Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՄՍ նախարարը՝ ռուսական դպրոցներ բացելու Լավրովի առաջարկի մասին

Մարտ 24,2023 12:46

«Մեր երկրում պետական լեզուն մեկն է, եւ դա հայերենն է: Ինչ վերաբերվում է համատեղ ծրագրին ռուսական կողմի հետ, որը պետք է լինի հանրակրթական մակարդակում որոշակի հաստատությունների ձեւաչափով, դեկտեմբերին կայացավ հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որտեղ հստակ արձանագրվեց, որ պետք է քննարկենք դրա կոնցեպտը»,- ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ մի քանի օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կրկին հիշատակել է Հայաստանում ռուսական դպրոցների գործարկման անհրաժեշտությանը, ի՞նչ մտադրություններ ունի Հայաստանն այս առումով:

«Դրա նպատակով պետք է ձեւավորվի աշխատանքային խումբ, աշխատանքային խումբն արդեն ձեւավորվել է թե ռուսական, թե հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպիսի համատեղ նախագծի մասին կարող է խոսք լինել, ինչը ես հնչեցրել եմ: Ունենք շատ լավ համատեղ ծրագրի օրինակ՝ հայ-չինական դպրոցի մասով, որտեղ ենթակառուցվածքների մասով Չինաստանի կառավարությունն արել է մեծ ներդրում, կառուցվել է դպրոցական նոր շենքը, հագեցվել է սարքավորումներով, գույքով, այնուհետեւ համատեղ աշխատանք ենք անում բովանդակության մասով: Այսինքն` այս դպրոցում կա չինարենի, ինչպես նաեւ Չինաստանի մշակույթի, պատմության ուսուցման հնարավորություն, ու մասնագետներ են գործուղվում Չինաստանի կառավարության կողմից, ֆինանսական հավելյալ օժանդակություն է տրվում: Սա այն է, ինչ մենք արդեն իսկ ունենք որպես համատեղ ծրագրի օրինակ, ինչը ռուսական կողմին արդեն իսկ ներկայացրել ենք:

Երկրորդ հնարավորությունը, որ քննարկել ենք հետեւյալն է. Ռուսաստանի Դաշնության կողմից քաղաքացիների մեծ հոսք է եղել մեր երկիր՝ վերջին տարվա ընթացքում: Եթե այդ քաղաքացիների համար կրթության կազմակերպման անհրաժեշտություն կա, որպեսզի հնարավորություն ունենան սովորելու, այսպես կոչված, ռուսական դպրոցում, որը նրանց հետո հնարավորություն կտա հետագա կրթության շարունակմանը, սա, իհարկե, նույնպես կարող ենք քննարկել: Հիմա ընթանում են քննարկումները, արդյունքների մասին վստահաբար կներկայացնենք: Քննարկումները, բնականաբար վարում ենք մեր օրենսդրության շրջանակներում»,-ասաց նախարարը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031