Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեն կարողանում պարզել՝ խմբով ինչպե՞ս են տուժողի մազերից բռնել, գլուխը ասֆալտին հարվածել»․ Արա Ղարագյոզյան

Մարտ 23,2023 20:55

«Խոշտանգման գործերը բազմաթիվ են: Այդ թվերը խոսում են այն մասին, որ արդյունավետ քննություն չի իրականացվում»,- «Մեդիա կենտրոնում» «Հայաստանի ՔԿՀ-ներում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, խոշտանգումները․ Պետդեպի զեկույցը» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը:

Ըստ նրա՝ Արմեն Աղաջանյանի գործը պետք է ցուցանիշ լիներ, որ այլևս պետք է խոշտանգման դեպքերը արդյունավետորեն քննվեն, սակայն, ինչը տեղի չունեցավ։

Իրավապաշտպանի կարծիքով՝ ոստիկանության համակարգում բարեփոխումներ եղան, պարեկային ծառայություն ներդրվեց, ցավոք, պարեկներն էլ են անցնում վատ վերաբերմունքի գործերով։ Այս առիթով նշեց․ «Միայն ձևական ռազմավարությունների մեջ նշելով, որ պայքարում ենք խոշտանգումների դեմ, իրականում այդպես չէ, քանի որ մենք չենք տեսնում այդ պայքարը: Երբ օրենսդրական փոփոխություն եղավ և քրեական գործերը ՀՔԾ տեղափոխվեցին ԱԱԾ-ից, հետո Քննչական կոմիտե, սակայն տեսնում ենք՝ արատավոր պրակտիա է, երբ խոշտանգման դեպքով քրեական վարույթը՝ որպես լիազորության անցում է հարուցվում, և գործը դատարան են ուղարկում ամենաթեթև հոդվածով»։

Արա Ղարագյոզյանն ասաց, որ 2022-ին ունեցել է խոշտանգման դեպք ու այս մասին մանրամասնեց․ «Քննչական կոմիտեում ինը ամսից ավելի քննություն է իրականացվում, այդպես էլ չեն կարողացել պարզել, թե ինչպես են խմբի կազմով տուժողի մազերից բռնել, գլուխը ասֆալտին հարվածել: Տուժողներն անպաշտպան են մնացել: Իմ շատ գործեր ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում ներառված են»։

Արա Ղարագյոզյանը նաև ցավալի համարեց այն դեպքերը, երբ մի դեպքում անձն ամբաստանյալի աթոռին է գտնվում, իրեն սպառնում է յոթ տարի ազատազրկում, մյուս դեպքում ՆԳՆ-ն այս ամենը հաշվի չի առնում և նրանց նոր պաշտոններ է տալիս։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով` թեպետ քրեական օրենսգրքով խոշտանգումը հիմնական արգելքն է մարդու իրավունքների տեսանկյունից, և դա արդարացված չի կարող լինել, բայց շարունակում ենք խոշտանգման հետ գործ ունենալ հատկապես այն մարմիններում, որտեղ անձինք գտնվում են ժամանակավորապես։

Նա նշեց, որ երբ այց էին կատարել Վարդաշեն ՔԿՀ, պարզվեց, որ թեև անցյալ ամբողջ տարվա ընթացքում ընդամենը մեկ ձևաթուղթ է լրացվել, մինչդեռ այս տարի արդեն երեքը։ Այնուհետև պարզաբանեց․ «Դա նշանակում է, որ ոստիկանական բաժանմունքներում մարդկանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ունենք, ինչը թույլ է տալիս մտածել՝ իրավապահ համակարգում առկա է լուրջ պատկերացումային խնդիր, ինչպես վարվել մարդկանց հետ, ինչպես հասնել արդարադատության և պաշտպանել մարդու իրավունքները։ Նաև ամենաթողության հարցն է։ Դեռ չկա քաղաքական կամք խոշտանգման վերաբերյալ ունենալ մերժողական վերաբերմունք»։

Ըստ Զարուհի Հովհաննիսյանի ներկայացրած վիճակագրության՝ ՔԿՀ-ներում գրանցվել է անձանց մահվան թվի աճ։ Նա մանրամասնեց․ «Անցյալ տարի 18 մահվան դեպք է գրանցվել, 2021-ին՝ 13 դեպք։ Մինչդեռ ազատազրկված անձանց թիվը չի աճում, դա 2500-ից չի աճում տարվա կտրվածքով, բայց մահվան դեպքերն ավելի շատ են։ Ցավոք, ունենք հացադուլից մահ, ունենք նաև դատարանում մահվան դեպք, ինքնասպանության երեք դեպք և սպանության մեկ դեպք։

Դա տեղի է ունեցել Արմավիր ՔԿՀ-ում, որտեղ 404 տեսախցիկ է տեղադրված։ Խումբը հնարավորություն չունի այդ մարմինների բոլոր տեղեկատվությունը ստանալ, բայց դեռ չենք լսել մեկ արդյունավետ քննության մասին։ Ունենք ինքնավնասման դիմած 180 անձ՝ ինքնավնասման 518 դեպքով։ Պատկերացրեք, որ մեկ անձը կարող է կատարել տասնյակ ինքնավնասումներ, ինչը խնդրային է։ Ինքնավնասումների մեծ մասը կապված է առողջական խնդիրների հետ։ Չեմ բացառում նաև հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ»։

Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոն»-ի

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031