Օրերս կայացավ Մարիաննա Շահպարոնյանի «Դեպի Հայաստան» գրքի շնորհանդեսը, այն հայրենիքին նվիրված բանաստեղծությունների ժողովածու է։ Մարիաննայի բանաստեղծություններից երկուսը թարգմանվել են 7 լեզվով: Անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն հեղինակն է թարգմանել, հունարեն, նիդերլանդերեն, գերմաներեն, իտալերեն` թարգմանվել է աջակցությամբ։ Նիդերլանդերեն թարգմանության համար նա հատուկ շնորհակալություն հայտնեց Եղիշե Չարենցի ծոռնուհուն՝ Նանե Ջերահյանին:
Aravot.am-ի հետ զրույցում Մարիաննան ընդգծեց, որ թարգմանությունները կարեւորում է այն առումով,որ դրանց միջոցով օտարերկրացիները կարողանում են ծանոթանալ մեր հայրենիքին, տեղեկանալ, թե որքան հնամյա է ու գեղեցիկ Հայաստանը:
Խոսելով իր ժողովածուի առանձնահատկություններից, նա ասաց, որ այն ներառում է միայն հայրենիքին նվիրված ստեղծագործություններ, հավելեց, որ նման գաղափար հղացել է հատկապես Արցախյան երկրորդ պատերազմից հետո: «Բանաստեղծությունների միջոցով նկարագրում եմ մեր երկրի գեղեցկությունը, հրաշագեղ բնությունը, ներկայացնում եմ պատմական դրվագներ: Այս ժողովածուն արտացոլում է իմ մեծ սերը եւ կարոտը հայրենիքի հանդեպ: Շատ կցանկանամ իմ ստեղծագործությունների միջոցով հայաստանաբնակ եւ աշխարհասփյուռ հայության ուշադրությունը սեւեռել դեպի ազգային արժեքները, ոգեշնչել, որ դրսում ապրողները վերադառնան: Եվ կարծես թե ճիշտ ճանապարհին վրա եմ: Հպարտության պետք է նշեմ, որ լիբանանահայ հայտնի դիրիժոր եւ կոմպոզիտոր Գարո Ավեսյանը ոգեշնչված իմ «Թալանված երազանք» բանաստեղծությամբ՝ գրել է մի գեղեցիկ երաժշտություն, որի ներքո ես ասմունքեցի գրքիս շնորհանդեսի օրը»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Մարիաննա Շահպարոնյանը ծնվել է Երեւանում, երկու տարեկան էր, երբ ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա, որտեղ հաճախել է դպրոց եւ համալսարան, ավարտել է Պատրիս Լումումբայի անվան Ժողովուրդների բարեկամության համալսարանը, մասնագիտությամբ հասարակության հետ կապերի մասնագետ է: Մարիաննան այնուհետեւ կրթությունը շարունակել է Բելգիայում՝ նույն մասնագիտությամբ: Ասում է՝ հայրենասիրությունն իր մեջ սերմանել են մանկուց, հայրը միշտ պահանջում էր, որ տանը խոսենք միայն հայերեն, ընտանիքում մշտապես քննարկվել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները: Հավաստիացնում է, որ բանաստեղծություններ գրել է հինգ տարեկանից:
«Հպարտությամբ ուզում եմ նշվել, որ ավելի քան 10 տարի է, վերադարձել ենք Հայաստան եւ ապրում են մեր հայրենիքում, այս կարեւոր որոշման համար գեթ մի վայրկյան չեմ զղջացել: Հայրենիքի պետք է շատ սիրել, գիտակցել քո ինքնությունը եւ պատրաստ լինել պայքարելու հանուն անվտանգ ու ծաղկուն Հայաստան ունենալու, ամեն ոք պետք է իր կարողությունների չափով շենացնի հայրենիքը: Ցավով պետք է նշեմ, որ այսօր մեր երկրի առաջ ծանրացած են բազմաթիվ խնդիրներ՝ անվտանգայինից մինչեւ տնտեսական, ուստի շատ եմ ցանկանում, որ մեր հայրենակիցները չլքեն Հայաստանը, իսկ Սփյուռքում ապրող հայությունը վերադառնա Հայաստան, որպեսզի ներդրում ունենան մեր երկրի վերելքի հարցում»,-նշեց Մարիաննա Շահպարոնյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Մարիաննա Շահպարոնյանի Ֆեսյսբուքյան էջից: