Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Եղոյանը 5 մլն դրամով հողամաս է գնել Դիլիջանում. «Տնամերձ հող է, դա էլ իմ աշխատավարձով, էլի, եթե կարելի է»

Մարտ 24,2023 16:12

Տեղեկացրել ենք, Aravot.am-ը տեղեկատվության հարցում է արել մի շարք պաշտոնյաների, թե ինչպես են պատերազմից հետո ձեռք բերել իրենց բնակարանները, հողամասերը, շարժական գույքն ու թանկարժեք նվերները:

ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2019-ի փետրվարին, ունեցել է 2,8 մլն դրամ: Շարժական, անշարժ գույք չի ունեցել: 2020-ին ձեռք է բերել հողամաս Դիլիջանում, 2021-ին ձեռք է բերել բնակարան, ավտոտնակ Քանաքեռ Զեյթունում, համենայնդեպս, հայտարարագրում նշված է՝ «գնում»: Պատգամավորը պարզաբանեց. «Կարող եք գրել՝ Քանաքեռ Զեյթունի Դավիթ Անհաղթ 19, բնակարան 12-ն է, ձեռք չեմ բերել, ժառանգել եմ հորս մահից հետո: Իմ տունը, որտեղ ես ապրում եմ եւ որը պատկանում էր հորս, իր մահվանից հետո ժառանգել եմ: Նաեւ ավտոտնակը պատկանում էր հորս: Դա այն տունն է, որտեղ ես մանկուց ծնվել, մեծացել եմ, 1987 թվականին ստացված տուն է, իմ հայրական տունն է: Հայրս մահացել է 2019-ի նոյեմբերին»:

Հետաքրքրվեցինք՝ Դիլիջանի հողը ի՞նչ նշանակության է, ի՞նչ մակերեսով եւ ի՞նչ արժե: Նա պատասխանեց. «Տնամերձ հող է, դա էլ իմ աշխատավարձով, էլի, եթե կարելի է: 1800 մետր է՝ Այգեստան 3/10 հասցեում: Այս պահին չեմ օգտագործում, դատարկ հող է, նշանակությունը՝ տնամերձ, ձեռք եմ բերել 5 մլն դրամով»:

Հռիփսիմե Գրիգորյան

ՔՊ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը 2020-ին նվիրատվություն է ստացել հողամաս եւ ավտոկայանատեղի՝ Երեւանի կենտրոնում: Բացի այդ, հայտարարագրում նշված է, որ նրա ամուսինը 8 մլն-ը գերազանցող անշարժ գույք է նվիրել պատգամավորին 2020-ին: Հարցում էինք արել՝ ինչո՞վ է պայմանավորված բարձրաստիճան պետական պաշտոնյային կենտրոնում հողամասի եւ ավտոկայանատեղիի նվիրատվությունը, ո՞վ է նվիրատուն, ազգակցական կամ այլ ի՞նչ կապ ունի իր հետ, չկա՞ արդյոք կոռուպցիոն ռիսկ, պաշտոնական դիրքի չարաշահում եւ մասնավորապես ի՞նչ թանկարժեք գույք է նվիրել նրա ամուսինը:

Հռիփսիմե Գրիգորյանը պարզաբանել է. «Բնակելի տուն կառուցելու նպատակով ամուսնուս ընտանիքին պատկանող հողամասի մի հատվածը, ամուսնուս տատիկը նվիրաբերել է ամուսնուս, վերջինս էլ՝ ինձ՝ միասին դիմելու հիփոթեկային վարկի՝ իբրեւ համավարկառուներ:

Հողամասի վրա մինչեւ տան շինարարության սկսելը առկա էր կիսակառույց ավտոտնակ, որը շինարարական աշխատանքների սկսելուց հետո ապամոնտաժվել է, սակայն պահպանված է սեփականության վկայականում, ուստի եւ հայտարարագրված է:

Հայտարարագրում նշված 8 մլն-ը գերազանցող գույքը վերը նշված հողամասն է, որը նվիրաբերել է ամուսինս, արժեքը գնահատել է բանկը՝ հիփոթեկ ձեւակերպելու գործընթացում, որի հիման վրա տրամադրվել է հիփոթեկը (առկա է ամուսնուս հայտարարագրում, քանի որ ամուսինս եւս հայտարարատու անձ է), նվիրատվության նպատակը՝ իբրեւ ամուսիններ դառնալ համասեփականատերեր եւ դիմել հիփոթեկի՝ տան կառուցման համար: Կարող եմ ասել, որ հողամասը 1940-ականներին ձեռք է բերել ամուսնուս պապը Լիբանանից Հայաստան հայրենադարձվելուց հետո եւ դրա մի հատվածում կառուցել է տուն, որտեղ այժմ էլ բնակվում է ամուսնուս ընտանիքը: Նույնն հողամասի մյուս մասում, որի համասեփականատեր ենք այժմ ես ու ամուսինս, հիփոթեկային միջոցներով կառուցում ենք տուն, որի շինարարությունը դեռեւս ավարտված չէ»:

Այլ պաշտոնյաների պարզաբանումների մասին՝ հաջորդիվ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031