Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Գրիգորյանը ցավում է, անազատության մեջ գտնվելով, չկարողացավ Արա Մխիթարյանի առողջությանն օգտակար լինել

Մարտ 23,2023 20:33

2019 թվականին Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծից երեք տարի անց դեռ կոմայում է, գտնվում է «Զինվորի տանը», բայց ծեծի գործով մեղադրյալն արդեն դիմել է դատարան՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու հայցով: Դատախազությունից տուժող կողմի դիրքորոշումն են հարցրել եւ ստացել բացասական դիրքորոշում:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանն է փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալը: Նա մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար և դատապարտվել ազատազրկման՝ 5 տարի ժամկետով:

«Քանի այս կառավարությունը կա, մենք անզոր ենք նրանց դեմ: Պարզ չէ՝ դեմ եմ այդ իրավունքի իրացմանը, որովհետեւ դա օրենք չէ, այդպիսի հանցագործներին ժամանակին գնդակահարում էին կամ ուղարկում էին Սիբիր: Ի՞նչ կարող եմ անել, հո էդ մարդու գլուխը չեմ ջարդի, գնամ, նստեմ, միայն կարող եմ բողոքարկել, դատի տալ, եթե դատարանը ազատ արձակելու որոշում ընդունի »,- Aravot.am-ին ասաց Արա Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը:

Մեր զրուցակցի կարծիքով, օրենքը, որը թույլ է տալիս հանցագործներին վաղաժամկետ պայմանական ազատ արձակվել, թույլ է տալիս նաեւ նորից հանցագործություն անել. «Հանցագործը, որ դուրս եկավ, ի՞նչ պետք է անի, նորից հանցագործություն»:

Հարություն Գրիգորյանի պաշտպան Լեւոն Սահակյանը Aravot.am-ին ասաց. «Հարություն Գրիգորյանը ցավում է, որ այս տարիների ընթացքում գտնվելով անազատության մեջ չկարողացավ Արա Մխիթարյանի առողջությանն օգտակար լինել: Պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաբերյալ միջնորդություն կներկայացվի, չի ներկայացվի, երբ կներկայացվի, երբ չի ներկայացվի, թույլ տվեք այս մասով այս պահին չբարձրաձայնել, փաստաբանական գաղտնիք է»:

Փաստաբանն ասաց նաեւ, որ ծեծի գործով Հարություն Գրիգորյանի եղբայրն էլ` Զավեն Գրիգորյանը, որը նույնպես մեղադրյալներից է եղել, որպես տուժող առաջիկայում կներգրավվի նոր քրեական վարույթում. «Սուտ մատնության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնված, մոտ օրերս Զավեն Գրիգորյանը կներգրավվի որպես տուժող: Իր դեմ սուտ ցուցմունք ներգրավված սպաները կներգրավվեն որպես մեղադրյալներ, եւ հուսով ենք, որ համապատասխան խափանման միջոցը կտրվի շատ արագ նրանց նկատմամբ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031