ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող խորհրդարանական հանձնաժողովն է ղեկավարում, վերջերս ներկայացրել էր այն զինվորականների եւ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք չեն ներկայացել քննիչ հանձնաժողով:
Ըստ Քոչարյանի՝ այս անձինք կաշկանդված են, վախեցած են, քանի որ թաքցնելու բան ունեն, դրա համար էլ հրաժարվում են գալ ԱԺ:
Քոչարյանի թվարկած անձանց շարքում էին Տիրան Խաչատրյանը, ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ ինչու չի ներկայանում հանձնաժողով, եւ վերջինս ասաց, որ հանձնաժողով գնալու հրավեր չի ստացել, բայց ստանալու դեպքում էլ չի գնալու. «Ինձ հրավեր չեն ուղարկել: Ես բազմիցս ասել եմ՝ չեմ գնալու այդ հանձնաժողով»:
Հարցին՝ ինչու, պատասխանեց՝ կասկածում է հանձնաժողովի անաչառությանը։ Հակոբյանն ասաց. «Ես հավես չունեմ քննարկելու նրանց գործունեությունը, ինձ համար այդ հանձնաժողովը չկա»:
Ի դեպ, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որը պատերազմից հետո ԶՈՒ-ում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով գործընթաց էր նախաձեռնել, մարտի 16-ին մասնակցել էր քննիչ հանձնաժողովի նիստին, ինչից հետո Անդրանիկ Քոչարյանը դրվատանքի խոսքեր էր հնչեցրել նրա հասցեին: Նա ափսոսանք էր հայտնել, որ Օնիկ Գասպարյանը գլխավոր շտաբի պետի պարտականություններին անցավ ավելի ուշ, քան պետք էր, այլապես ՀՀ ԶՈւ բարեփոխումների մի մեծ ճանապարհ անցած կլիներ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։