«Վերջին մեկ ամսում ես գրեթե ամեն շաբաթ եղել եմ տարբեր ԶԼՄ-ներում և փորձել եմ տեղեկացնել հանրությանը այս ուրախալի լուրի մասին: Դա մնում է ինձ համար ուրախալի լուր, որ վերջապես քաղաքում կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվում են նոր և արժեքավոր ծառատեսակներով»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ դժգոհություններ կան, որ Երևանում ծառահատումներից առաջ քաղաքի բնակչությունը չի տեղեկացվել, նրանց կարծիքը հաշվի չի առնվել, այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը:
Ինչպես արդեն հայտնել ենք, Երևանում վերջին օրերի ծառահատումները հանրային դժգոհություն են առաջացրել: Այսօր էլ Կասկադի տարածքում մի շարք քաղաքացիներ իրենց բողոքն էին արտահայտում: Արմեն Բեգոյանն ասաց, որ կա նաև 2021-ին ընդունված Երևանի քաղաքապետի որոշում, որով պարտավոր են փոխարինվող կամ հատվող ծառերի վրա 15 օր առաջ ամրացնել այդ գործընթացը կատարելու մասին թերթիկներ, ինչը կատարվել է:
Հարցազրույցի պահին քաղաքացիներից մեկը, ընդմիջելով հարցազրույցը, ասաց. «Կներեք, փակցվել են թերթիկներ, որոնք համար չունեն, որի վրա գրված է մասնագետի անունը, որը վեց ամիս առաջ ուրիշ պաշտոնի է»: Արմեն Բեգոյանն այս առիթով պարզաբանեց. «Նախկին քաղաքապետի աշխատակազմի ղեկավարն է ստորագրել այդ փաստաթուղթը: Դա քաղաքապետի որոշում է, և այդ որոշումը որ քաղաքապետի օրոք եղել է, այդ թերթիկն էլ կպցված է: Մենք այդ որոշման ձևն ենք փակցրել»:
Հարցին՝ որքանո՞վ են նոր տնկվող ծառերը հարմար Երևանի բնակլիմայական պայմաններին, Արմեն Բեգոյանը պատասխանեց. «Քաղաքապետարանը հեծանիվ չի հայտնագործում: Ձեռք են բերվել այն ծառատեսակները, որոնք տասնյամյակներ շարունակ Երևանում իրենց լավ են զգացել՝ միայն մի բացառությամբ. ձեռք են բերվել դրանց պարտեզային ձևերը, այսինքն՝ գնդաձև, բրգաձև սաղարթով, ինչը տեսնում ենք եվրոպական և շատ այլ զարգացած քաղաքներում: Այստեղ մենք այդքան խելք ու պատասխանատվություն ունեցել ենք, որ փորձարարություններ չկիրառենք Երևանում և հիմնվել ենք այն ծառատեսակների վրա, որոնք Երևանում իրենց լավ են զգում: Ուզում եմ վստահեցնել, որ բերված, գնված ծառատեսակները, միանշանակ ապացուցված է, որ Երևանի բնակլիմայական պայմաններում իրենց լավ են զգում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ