ասում է՝ շատ վտանգավոր դրույթ է առաջ քաշում Ալիևը՝ խոսելով «Արևմտյան Ադրբեջանի» մասին՝ այսինքն՝ Զանգեզուրի մասին։ Այսինքն՝ ասում է, որ այդ սահմանազատման ժամանակ Սյունիքից ինչքան հատված ուզեն, տանելու են։ Սյունեցիներ, ձեզ եմ ասում, քանի որ ձեր մեջ կա որոշակի տոկոս, որ դեռ սատարում է Նիկոլին։ Այսինքն՝ Նիկոլն ասում է, որ ՀՀ-ն իր ստորագրությունը դնելու է մի փաստաթղթի տակ, որին հետևելու է Արցախի ցեղասպանություն, էթնիկ զտում, ՀՀ-ի տարածքային կորուստներ Սյունիքից և Գեղարքունիքից։ Եվ դա ինքն անելու է, քանի որ դրա այլընտրանքը լինելու է պատերազմ։ Այսօր մեր բոլոր պետական ինստիտուտները գտնվում են զրոյական մակարդակում։ Նիկոլի բառերով ասած՝ Ադրբեջանն ուժեղ է, որովհետև ունի այնպիսի ուժեղ դաշնակից, ինչպիսին Թուրքիան է, իսկ մենք այսօր չունենք դաշնակից։ Դա ո՞ւմ պատճառով, Նիկոլ, քո պատճառով։ Երբ դու երկիրը հասցրել ես այն վիճակի, որ ինքնիշխան ՀՀ-ի երկրի ղեկավարի վրա կարող է «պրիկոլներ» անել ՌԴ ԱԳՆ-ի ընդամենը մամուլի խոսնակը՝ Մարիա Զախարովան, իրեն թույլ կարող է տալ քեզ հեգնել։ Դա մեզնից յուրաքանչյուրի, ՀՀ-ի նվաստացումն է»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ