Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցում մեկնաբանել է Սյունիքի մարզում ռուս զինվորականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը՝ նշելով, որ Մոսկվային արձագանքը պարտադիր չէ, որ հանրային լինի:
Հիշեցնենք, օրերս հայտնի էր դարձել, որ երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքով դիմել էին Գորիսի բժշկական կենտրոն: Պատգամավոր Տիգրան Աբրահամյանի տեղեկություններով՝ նրանք վիրավորվել են ադրբեջանցիների արձակած կրակոցից, երբ մասնակցում էին կորած հայ պայմանագրայինի որոնողական աշխատանքներին:
Զախարովան նշել է, որ կատարվածի հանգամանքները պարզվում են պաշտպանության նախարարության խողովակներով, և իրենք կհնչեցնեն իրենց գնահատականը, երբ որ հայտնի լինեն քննության արդյունքները:
Հարցին՝ թե ինչպիսին կլինի Մոսկվայի արձագանքը, Զախարովան ասել է, որ արձագանքը միշտ չէ, որ լինում է հանրային:
Կարդացեք նաև
«Գոյություն ունի երկխոսություն ամենատարբեր մակարդակներում: Եվ եթե ինչ-որ բան չի ասվում բարձրախոսով, դա դեռ չի նշանակում, որ այն չի ասվել հեռախոսով, անձամբ, նոտայի նամակագրությամբ և այլն»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Մոսկվան ունի տարբեր մեթոդներ՝ սեփական դիրքորոշումը դաշնակիցներին, գործընկերներին և բարեկամներին տեղ հասցնելու համար:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ