Գառնիկ Իսագուլյանի՝ 22․03․2023 թվականին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում հարկադիր կատարողի կողմից իրականացված կատարողական գործողությունները կասկածի տակ դնելու վերջինիս արտահայտած սուբյեկտիվ տեսակետների վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարկադիր կատարողի գործողություններն իրավաչափ են և բխել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելուց։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դեռևս 16.11.2022թ-ին տրված թիվ ԵԴ/22396/02/20 կատարողական թերթի հիման վրա՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երևան քաղաքի Աջափնյակ, Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների բաժնում 22.11.2022թ-ին վերսկսվել է հարուցված կատարողական վարույթը, որի համաձայն՝ պետք է պարտավորեցնել պատասխանող Գ․ Իսագուլյանին «Live News» լրատվականի եթերից ներողություն խնդրելու և «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ հնչած վիրավորական արտահայտությունների համար և հրապարակայնորեն հերքելու հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները։
Նշված կատարողական վարույթի շրջանակներում ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.12.2022թ-ի դրությամբ կատարողական թերթով սահմանված պահանջը կատարված չէ:
Գ․ Իսագուլյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածով, այն է՝ «Դատական ակտը չկատարելը կամ դրա կատարմանը խոչընդոտելը», նախատեսված հանցակազմի հատկանիշների առկայությունը ուսումնասիրելու և գնահատական տալու համար 13.01.2023թ-ին կատարողական վարույթից համապատասխան նյութեր են ուղարկվել գլխավոր դատախազություն։
Կարդացեք նաև
Հարկադիր կատարողն իր լիազորություններն իրացնելիս առաջնորդվել է բացառապես օրենքով և ասուլիսի ընթացքում հնչած ենթադրություններն այս առումով իրականության հետ որևէ աղերս չունեն։
Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ ԵԴ/22396/02/20 քաղաքացիական գործով դատարանի 25.04.2022 թվականի վճռի դեմ Գ․ Իսագուլյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը վերադարձվել է, ինչն էլ հիմք է հանդիսացել հարկադիր կատարողի կողմից օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջը կատարելու համար։ ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 370-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ «…Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի», մինչդեռ այս դեպքում դատարանի նման որոշում առկա չէ:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն