Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի հերթական հայտարարությունը, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան ոչինչ չի փոխել, և որ իրենք նախկինի պես տեսնում են, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս Հայաստանից:
Մասնավորապես, Զախարովան նշել է, որ այդ հարցի վերաբերյալ իրենք արդեն լսել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումն առ այն, որ Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ առաքելությունից:
«Դա պաշտոնական դիրքորոշում է, մարդը լիազորված է անելու նման հայտարարություններ: Եվ ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն բանի, վրա, որ այդ հայտարարության տեսանյութը տեղադրված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում: Եվ հաստատվել է, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հարցը վերամշակվում է»,- ասել է Զախարովան:
Մյուս կողմից, նրա խոսքով՝ որքան քաղաքական գործիչ՝ այնքան տարբեր մեկնաբանություն: «Ես առաջին անգամ չէ, որ լսում եմ հարց այն մասին, թե ինչ է նշանակում «ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից»: Ցանկանում եմ ևս մեկ անգամ այդ հարցերն ուղղել հայկական կողմին: Բայց իմ կողմից ավելացնեմ. ինչպե՞ս են այդ արտահայտություններն անող մարդիկ տեսնում ՀԱՊԿ-ի՝ Հայաստան «մտնելու» գործընթացը, եթե նրանք արձանագրում են դուրս գալը»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ