«Հետք». Արամ Կարամանուկյանը 2022 թվականի սեպտեմբերին ձեռք է բերել Ռուսաստանի առաջատար կիբերսպորտային ակումբներից մեկը՝ Virtus.pro-ն։ Սկզբում նա ստանձնել է նաև ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը (ամիսներ անց այլ տնօրեն է նշանակվել) և այդ մասին հայտնել թվիթերյան իր էջում։
Օրեր առաջ՝ 2023-ի մարտի 17-ին, ռուսաստանյան մամուլը գրեց, որ ակումբը վաճառվել է 174 մլն ռուբլով (մոտ 2.8 մլն ԱՄՆ դոլար գործարքի ժամանակ եղած փոխարժեքով)։
Արամ Կարամանուկյանը նախկին բանկիր, ներկա գործարար Ներսես Կարամանուկյանի որդին է, աշխատում է կառուցապատման և հյուրանոցային ոլորտներում
Արամ Կարամանուկյանի հայրը՝ Ներսես Կարամանուկյանը, Հայաստանի բանկային ոլորտում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ 2009-2011թթ. եղել է Արդշինինվեսբանկի վարչության նախագահ, հետո՝ Անելիք Բանկի (ներկայում՝ ԱյԴի Բանկ) վարչության նախագահ, աշխատել է նաև միջազգային ֆինանսական կորպորացիաներում։
2011-2012թթ. եղել է Ամուլսարի հանքի շահագործման նախագծի հեղինակ «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն: Ներկայում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնող «ԱԳԱՊԵ Հայաստան» ընկերության (Արմենիան Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք.) տնօրենների խորհրդի անդամ է, ինչպես նաև՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահը։
Որդին՝ Արամ Կարամանուկյանը, ըստ Պետական ռեգիստրի տվյալների, այժմ կառուցապատող «Դի ընդ էյջ գրուպ» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչպես նաև նույն ընկերության սեփականատերերին փոխկապակցված «Բրենդեն հոթել» ՍՊԸ-ի տնօրենն է, որի գործունեության ոլորտը հյուրանոցային տնտեսությունն է։
Եվ, վերջապես, Արամ Կարամանուկյանը համասեփականատեր է «ՎՊ եսպորտ» ՍՊԸ ընկերությունում: Այն հիմնադրվել է 2022 թվականի հուլիսին: Անունը և հիմնադրման ամիսը հուշում են, որ այս ընկերության միջոցով են Կարամանուկյանը և նրա գործընկերը կազմակերպում Virtus.pro-ի գործունեությունը Հայաստանում։
«Virtus.pro-ն իմ անձնական բիզնեսն է, որտեղ ես սեփականատեր եմ։ Իսկ մյուս բիզնեսներում ես աշխատում եմ աշխատանքային հիմունքներով։ Այդ բիզնեսները որևէ կապ չունեն Virtus.pro-ի հետ»,- «Հետք»-ի հետ զրույցում շեշտեց Արամ Կարամանուկյանը։
Լուսանկարը՝ Արամ Կարամանուկյանի թվիթերյան էջից
Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: