Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի քաղաքական դաշտը շատ սահմանափակ մտածողություն ունի, բացարձակապես խմբային շահի թելադրանք կա. Կարին Տոնոյան. «Հրապարակ»

Մարտ 24,2023 11:15

Հարցազրույց հասարակական գործիչ, 5165 շարժման նախկին առաջնորդ Կարին Տոնոյանի հետ։

– Դուք հայտարարեցիք, որ հեռանում եք քաղաքականությունից, սակայն շարունակելու եք պայքարը քաղաքականությունից դուրս։ Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրիք։

– Հայաստանում այս պահին քաղաքական դաշտն ամուլ է, էական ոչինչ տեղի չի ունենում։ Եթե անկեղծ խոստովանենք, բոլորը շվարած են եւ չգիտեն, թե ինչ անել, բայց չեն կարող դա խոստովանել, որովհետեւ փակուղի է մտել բոլոր խմբերի ամբողջ քաղաքական գործունեությունը։ Ժողովրդի մեջ քաղաքականության նկատմամբ ձեւավորված նեգատիվը խանգարում է, ինձ առավել քան խանգարում էր ցանկացած ոլորտում, անգամ հենց քաղաքականության մեջ խանգարում էր իմ՝ քաղաքական դեմք լինելը։ Որպեսզի ես իմ ձեռքերն ազատեմ այդ շուռի-մուռի գալուց, որովհետեւ քաղաքականության մեջ միշտ ասում են՝ սա կարելի է, սա չի կարելի, սա թիմի հետ պիտի քննարկել։ Այսինքն՝ ինքը թիմային աշխատանք է, խմբային է, ինչքան էլ ուզես ամեն ինչ ծառայեցնել հայրենիքին, միեւնույն է, պիտի անպայման հաշվի առնես խմբային շահը։

– Այսինքն՝ ներսում անհամաձայնություննե՞րն են եղել պատճառը։

– Ոչ, ոչ․․․ այսպես ասեմ, ոչ թե անհամաձայնություններ, այնուամենայնիվ, բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ իմ նկատմամբ միշտ եղել է մեծագույն հարգանք մեր տղաների կողմից, որի համար շնորհակալ եմ, բայց, օրինակ, համագործակցության նոր ձեւ էր սկսվել՝ «Համախմբումը», որն ընդլայնվում էր, որտեղ պարտադիր էին հանդիպումներ այլ խմբերի հետ, որոնց հետ ես սկզբունքային հակասություններ ունեի։ Դուք գիտեք իմ դիրքորոշումը նախկին քաղաքական ուժերի նկատմամբ։ Ես միշտ բարձրաձայն հայտարարել եմ, որ ես իրենց պակաս մեղավոր չեմ համարում այս իրավիճակի համար, եւ ստացվում էր, որ այդպես անընդհատ դու պիտի զգուշանաս, որովհետեւ այս պահին մեր գլխավոր մեղավորը, թշնամին գործող իշխանությունն է, մյուսների նկատմամբ հիմա՝ արժի-չարժի։ Այսպիսի բաներ։ Ես՝ ինքս, միշտ կողմնակից եմ եղել անկեղծությանն ու բաց խոսքին եւ երբեք չեմ ընդունել, որ կարելի է կես ազնիվ լինել կամ կես բաց լինել։ Ինձ համար այդ երկու տարվա քաղաքական կյանքի մասնակցությունը, որովհետեւ ես չեմ համարում, որ ես դարձա քաղաքական գործիչ այդ երկու տարում, համենայնդեպս, այդ ոլորտում լինելն ինձ հուշեց մի բան, որ ազատ մարդը շատ կդժվարանա քաղաքականություն կոչվող այնպիսի միջավայրում, ինչպիսին Հայաստանում է։ Գուցե այլ երկրներում դա ավելի հեշտ է, չգիտեմ, բայց Հայաստանի քաղաքական դաշտը շատ սահմանափակ մտածողություն ունի, բացարձակապես խմբային շահի թելադրանք կա Հայաստանի քաղաքական դաշտում։ Իսկ ես, կներեք, մտել էի այդ դաշտ միմիայն հայրենիքի շահի համար պայքարի նպատակով։ Ես զգացի, որ կաշկանդում է ինձ այդ՝ «քաղաքական գործիչ» տերմինն անգամ, որ գրվում է։ Եվ բացատրեցի դա տղաներին․ մեր հարաբերությունները մնում են շատ-շատ լավ, իրենք էլ՝ շատ շնորհակալ եմ, ինձ հասկացան, որ անգամ իրենց ես շատ ավելի օգտակար կլինեմ դրսից, քան ներսից։ Բավական երկար քննարկումներից հետո, այսպես ասեմ, ես իրենց համոզեցի, որ իմ տեսակին քաղաքականությունը խեղճացնում է։

– Կարո՞ղ եք մի քանի անուններ նշել, որոնք կարող են լինել ընդդիմության միասնական թեկնածու, որոնք շանսեր ունեն հաղթելու։

– Անկեղծ ասած՝ ես այս պահին չեմ կարող թեկնածու ասել։ Չնայած քաղաքական գործիչները պնդում են, որ թեկնածուն պարտադիր պիտի լինի ճանաչված դեմք, քաղաքական գործիչ, ես այդ կարծիքին չեմ։ Կարելի է գտնել անգամ քաղաքապետարանում աշխատած, փորձ ունեցած նախկին փոխքաղաքապետերից եւ այլն, ու նրան դարձնել ճանաչելի։ Այստեղ էականը նույնիսկ շատ ճանաչված մարդ կամ քաղաքական գործիչ լինել-չլինելը չէ, ի վերջո, փոխքաղաքապետերը կարող են լինել հենց այդպիսի մարդիկ, եւ նրանց շատ օգնեն փորձ ունեցողները։ Կարեւորը՝ որ միասնական թեկնածու լինի եւ կարողանա ընտրություններում հաղթել։ Մենք շատ լավ գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը պարտվեց Երեւանում, եւ, այնուամենայնիվ, այսօր հնարավոր է Երեւանում վճռվի Հայաստանի հաջորդ ընտրությունների ճակատագիրը։ Սա շանս է բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն է մեր գլխավոր խնդիրը։ Հետեւաբար, եթե սա շանս է, եւ դու շանսը չես օգտագործում, ինչ պատճառաբանություն էլ ուզում ես բեր, ուրեմն նվազագույնը՝ անկեղծ չես քո նպատակների, քո շահերի մեջ եւ դու չես կարողանում Հայաստանի, հայրենիքի շահը վեր դասել քո խմբային շահերից։ Այդ մասին Նժդեհը փայլուն է ասել, եւ եկել է պահը՝ ապացուցելու։ Հակառակ պարագայում կստացվի, որ Հայաստանում կուսակցությունները խաղում են միայն պառակտիչ դեր՝ պաշտպանելով իրենց խմբային շահը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031