Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հիասթափեցնում է Արցախին

Մարտ 23,2023 23:33

2023թ. մարտի 20-ին Մոսկվայում Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մասնավորապես, հայտարարել է. «Կան նորագույն պատմության օրինակներ։ Մոտավորապես այդ մասին խոսվել է Մինսկի պայմանավորվածություններում. ի՞նչ իրավունքներ պետք է ունենան Ուկրաինայի արևելյան մասի բնակիչները՝ համաձայն այդ նույն Մինսկի համաձայնագրերի. դա մայրենի լեզվի իրավունքն է, երեխաներին սովորեցնել այդ լեզվով, ապրել, աշխատել՝ օգտագործելով այն, պահպանել իրենց մշակույթը, կրոնը, ունենալ տեղական ինքնակառավարման հնարավորություն և ունենալ հատուկ տնտեսական և առևտրային կապեր իրենց հայրենակիցների հետ (Դոնբասի դեպքում դա Ռուսաստանն էր)։

Մոտավորապես նույն իրավունքները նախատեսված էին տասը տարի առաջ Բելգրադի և Պրիշտինայի միջև Կոսովոյի սերբական տեղական ինքնակառավարման մարմինների համայնքի ստեղծման մասին համաձայնագրում. լեզու, տեղական ինքնակառավարում, կրթություն, մշակույթ, կրոն, հատուկ տնտեսական կապեր Սերբիայի հետ։ Ղարաբաղցիներին անհրաժեշտ կլինի իրավունքների նույն փաթեթը, ինչ ցանկացած նմանատիպ իրավիճակում՝ Դոնբաս, Կոսովո և Կոսովոյի սերբական շրջաններ, Լեռնային Ղարաբաղ (Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի դրույթներին հավատարմության հաստատման համատեքստում)»:

Սերգեյ Լավրովի հայտարարությունը նկատի առնելով՝ հարկ է նշել հետևյալը.

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ 2008թ. նոյեմբերի 2-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները համատեղ ստորագրել են փաստաթուղթ: Խոսքը մերձմոսկովյան Մայնդորֆ ամրոցում ստորագրված հռչակագրի մասին է, որտեղ կողմերը, մասնավորապես, արձանագրել են, որ՝

  • ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի քաղաքական ճանապարհով «…միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…»,
  • «հաստատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շարունակման կարևոր նշանակությունը»:

Այս փաստաթուղթն իր տեսակի մեջ եզակի է: Բանն այն է, որ 1994թ. մայիսի 12-ի եռակողմ (Արցախ, Հայաստան, Ադրբեջան) համաձայնագրի ստորագրումից 14 տարի անց Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ համատեղ ստորագրել են ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ, որը ստորագրել է նաև Ռուսաստանը:

Այսինքն՝ Ռուսաստանը ճանաչել և ընդունել է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի «…միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների և այդ շրջանակներում ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա…»:

Այս իմաստով 2023թ. մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն արցախահայությանը տրվելիք իրավունքների մասին հակասում է մայնդորֆյան հռչակագրում ամրագրված առանցքային դրույթներին:

2009թ. հուլիսի 10-ին Իտալիայի Լակվիլա քաղաքում հրավիրված մեծ ութնյակի գագաթաժողովի շրջանակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարները՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ընդունել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ուժի չկիրառման, ժողովուրդների հավասար իրավունքների և ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Այսինքն՝ Լակվիլայի հայտարարությամբ ևս Ռուսաստանը ճանաչել և ընդունել է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնորոշման սկզբունքի համաձայն:

Այս իմաստով 2023թ. մարտի 20-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի արած հայտարարությունն արցախահայությանը տրվելիք իրավունքների մասին նույնպես հակասում է Լակվիլայի հայտարարության մեջ արձանագրված դրույթներին:

Սերգեյ Լավրովի վերոնշյալ հայտարարությունը դիտարկելով առնվազն նշված փաստաթղթերի համատեքստում՝ կարող ենք արձանագրել, որ պաշտոնական Մոսկվան վերանայում է իր մոտեցումն ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ գրանցելով հետընթաց հակամարտության կողմերից մեկի՝ Արցախի, սպասելիքների տեսանկյունից:

Արցախի կարգավիճակի փոխարեն արցախահայության իրավունքների և անվտանգության հարցն առաջնահերթ համարելու մասին Նիկոլ Փաշինյանի մոտեցմամբ պայմանավորված Ռուսաստանը, փաստորեն, հրաժարվում է ինքնորոշման իրավունքը պաշտպանող իր իսկ ստորագրած փաստաթղթերից:

 

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031