Լրահոս
Օրվա լրահոսը

Շվեյցարիայում մրցանակի արժանացած հայկական ֆիլմը

Մարտ 23,2023 17:33

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմն այս շաբաթ օրը՝ մարտի 18-ին, արժանացել է «Grand Prix de Genève»-ի հեղինակավոր FIFDH փառատոնին։ Հարցազրույց նրա ռեժիսոր Իննա Սահակյանի հետ։

Ժնևում անցկացվող Միջազգային կինոփառատոնի և Մարդու իրավունքների ֆորումի (FIFDH) տասնօրյակում տեղի ունեցավ «Ավրորայի լուսաբացը» վավերագրական-անիմացիոն ֆիլմի երեք ցուցադրություն: Ամեն անգամ հասարակությունը կինոսրահից դուրս էր գալիս լուռ, աչքերը խոնարհված և ցնցված։ Ֆիլմի ռեժիսոր ու համասցենարիստ Իննա Սահակյանը հասել է իր նպատակին՝ բացել մարդկանց գիտակցությունը իր ժողովրդի ողբերգության վրա: Ֆիլմի հերոսուհին՝ Ավրորա Մարդիգանյանը (Արշալույս Մարտիկյան) վրեժխնդրության պահանջ չունի: Ինչպես ֆիլմում ինքն է նշում, նա ցանկանում է միայն արդարություն մեկուկես միլիոն հայ նահատակների համար ՝ նրանց ցեղասպանության համաշխարհային ճանաչման միջոցով: 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված այս անպատիժ հանցագործությունը մինչ օրս ժխտվում է Թուրքիայի կողմից:

-Ինչպե՞ս ծնվեց «Ավրորայի արևածագը»։

-Ես միշտ խուսափել եմ ֆիլմ նկարել մեր ազգի այս ողբերգական շրջանի մասին, որից չի խուսափել թերևս մեզանից յուրաքանչյուրի ընտանիքը։ Բայց թեման շատ զգացմունքային էր ինձ համար և ես վախենում էի ցույց տալ մեր ժողովրդին զոհի կերպարով : Մինչև այն օրը, երբ Զորյան ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում ծանոթացա նրանց Հայոց ցեղասպանության բանավոր պատմության արխիվին։ 1980-ականներին ինստիտուտի հետազոտողները վավերագրել են Հայոց ցեղասպանությունը վերապրածների վկայությունները: Նրանց թվում էր Ավրորա Մարդիգանյանի հարցազրույցը, որը մահացել է 1994 թվականին, և որի մասին այդ ժամանակ ես շատ քիչ բան գիտեի։ Այս աներևակայելի ուժեղ կնոջ մոտ 5 ժամ տևողությամբ հարցազրույցը ցնցեց ինձ։ Անցնելով ցեղասպանության արհավիրքներով, կորցնելով իր ընտանիքի բոլոր անդամներին, նա իր մեջ ուժ էր գտել վերապրել իր ցավը էկրանին՝ որպեսզի աշխարհին պատմի մեր ողբերգության մասին և մասնակցի հայ որբերի աջակցությանը ուղղված բարեգործական արշավին։ Նրա ուժը ու մարդկայնությունը հիացրեց ինձ և մեր ստեղծագործական թիմի հետ միասին մենք հասկացանք, որ պարտավոր ենք պատմել նրա պատմությունը աշխարհին։

-Ո՞րն էր ամենադժվարը այս նախագծի իրականացման ընթացքում։

-Նախագիծն, ընդհանուր առմամբ հղի էր բոլոր տեսակի խոչընդոտներով: Սկսած հոլիվուդյան ֆիլմից, որում ինքն իրեն է մարմնավորել Արշալույսը։ Ժամանելով Միացյալ Նահանգներ՝ նա իր պատմությունը հրատարակել էր թերթերում, որից հետո նրա վկայությունների վրա տպագրվել էր «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի՝ քրիստոնյա աղջկա պատմությունը, որը վերապրել է մեծ ջարդերը» գիրքը: 1919 թվականին՝ մեկ տարի անց, Հոլիվուդը այն վերածեց ֆիլմի «Հոգիների աճուրդ» վերնագրով՝ որում Արշալույսը ինքն իր դերն էր ստանձնել։ Ֆիլմը մեծ հաջողություն էր հասել և ցուցադրվել ամբողջ Ամերիկայով մեկ, նաև որոշ այլ երկրներում, սակայն ժամանակի հետ այն առեղծվածային կերպով անհետացել է։ Մեզ են հասել միայն 18 րոպե պահպանված դրվագներ։ Կծիկը ինքնին անցել է իսկական ոդիսականի միջով, պահպանված հատվածները Ֆրանսիայից բերվել են ԽՍՀՄ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո և պահվել արխիվում՝ այլ անվանմամբ ժապավենի վրա, և միայն 1994թ-ին, ԽՍՀՄ փլուզումից հետո, ուսումնասիրությունների արդյունքում հաստատվել է, որ դրվագները Արշալույսի ֆիլմից են: Մեր ֆիլմում մենք տեխնիկական վերամշակումից հետո ներառել ենք ֆիլմի պահպանված մասից հատվածներ:

-Որքա՞ն ժամանակ պահանջվեց «Ավրորայի արևածագը» նկարահանելու համար։

-Ավելի քան 7 տարի․․․ Այս ժամանակահատվածը նախ ընդհատվեց Covid-ի պատճառով, այնուհետև արցախյան 44-օրյա պատերազմը, որի ընթացքում մեր «Բարս Մեդիա» ստուդիայի բոլոր տղամարդիկ առաջնագծում էին, ոմանք ուղիղ կրակի տակ։ Բայց ժամանակատար էր նախ և առաջ ֆիլմի ընտրված ձևաչափի իրականացումը, որը համադրում է անիմացիան, Արշալույսի վավերագրական հարցազրույցները, «Հոգիների աճուրդ» ֆիլմի վերականգնված հատվածները և արխիվային նյութեր։

Ամենաբարդը, իհարկե, անիմացիայի իրականացումն էր՝ որը յուրօրինակ հնարավորություն է տալիս գեղագիտական լեզվով անդրադառնալ ծանր իրադարձություններին՝ առանց ուղղակիորեն ցույց տալու դաժան իրականությունը: Երկար և բարդ էր նաև նախագծի ֆինանսավորումը, որը իրականացվեց Հայաստանի և Լիտվայի կինոկենտրոնների, Եվրիմաժի, Զորյան ինստիտուտի, Արտե հեռուստաընկերության, և մի շարք այլ մշակութային կառույցների աջակցության արդյունքում։

-Դուք հավատու՞մ եք, որ Թուրքիան վերջապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

-Այսօրվա Թուրքիան՝ ոչ։ Այս երկրի քաղաքացիական հասարակությունն է, որ կարող է փոխել իրավիճակը։ Սակայն այսօր այդ երկրում ազատամիտ մտավորականները, արվեստագետները, հետազոտողները և իրավապաշտպանները քաղաքական ճնշման են ենթարկվում։ Մեր ֆիլմը աջակցություն էր ստացել Ոսկե Ծիրանի «Հայաստան-Թուրքիա սինեմա պլատֆորմ»-ի կողմից, սակայն այդ նախագծի թուրքական կողմի համակարգող, պրոդյուսեր Չիգդեմ Մաթերը այսօր բանտարկված և դատապարտված է 18 տարվա ազատազրկման։ Հաշվի առնելով այսօրվա Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը, չեմ կարծում թե հույս կա, որ այդ պետությունը համարձակություն կունենա առերեսվել Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին։

 

Աննա Ազնաուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031