Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառերը, որոնք տնկվում են, համապատասխան խոնավեցում են պահանջում, ինչը, վստահ չեմ, որ կկարողանան ապահովել»․ Երևանի բնակիչ

Մարտ 23,2023 19:44

«Տեսնում եմ՝ միանգամից մեծ թվով ծառեր են կտրվում, փոխանակ գոնե փուլ-փուլ արվեր, եթե նույնիսկ դա այդքան հիմնավորված է։ Թող նորը տնկեին, տեսնեին՝ ինչ է  լինում, բայց ես դրան էլ համաձայն չեմ»,-Կասկադի տարածքում Aravot.am-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց քաղաքացի Վահագն Վարդումյանը՝ անդրադառնալով Երևանում վերջին օրերի ծառահատումներին։

Նրա համար անընդունելի են այն փաստարկները, որոնք ներկայացվում են քաղաքապետարանի կողմից։ Նա նշեց․ «Պատմել են, որ մի տեղ ասել են, որ լարերն են խանգարում, ասել են սրճարանները մեխած են եղել ծառերի մեջ, դրա պատճառով ծառերը վատ վիճակում են, դրա համար են կտրում։ Ես անձամբ լսել եմ, որ իրենց բերած մասնագետն ասում է՝ տուրիզմ կզարգանա, սիրուն ծառեր կլինեն։ Տեսել եմ՝ Հայաստանում ոնց է ծառ տնկվում, ու տասը տնկած ծառից քանիսն է ապրում։ Տեսել եմ՝ Կենտրոնում, քաղաքից դուրս։ Ես իրենց չեմ հավատում, որ կբերեն, կդնեն ծառեր, որոնք կապրեն ու կկոմպենսացնեն այս վատ, հիվանդ, ծեր ծառերը»։

Քաղաքացին ծեր ծառերին համեմատեց ծերունու հետ՝ նշելով, թե ինչ է՝ ծերունուն իր երեխաները պետք է դո՞ւրս հանեն։ Վահագն Վարդումյանն ասում է, որ ծառերի վրա փակված թերթիկները չունեն համարակալում, գրված չէ, թե ինչ հիվանդություն է  պատճառը, գրված չէ նաև, թե ինչ ծառեր են բերելու։ Քաղաքացու համար համոզիչ չեն նաև քաղաքապետարանի փաստարկները, որ համապատասխան ջրամատակարարում ապահովվելու է։ Ըստ նրա՝ խողովակները բարակ են, վստահ չէ, թե դրանք որքանով կաշխատեն։ Այս խոսակցության ընթացքում մոտեցավ մի անձնավորություն, որը հորդորեց քաղաքացուն ապատեղեկատվություն չտարածել։ Սակայն չխոսեց տեսախցիկի առաջ։

Մեկ էլ քաղաքացի էլ ասաց՝ ծառերը, որոնք տնկվում են, համապատասխան խոնավեցում են պահանջում, ինչը, վստահ չէ, որ կկարողանան ապահովել․ «Ասացին, որ ջրամատակարարում  են անցկացնելու, բայց շատ տեղերում տեսնում ենք, որ երբ ջրամատակարարում են անցկացնում, կամ ջուր չեն տալիս, կամ ինչ-որ այլ պատճառներով ծառերը, նոր տնկիները չորանում են։ Դրա վառ ապացույցն է Աբովյան պուրակից վերև գտնվող՝ դեպի «կուկոռուզնիկ» տնկիները, բայց ջրամատակարարում չեն ապահովել, կաթիլային համակարգ չեն ապահովել։ Հիմա ծառերը մեռնում են։ Պետք է հասկանանք՝ արդյունքն ի՞նչ է, որ կտրում են ծառեր, որոնք ասում են՝ ծեր են, հին են, բայց ամեն դեպքում թթվածնի արտադրություն իրենք ապահովում են։ Ծառերը պետք է պահել աչքի լույսի պես, իսկ մենք ոչնչացնում ենք, տեղը տնկում ենք ծառեր, որոնք, համոզված չենք, որ նորմալ աճելու են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031