«Սուրմալու» առեւտրի կենտրոնի տնտեսավարողները վրդովված են․ մարտի 14-ից առեւտրի կենտրոնը փակ է, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն այստեղ խախտումներ է հայտնաբերել։ Հայտնաբերած թերությունները, ինչպես պնդում են տնտեսվարողները, վերացրել են, ապա այդ մասին տեղեկացրել են տեսչական մարմնին, որպեսզի վերստուգում կատարվի։
«Դեռ անցած ուրբաթ օրը պիտի գային չեկան, հետո պարզվեց երեկ պիտի գային, էլի չեկան։ 10 օր է՝ փակ է, չենք աշխատում, բայց ինձ հարցնո՞ւմ են ես հացի փող ունե՞մ, թե չունեմ։ Ընտանիքիս էս առեւտրով եմ պահում, վարձով ենք ապրում, հետն էլ հիփոթեք ենք մուծում։ Ինչքա՞ն կարելի է մեզ աշխատանքից զրկել։ Ամենաշատը անտարբերությունից ենք վրդովվում, եթե ես չեմ վերացրել թերությունները, թող միայն իմ տաղավարը փակեն, իմ պատճառով մյուսները չտուժեն, հազարից ավելի տնտեսվարողներ կան։ Մեր համբերության բաժակը լցվել է»,-ասում է տնտեսվարողներից մեկը։
Նրանք պատմում են, որ վարձու աշխատողներ կան, օրական հինգ հազար դրամ են ստանում, մեկ շաբաթից ավելի է՝ այդ մարդիկ չեն աշխատում, բայց էլեկտրաէներգիայի, գազի ու այլ կոմունալ վճարներ պետք է անեն․«Ո՞նց են մուծելու էդ գումարը, ՀԷՑ-ն ասելո՞ւ է՝ լավ, Սուրմալուն փակ է, մի մուծիր»։
Կարդացեք նաև
Տեսչական մարմնի մի քանի աշխատակիցներ քիչ առաջ առեւտրի կենտրոնի որոշ հատվածներում շրջայց կատարեցին, նայեցին, ստուգեցին, վաղը շարունակելու են աշխատանքները։
Տնտեսավարողներից ոմանք ասում են՝ արձանագրված խախտումները վերացրել են, նրանցից մեկը կոչ արեց վաղը մեկ մարդու նման բոլոր տնտեսվարողները գան առեւտրի կենտրոն, տեսչական մարմնի տեսուչներն են գալու․«Եթե երեք խախտումի պատճառով ամբողջ շուկան փակեն, մենք էլ փակելու ենք էս փողոցները։ Սաղս էլ ավտո ունենք, ամեն մեկս հինգ ընկերոջ հետ մի հատ փողոց կփակենք, թող մեր հարցը լուծեն։ Երկու կետի պատճառով էսօր հինգ հազար հոգի մնացել ա օդի մեջ»։
Նրանք չեն վստահում տեսչականին, ասում են՝ տեսուչների հետ պետք է շրջեն տաղավարներով, որպեսզի անհարկի բաներ չլինեն․«Որ հանկարծ ավելորդ բաներ չգրեն»։
Տեսչական մարմինը «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հայտնաբերել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների 51 խախտում։ Նրանց ժամանակ էր տրվել խախտումները վերացնելու համար։
Անցյալ տարվա օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո տեսչական մարմինը հանրապետությունում ուժեղացրել է վերահսկողությունը։
Առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է 16 մարդ, մեկ քաղաքացի էլ ճանաչվել է անհետ կորած։ Հարուցված գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեն 4 անձ, որոնցից երկուսի նկատմամբ կիրառված է խափանման միջոց կալանքը։ 4 մեղադրյալներից երեքը պահեստը շահագործող անձինք են։ Քրեական վարույթի շրջանակում կալանավորվել է առեւտրի կենտրոնում տարածք վարձակալած տնտեսվարող Վ.Հ.-ն: Ձերբակալվել է նաեւ տնօրենը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ