Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆլեշ» եւ CPS ընկերությունների ներկրած դիզվառելիքը ավելի բարձր որակի է». Կամո Մելքոնյանի հարցաքննությունը՝ «դիզվառելիքի գործով

Մարտ 23,2023 19:01

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանը շարունակում է հարցաքննել վկաներին: Այսօր հարցաքննվեց «Կամո Օյլ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր Կամո Մելքոնյանը: Քանի որ վկայի նախաքննական եւ դատարանում տված ցուցմունքներն էականորեն տարբեր էին, հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը:

«2013 թվականին, հիմա չեմ հիշում, թե ինչպես, տեղեկացա, որ գյուղնախարարությունը իրականացնում է գյուղացիներին՝ էժան գներով դիզվառելիքի մատակարարման սուբսիդավորմամբ ծրագիր: Մեզանից եւս գնային առաջարկ էին ուզել եւ մենք առաջարկել էինք ծրագրով մատակարարում իրականացնել՝ առաջարկելով մատակարարել 420 դրամով, մեկ լիտրի դիմաց: Ամենալավ գնային առաջարկը մերն էր եւ մենք վստահ էինք, որ պայմանագիրը հենց մեր ընկերության հետ պետք է կնքվի: Գիտեմ, որ այս հարցով անգամ հանգուցյալ Խաչիկ Մանուկյանն էր հանդիպել այն ժամանակ ՀՀ գյուղնախարարի պաշտոնը զբաղեցրած Սերգո Կարապետյանի հետ եւ վերջինս վստահեցրել էր, որ պայմանագիրը մեր ընկերության հետ է կնքելու»,- նախաքննության ժամանակ հայտնել է վկան՝ հավելելով, որ խոսակցության մանրամասները չգիտե, չի հարցրել, բայց գիտեր, որ 2013 թվականի մատակարարման ծրագիրն իրենց ընկերությունն է իրականացնելու: Բայց հետագայում պարզվել է, որ կառավարությունը «Ֆլեշ» ընկերության հետ է կնքել պայմանագիրը: Վկան հավելել է, որ «Մաքս Օյլ»-ը երբեք չի հրաժարվել իր առաջարկած պայմաններից եւ ուներ բոլոր հնարավորությունները՝ ծրագիրը սպասարկելու համար ու նշել է ընկերության իրականացրած մատակարարումների խոշոր ծրագրերը, ինչը խոսում է այն մասին, որ իրենք կարող էին հանրապետության ողջ տարածքում իրականացնել գյուղացիների մատակարարումները:

Իր նախաքննական ցուցմունքում, վկան ասել է, որ թեեւ «MAX ՕՅԼ» ՍՊԸ-ում ձեւակերպված աշխատակից չի եղել, բայց, 2009 թվականից, ինքն է իրականացրել ընկերության փաստացի կառավարումը, այդ լիազորությունն էլ ստացել է ընկերության սեփականատերերի կողմից, իսկ դատարանում ասաց, որ Խաչիկ Մանուկյանի հետ մտերիմ հարաբերություններ է ունեցել եւ զուտ խորհրդատվություն է իրականացրել, քանի որ գործի նրբություններին լավ էր տիրապետում:

Երկրորդ հարցաքննության ժամանակ, վկան դարձյալ պնդել է, որ «MAX ՕՅԼ» ՍՊԸ-ն ունեցել է բոլոր հնարավորությունները՝ ամբողջ հանրապետությունում գյուղատնտեսական նպատակներով դիզվառելիքի մատակարարման համար, նաեւ պնդել է, որ «MAX ՕՅԼ» ընկերության ներկրած վառելիքը իր որակական հատկանիշներով չէր զիջում եւ որ, որպես խոշոր ներկրող, իրենք վառելիքի որակի հետ կապված դժգոհություններ իրենց գործընկերներից, չեն ունեցել:

Մինչդեռ այսօր, դատարանում, հայտարարեց, որ իրենք Իրանից էին դիզվառելիք ներկրում, որը իր որակական հատկանիշներով զիջում է այլ երկրներից ներկրված վառելիքին, իսկ այդ ժամանակ գործում էր ԵԱՏՄ-ի կարգավորումը, ըստ որի, ծծմբի քանակությունը չպետք է գերազանցի 10-ը, բայց Իրանից ներկրվող վառելիքում ծծմբի քանակությունը 500-1000 էր: Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ ասել էր, որ 11 միլիոն լիտր վառելիք կարող էին ներկրել տարեկան, դատարանում ասաց, որ իր ղեկավարած ընկերությունը ամսական 2000 լիտր կարող էին ներկրել:

Ծրագրով, հիշեցնենք, նախատեսված էր 17 միլիոն լիտր վառելիքի ներկրում՝ գարնանային ժամանակահատվածի համար: Վկան, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ ծրագրին, ծրագրով նախատեսված ծավալի ներկրումներից տեղյակ չի եղել եւ իր պատասխանները վերաբերվում են իր ընկերության կողմից ներկրվող վառելիքին, թե այլ ի՞նչ հնարավորություններ ուներ Խաչիկ Մանուկյանը՝ չի կարող ասել, բայց եղել են դեպքեր, երբ հարկ է եղել դիմել «Ֆլեշին» եւ CPS-ին: Ավելի ուշ, պաշտպանական կողմի հարցերին պատասխանելով, վկան ասաց, որ այդ ժամանակահատվածի համար նշյալ քանակի վառելիք իր ղեկավարած ընկերությունը չէր կարող ներկրել: Այս դրվագով, դատախազն անընդհատ պնդում էր, որ վկան իր նախաքննական ցուցմունքում չի խոսում իր ղեկավարած ընկերության մասին, այլ նկատի ունի «MAX ՕՅԼ» ընկերության մատակարարման մասին՝ ծրագրի շրջանակներում:

Այս առիթով բանավեճ տեղի ունեցավ նաեւ դատավորի ու վկայի պաշտպանի միջեւ. դատարանին դուր չեկավ պաշտպանի անընդհատ միջամտությունները եւ բացատրությունները, թե ի՞նչ է նկատի ունեցել իր պաշտպանյալը եւ ինչպե՞ս է դատախազը փորձում իր հարցերով փոխել պատասխանի էությունը: Դատավորը հայտարարեց, որ ինքը պարտավորություն չունի հնչեցված հարցերը կողմերի համար պարզաբանել: Դատախազը միջնորդեց՝ պաշտպանի նկատմամբ սանկցիա կիրառել՝ դատարանի եւ դատավարության մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, քանի որ ըստ դատախազի, պաշտպանը դատարանին եւ գործի մասնակիցներին մեղադրեց գործի էությունը եւ հարցերը չըմբռնելու մեջ: Միջնորդությունը չքննվեց եւ սահմանափակվեց պարզաբանումով:

Ի պատասխան դատախազի հարցի, վկան պնդեց՝ իր նախաքննական ցուցմունքը պարտադրանքի արդյունք չէ:

Իր ցուցմունքների վիճելի դրվագների մասով, դատախազի հարցերին ի պատասխան, վկան ասաց, որ քանի որ «MAX ՕՅԼ» ընկերության վառելիքը հիմնականում իրականցվել է իր սեփականություն հանդիսացող «Կամո ՕՅԼ» ընկերությանը պատկանող լցակայաններում, ուստի ինքն ամեն օր առնչվել է Խաչիկ Մանուկյանի հետ եւ, քանի որ գործի որոշ մանրամասների ինքը տիրապետում էր մասնագիտորեն, ապա վերջինս իր հետ միշտ խորհրդակցել է, արել է այնպես, որ ընկերության կառավարմանն ինքը մասնակից լինի, բայց դա փաստաթղթավորված չի եղել: Դատախազը հիշեցրեց, ընկերության տնօրեն Արսեն Հարությունյանը դատարանում հաստատել էր հանգամանքը, որ ինքը մասնակցել է ընկերության կառավարմանը: Վկան կրկնեց՝ մասնակցել է, բայց դա փաստաթղթային ձեւակերպում չունի:

Ծրագրին մասնակցություն ունենալ-չունենալու մասով հակասությանը վերաբերվող հարցին ի պատասխան էլ, վկան կրկնեց, որ ամեն օր եղել է Խաչիկ Մանուկյանի մոտ, վերջինս ասել է՝ այսպիսի բան կա, կարո՞ղ ենք մասնակցել, ինքն էլ ասել է՝ այո: Նա հիշեց, որ գնային առաջարկը Խաչիկ Մանուկյանն իր հետ քննարկել է եւ առաջարկվող գինն այդ պահի դրությամբ, Իրանի հատվածից ներկրվող ապրանքի համար ողջամիտ գին էր, բայց Վրաստանի կողմից բերվող ապրանքների համար՝ ոչ:

Դատախազը հետաքրքրվեց՝ ինչի՞ց էր վստահությունը, որ ամենալավ գնային առաջարկը իրենցն էր եւ մրցույթը իրենք են շահելու: Վկան ասաց, որ Խաչիկ Մանուկյանից է իմացել, վերջինս գյուղնախարարի մոտ է եղել եւ նախարարն է իրեն այդ մասին ասել:

Կամո Մելքոնյանը երկրորդ անգամ հայտարարեց, որ «MAX ՕՅԼ» ընկերության կողմից ներկրվելիք դիզվառելիքի որակն էապես տարբերվում էր որ «Ֆլեշ» եւ CPS ընկերությունների ներկրած վառելիքից՝ հօգուտ այդ ընկերությունների, մինչդեռ նախաքննական ցուցմունքում ասել էր, որ չի տարբերվում: Նախաքննական ցուցմունքում վկան նաեւ ասել էր, որ ներկրվող վառելիքի համար, որակական հատկանիշների պահանջ չի ներկայացվել: Դատարանում ասաց, որ տեղյակ չէ, թե Խաչիկ Մանուկյանին նման պահանջ ներկայացվե՞լ է, թե՝ ոչ: Դատախազի նյարդերը տեղի տվեցին, նա հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված ցուցմունքների տարբերությունները, վկան պատասխանեց՝ ոչ մի բանով, ինչ հիշել՝ ասել է: Դատախազը հայտարարեց, որ վկայի պատասխանները տրամաբանական չեն:

Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ Ամրամ Մակինյանը հայտարարեց՝ հասկանում է, որ դատախազին վկայի պատասխանները դուր չեն գալիս ու նա փորձում է վկայի վրա ճնշումներ գործադրել, նա արդեն ոչ ըստ էության հարցեր է տալիս՝ դատավարական կարգի խախտմամբ եւ ձայնի ինտոնացիայի տատանումներով՝ ճնշում գործադրելով վկայի վրա: Դատավորը հայտարարեց, որ կարգը չի խախտվում, իսկ եթե դատարանը հարցը չի հանում, նշանակում է դրանք թույլատրելի են ու վկայի վրա ճնշման գործադրում չի արձանագրվել: Դատախազն էլ հակադարձեց, որ ինքն է որոշում, թե ի՞նչ հարց տա, պաշտպանը չի իրեն հուշելու, թե ի՞նչ բովանդակությամբ հարցեր տա, իր հարցադրումներն էլ բխում են վկայի ցուցմունքներից եւ ճնշում գործադրելու միտում չունեն: Ավելի ուշ, վկայի պաշտպանն էլ հայտարարեց, որ դատախազնի իր հարցադրումների ձայնային ինտոնացիայով փորձում է ազդել վկայի վրա: Դատավորը կրկին առարկեց՝ դատարանը նման հանգամանքներ չի արձանագրել:

Վկան, ի դեպ, հայտարարեց, որ իր պատասխաններում ներքին հակասություններ չի տեսնում եւ դատախազի հարցերին պատասխանում է՝ որքան որ տեղեկացված է:

Դատարանն ավարտեց վկաների հարցաքննությունը: Հաջորդ նիստին կհարցաքննվեն ամբաստանյալները:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031