Գառնիի տաճարը կառուցվել է 1-ին դարի երկրորդ կեսին: Դա են ապացուցում մատենագիտական վկայությունները, վիմագիր նյութերը, կառուցվածքային առանձնահատկությունները և ճարտարապետական ոճի ուսումնասիրությունները: Տաճարը կառուցվել է կապտավուն բազալտի կտորներից: Որմնաշարն առանց շաղախի է: Քարերն ինչպես հորիզոնական, այնպես էլ ուղղաձիգ ուղղությամբ ամրացվել են երկաթե գամերով, իսկ միջնահանգույցները լցվել են կապարով:
Տաճարի ճակատի ամբողջ լայնությամբ ձգվում են ինը շարք աստիճաններ: Դրանց երկու կողմում գտնվող պատվանդաններին քանդակված են մեկ ոտքին ծնկած և ձեռքերը վեր պարզած կերպարներ: Ամենայն հավանականությամբ, պատվանդանների վրա ժամանակին դրվել են զոհարաններ: Կառույցը շրջապատված է 24 սյունով, որոնք խորհրդանշում են օրվա 24 ժամը:
Գառնիի տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին, որը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախ պատկերվել է ցլի (խավարի) դեմ մաքառելիս։ Սրահի ներսում գոյություն ունեցող խորանի պատվանդանին դրված է եղել ցլի հետ մարտնչող Միհրի արձանը: Տաճարը կանգուն է մնացել մինչև 1679 թ. ավերիչ երկրաշարժը:
Այն վերականգնվել է 1968-1976 թթ.` ըստ ճարտարապետ Ալ. Սահինյանի վերակազմության նախագծի:
Կարդացեք նաև
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ