Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 2023-ի մարտի 16-ի առավոտյան նիստում ԼՂ-ի վերաբերյալ քննարկում էր հրավիրել՝ ընդառաջելով «Ապահովել Հայաստանի գոյատեւումը» վերնագրյալ Ժնեւի 2022-ի կանտոնալ նախաձեռնությանը, որին միացվեց պատգամավոր Շառլ Ժույիարի՝ կառավարությանն ուղղված հարցապնդումը՝ «Լեռնային Ղարաբաղ. կարո՞ղ է Շվեյցարիան կանխել հայ ժողովրդի հերթական ցեղասպանությունը»:
…Մարտի 16-ի քննարկմանը պատգամավորները զգուշացրին, որ իրավիճակը սրվում է: Արտգործնախարարը կարծիք հայտնեց, որ կանտոնի նախաձեռնությունը հակամարտության վրա ազդելու սխալ միջոց է: Այնուամենայնիվ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրավոր դիմումն ընդունվեց, որով կառավարությանը խնդրում են միջամտել՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի՝ Լաչինի միջանցքի բացման եւ Հայաստանի եւ ԼՂ-ի միջեւ օդային կամուրջ ստեղծելու նպատակին: «Իրավիճակը բարդ է, սակայն Շվեյցարիան շատ ակտիվ է», -ասաց արտգործնախարար Կասիսը:
Ադրբեջանական քարոզչական մեքենան, մասնավորապես apa գործակալությունը, անդրադառնալով մարտի 16-ի նիստին, հատկապես գոհ է, որ գործադիրը ադրբեջանական նավթից հրաժարվելու, դրա դեմ սահմանափակում կիրառելու պահանջը չի կատարել, մերժել է Ժնեւի կանտոնալ նախաձեռնությունը: Սակայն դիտարկելով նիստի ժամանակ հնչեցրած ձեւակերպումների սուր ընթացքը, դրանց հնարավոր շրջադարձը կանխելով, նախ քարոզչական ատելավառ աշխատանք է ծավալում, ապա հույս հայտնում, թե ԼՂ-ի վերաբերյալ հրատապ այս պահանջը մերժում կգտնի խորհրդարանի վերին պալատում՝ Ազգային Խորհրդում առաջիկա քննարկման ժամանակ: Ադրբեջանին հատկապես նեղացրել է խորհրդարանի ստորին պալատում հնչած կրկնվող պնդումը, թե «էթնիկ զտում է իրագործում, չի հարգում միջազգային մարդասիրական իրավունքը», եւ որ ԼՂ ինքնորոշման հարցը պիտի հետապնդվի:
Ըստ ադրբեջանական սույն գործակալության, «արտգործնախարար Կասսիսը փաստորեն նկատել է տվել, թե Շվեյցարիան չի կարող Ադրբեջանի դեմ դիրքորոշում ցույց տալ ՄԱԿ-ի ԱԽ-ում, ԵԱՀԿ-ում, ինչպես նաեւ միջազգային տարբեր հաստատություններում»: Իհարկե ադրբեջանական կնիքն է՝ փաստի խեղաթյուրում:
Կարդացեք նաև
Մարտի 16-ի նիստը՝ հպանցիկ հայացքով
Հայկական մամուլում չեն լուսաբանվել Շվեյցարիայի խոհրդարանում հնչած ելույթները, ուստի ուրվագծենք դրանք սեղմ շարադրանքով: Հարցապնդման հեղինակ Շառլ Ժույարը (Charles Juillard) հայտարարեց, թե իրեն մասամբ է բավարարել կառավարության՝ տարածաշրջանում առկա լարվածության վերաբերյալ մտահոգությունը, որ երկչոտ քայլ կարելի է համարել: «Մարդասիրական իրավիճակն աղետալի է, ռազմականը կարող է որեւէ պահի բռնկվել, ասաց պատգամավորը՝ նկատել տալով, որ Լաչինի միջանցքը բացելու պահանջը չի կատարվել: Ինչպե՞ս ակնկալել, որ ՌԴ-ն կկատարի պայմանավորվածությունները, երբ տեսնում ենք այդ երկրի գործողությունները մեկ ուրիշ ճակատում:
Նա կարծիք հայտնեց, թե լինելով Անվտանգության Խորհրդի անդամ, Շվեյցարիան կարող է ավելին անել: Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նման ուժեղ դաշնակիցներ ունենալով հնարավոր չէ՞ ավելի ուժեղ գործողություններ համակարգել, օրինակ՝ կապույտ սաղավարտավորների զորք ուղարկել, որ երաշխավորեն միջանցք մուտքը, ապաշրջափակեն այն՝ հատկապես մարդասիրական առումով: Նա հարց տվեց՝ նախատեսվե՞լ է որեւէ այլ միջոց, որը կարող է նվազեցնել ճնշումը, որն իսկապես կսատարի տեղի բնակիչներին:
«Կանաչների» խմբակցությունից Լիզա Մացցոնեն (Lisa Mazzone) էլ շեշտեց. «Ընդգծում ենք, որ իրավիճակն այնքան դրամատիկ է, որ մեզ չեն բավարարում այն պատասխանները, որոնք այս պահին տալիս է կառավարությունը: Շվեյցարիայի դիվանագիտական նոու-հաուի միջոցով հատկապես կուլիսներում փորձել խուսափել կամ որեւէ դեպքում մեղմել շարունակվող հակամարտությունների հետեւանքները: Արդյոք կառավարությունը տեղյա՞կ է ԼՂ-ի հայ բնակչության համար անցյալ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի շրջափակման հետեւանքների մասին: Անցել է մի քանի ամիս, իրավիճակը գնալով ողբերգական է դառնում, լուրջ հումանիտար ճգնաժամ է, որին պե՛տք է արձագանքենք: Շվեյցարիայի համար կարեւոր է դուրս գալ իր հարմարավետության գոտուց եւ ամեն ինչ անել երաշխավորելու ԼՂ-ի հայերի անվտանգությունը»,- ասաց պատգամավոր Մացցոնեն:
Այնուհետ նա հիշեցրեց 2006 թ-ին երկու շվեյցարացի խորհրդարանականների՝ Դոմինիկ դը Բյումանի եւ Ուելի Լոյենբերգերի այցը եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ին հասցեագրված դիմումը՝ դատապարտելու Ջուղայի հայկական գերեզմանոցի ամբողջական ոչնչացումը: «Ինչո՞ւ եմ նշում Նախիջեւանը: Դա մեկ այլ հայկական անկլավ էր, որը 1921 թ-ին Ստալինը տվել էր Ադրբեջանին, որն ամբողջությամբ հայաթափվել էր խորհրդային իշխանության 70 տարիների ընթացքում, որտեղ Բաքուն ոչնչացրեց հայկական ժառանգության բոլոր հետքերը: ԼՂ-ի հայ բնակչությունը 95 օր կտրվեց ամբողջ աշխարհից՝ Ադրբեջանի շրջափակման պատճառով, մտավախություն ունենք, որ իրավիճակը կրկնվում է: Հայաստանից եկող գազը, էլեկտրականությունը պարբերաբար անջատվում են, ԼՂ-ում փակ են դպրոցները: Խախտվում է կրթության իրավունքը, տուժում է 120.000 մարդ, որ համապատասխանում է Լոզանի բնակչության թվին: Այս ամենին գումարվում են բռնարարքները: Վերջերս ադրբեջանական զինուժը ԼՂ-ում դիվերսիոն գործողություն է իրականացրել՝ սպանելով երեք ոստիկանի»,- ասաց Մացցոնեն եւ նկատել տվեց, որ էթնիկ զտումների տեսանելի բոլոր հիմքերը կան:
Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: