Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Այվազյան՝ դժբախտ կերպարներ, երջանիկ ընտանիք

Մարտ 24,2023 12:30

Վերդիի «Աիդա» օպերան Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյա պատմության ընթացքում ընդամենը երկու բեմադրություն է ունեցել. 1941թ. իրականացրել են ռեժիսոր Արմեն Գուլակյանն ու բեմադրող դիրիժոր Միքայել Թավրիզյանը եւ 2010-ին՝ իտալացի ռեժիսոր Մարիո Կորադին ու բեմադրող դիրիժոր Հարություն Արզումանյանը։

Օրերս իտալացի կոմպոզիտորի այս գլուխգործոցի գլխավոր հերոսուհու՝ Աիդայի կերպարն առաջին անգամ մարմնավորեց  ճանաչված սոպրանո Աննա Այվազյանը։ Մեր դիտարկմամբ՝ երգչուհու՝ մինչ օրս հիանալի մարմնավորած կերպարները՝ Անուշ՝ Արմեն Տիգրանյանի համանուն օպերայում, Աննա՝ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովայում»,  Տոսկա՝ Պուչինիի նույնանուն օպերայում, հիմա էլ Աիդա, ուղիղ ասած՝ դժբախտ սիրո մասին են։


Երգչուհին եւ վոկալով, եւ խաղով բարձրարվեստ ներկայացրեց հին Եգիպտոսում՝ փարավոնների տիրապետության ժամանակ եթովպացի ստրկուհու եւ եգիպտացի զորավար Ռադամեսի սիրո պատմությունը։ Այս կարծիքը մեզ հետ կիսեց թատրոնի մեներգիչների թատերախմբի ղեկավար Ռուբեն Նուրիջանյանը, որն, ի դեպ, ժամանակին այս օպերայում հանդես է եկել Ռադամեսի դերերգով, հավելելով, որ «Աիդան» Վերդիի լավագույն եւ սիրված ստեղծագործություններից է, որն ընդգրկված է հեղինակավոր օպերային թատրոնների խաղացանկում. «Նշեմ, որ մեր առաջատար սոպրանո Աննա Այվազյանը ունեցավ իսկապես աստղային խաղընկերներ՝ Հովհաննես Այվազյան (Ռադամես), Գեւորգ Հակոբյան (Ամոնասրո), Գրետա Բագիյան (Ամներիս)։ Այս օպերայում կոմպոզիտորը ոչ միայն Աիդայի, այլ բոլոր դերերգերի դեպքում օգտագործել է երգչական ձայների (բարիտոն, տենոր, մեցցո սոպրանո եւ այլն) ամբողջ հնարավորությունները, ինչը հաղթահարելու համար երգչից պահանջվում է ունենալ կատարելագործված վոկալ ու տեխնիկական տվյալներ։ Մի բան էլ. յուրաքանչյուր՝ թեկուզ հեղինակավոր, թատրոնի համար խաղացանկում ունենալ «Աիդա», նշանակում է ունենալ մեներգիչների բարձրակարգ թատերախումբ»։

Տեսարաններ «Աիդա» օպերայից։

Մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ Աիդայի կերպարը մարմնավորել են նաեւ Հասմիկ Պապյանը, Մարինե Դեինյանը,  Քրիստինե Սահակյանը, Մագդա Մկրտչյանը, Աննա Մնացականյանը, Լիլիթ Սողոմոնյանը եւ շատ շուտով առաջին անգամ այս դերերգով հանդես կգա Օֆելյա Համբարձումյանը։ Մեր զրուցակիցը փաստեց ոչ միայն «Աիդայի», այլեւ ընդհանրապես բոլոր ներկայացումների հաջողության համար նվագախմբի, երգչախմբի, միմանսի խմբի, նաեւ չերեւացող մասնագետների կարեւորությունը։

Ի տարբերություն երգչուհու կերտած դժբախտ կերպարների, Աննա Այվազյանը երջանիկ է անձնական կյանքում. ունի հրաշալի ընտանիք, ամուսինն անվանի բարիտոն Գեւորգ Հակոբյանն է, 8-ամյա որդին էլ ընտրել է ջութակահարի մասնագիտությունը, սովորում է Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031