Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը

Մարտ 24,2023 12:34

Ս.թ. մարտի 23-ին ավելի քան 65 կոնգրեսականներ համահովանավորեցին մի նամակ, որն առաջնորդել էր Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) և որում նախանշվում են կոնգրեսական հիմնական առաջնահերթություններ Հայաստանի և Արցախի համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Ներկայացուցիչների պալատի Արտաքին գործառնությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիազ-Բալարտին (Հանրապետական, Ֆլորիդա) և ավագ անդամ Բարբարա Լիին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) ուղարկված երկկուսակցական նամակով մասնավորապես կոչ է արվում 100 միլիոն դոլարի օգնություն տրամադրել Հայաստանին, 50 միլիոն դոլարի օգնություն՝ Արցախին, 2 միլիոն դոլար՝ ականազերծման ջանքերի համար, ինչպես նաև ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանձևի կիրառում և հայ ռազմագերիներին ու գերեվարված քաղաքացիական անձանց ազատ արձակում, ովքեր պետք է ազատ արձակվեին 2020թ.-ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության պայմանների համաձայն։

Վկայակոչելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի «անմարդկային» և ապօրինի շրջափակումը, որն արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է, նամակում ընդգծվում է, որ տարածաշրջանի հայ ժողովուրդը գտնվում է «մարդասիրական ճգնաժամի եզրին», որը «սպառնում է երկարատև հետևանքներ ունենալ տարածաշրջանի անվտանգության վրա»:

Մինչ հայ ժողովուրդը դեռ փորձում է վերականգնվել «ծանր ճգնաժամներից, որոնք ի հայտ եկան 44-օրյա մահաբեր պատերազմի հետևանքով», որն Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, 2020թ.-ի սեպտեմբերին սանձազերծեց Արցախի դեմ, նամակում ընդգծվում է, որ Լաչինի միջանցքի շրջափակման և բժշկական ծառայությունների, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիության խափանման այս շարունակական «դաժան գործողությունները» ստեղծել են «անհաղթահարելի կարիքներ», և հետևաբար «ԱՄՆ կառավարության կողմից մինչ օրս տրամադրված օգնությունը լիովին անբավարար է»:

Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու և տարածաշրջանում ժողովրդավարությունը պաշտպանելու նպատակով նամակում նաև կոչ է արվում աջակցություն տրամադրել Հայաստանին՝ «պաշտպանելու իրենց ինքնիշխանությունn» ընդդեմ մշտական «ադրբեջանական էքսպանսիայի և ավտորիտարիզմի»: «Կարևորագույն ներդրումը» կհիմնվի Հայաստանին և Արցախին տրամադրված նախկին աջակցության վրա և էլ ավելի կամրապնդի ԱՄՆ-Հայաստան հարաբերություններն ու գործընկերությունները։

Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցության դադարեցումը նամակում ընդգծված ևս մեկ կետ է, որտեղ ասվում է, որ «միանգամայն պարզ է, որ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության Ակտի 907 Բանաձևի շարունակական կասեցումը Ադրբեջանի ագրեսիայի չդադարող քաղաքականության ֆոնին՝ քաջալերել է այս բռնի վարքագծի մոդելը»:

Անցնելով Արցախի վրա նախագահ Իլհամ Ալիևի 2020թ.-ի դաժան հարձակման հետքերով, 2018 և 2019 ֆինանսական տարիներին 333 Բանաձևի «Գործընկերային կարողությունների ամրապնդման ծրագրի» միջոցով անվտանգության ոլորտում ավելի քան 100 միլիոն դոլարի աջակցություն ստանալուց շատ ժամանակ չանցած, նամակում ասվում է, որ «Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելը վաղուց ուշացած գործ է և պետք է սկսվի նրանից, որ Կոնգրեսը խրախուսի վարչակազմին ամբողջությամբ կիրառել 907 Բանաձևը, սահմանափակելով վարչակազմի լիազորությունները՝ կասեցնել այս օրենքը և օրենսդրական արգելքներ սահմանելով ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող ցանկացած նոր կամ ընթացիկ ռազմական կամ անվտանգային օգնության համար»:

«Համագումարը բարձր է գնահատում ավելի քան 65 կոնգրեսականներին, ովքեր միացան այս խիստ կարևոր նամակին, որը նախաձեռնեցին կոնգրեսական Փալոնը և Հայկական հարցերով հանձնախումբը»,– ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը, ով վերջերս Համագումարի անունից վկայություն հանձնեց՝ ամրապնդելով այս պահանջով նամակը և կոչ անելով Կոնգրեսին՝ օգնել կանխել երկրորդ Հայոց ցեղասպանությունը: «Մինչ հայ ժողովուրդը շարունակում է դիմակայել մարդասիրական ճգնաժամին և ցեղասպանական սպառնալիքներին, Հայաստանին և Արցախին օգնության ապահովումը, Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցումը և հայ ռազմագերիների ազատ արձակումը հրամայական են։ Մեր հավաքական ջանքերն էլ ավելի ուժեղացնելու համար մենք խրախուսում ենք համայնքին մասնակցել գալիք Քարոզչական գագաթնաժողովին ու մեր ձայնը լսելի և մեր ներկայությունը ճանաչված դարձնել Կոնգրեսի դահլիճներում»:

Ավելի վաղ այս ամիս վարչակազմը հրապարակեց իր 2024թ.-ի ֆինանսական տարվա բյուջեն, որում առաջարկվեց մոտ 47 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և 10 միլիոն դոլար՝ Ադրբեջանին:

Բացի կոնգրեսական Փալոնից, Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովին ուղղված նամակը ստորագրեցին հետևյալ կոնգրեսականները. Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գաս Բիլիրաքիս (Հանրապետական, Ֆլորիդա), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լինդա Սանչես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Քեյթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջիմ ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյք Օշինքլոս (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լորի Տրահան (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նևադա), Փոլ Տոնկո (Դեմոկրատ, Նյու Յորք), Զոու Լոֆգրեն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էրիկ Սվալուել (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջեն Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քևին Մալին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ռաջա Կրիշնամուրթի (Դեմոկրատ, Իլինոյս), Ջուդի Չու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Չելի Փինգրի (Դեմոկրատ, Մեյն), Նանեթ Բարագան (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնս (Դեմոկրատ, Մերիլենդ), Սյուզան Ուայլդ (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Ռաշիդա Թլաիբ (Դեմոկրատ, Միչիգան), Մայք Լաուլեր (Հանրապետական, Նյու Յորք), Ջարեդ Գոլդեն (Դեմոկրատ, Մեյն), Հեյլի Սթիվենս (Դեմոկրատ, Միչիգան), Ռոբ Մենենդեզ կրտսեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Դոնալդ Փեյն (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Սեթ Մեգազիներ (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սիդնեյ Կամլագեր-Դով (Դեմոկրատ, Կալիֆորնիա), Դեյվիդ Սիսիլին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Սթիվեն Լինչ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյմի Ռասկին (Դեմոկրատ, Մերիլենդ), Էբիգեյլ Սպանբերգեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Բրայան Հիգինս (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջիմի Գոմես (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Նիկի Բուդզինսկի (Դեմոկրատ, Իլինոյս), Նիքոլա Մալիոտակիս (Հանրապետական, Նյու Յորք), Քրիսի Հուլահան (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Խոակին Կաստրո (Դեմոկրատ, Տեխաս), Լու Կորեա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սթիվեն Հորսֆորդ (Դեմոկրատ, Նեվադա), Ռիչարդ Նիլ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Դոն Բայեր (Դեմոկրատ, Վիրջինիա), Իլհան Օմար (Դեմոկրատ, Մինեսոտա), Բրիտանի Պետերսեն (Դեմոկրատ, Կոլորադո), Քրիս Պապաս (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Լիզի Ֆլետչեր (Դեմոկրատ, Տեխաս), Ջերեդ Հաֆման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դիանա ԴեԳետ (Դեմոկրատ, Կոլորադո), Ջիմի Պանետա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեն Կիլդի (Դեմոկրատ, Միչիգան), Դոնալդ Նորքրոս (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Մայք Լևին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Լոյդ Դոգեթ (Դեմոկրատ, Տեխաս), Էլենոր Նորթոն (Դեմոկրատ, ք. Վաշինգտոն), Մերի Գեյ Սքանլոն (Դեմոկրատ, Փենսիլվանիա), Բրեդ Շնայդեր (Դեմոկրատ, Իլինոյս), Ջիմ Հայմս (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Շիլա Ջեքսոն Լի (Դեմոկրատ, Տեխաս), Դարեն Սոտո (Դեմոկրատ, Ֆլորիդա), Ռոբերտ Գարսիա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Սալուդ Քարբախալ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոնաթան Ջեքսոն (Դեմոկրատ, Իլինոյս):

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031