Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մեր անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ամուր են, քան Կոսովոյի եւ մյուս օրինակների դեպքում»․ Սերգեյ Ղազարյան

Մարտ 23,2023 16:37

«Մեր միջազգային գործընկերներին մշտապես ասում ենք, որ մեր անկախության ճանաչման հիմքերը շատ ավելի ամուր են, քան Կոսովոյի եւ մյուս օրինակների դեպքում։ Ով ինչ դիրքորոշում էլ հայտնի, մենք ղեկավարվում ենք Արցախի ժողովրդի կամարտահայտության արդյունքում ձեւավորված տեսակետով»,- Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տեսակետին, որ ԼՂ հայությանը պետք են այնպիսի երաշխիքներ, որոնք տրվել են, օրինակ, Կոսովոյի ժողովրդին։

Արցախի օկուպացված տարածքներ արցախահայության հնարավոր վերադարձի մասին հարցադրմանն արձագանքելով՝ Սերգեյ Ղազարյանը նշեց, որ ադրբեջանական կողմն ապօրինաբար բնակեցնում է Արցախի բնակավայրերը, որոնք պատերազմի հետեւանքով հիմա օկուպացված են․ «Սա անթույլատրելի է։ Նոյեմբերի իննի փաստաթղթում, այո, կա կետ, որ ստորագրող կողմերը պարտավոր են ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի հսկողության ներքո ստեղծել պայմաններ՝ արժանապատիվ վերադարձ ապահովելու համար։ Բայց մեր հայրենակիցները նման իրավիճակում, երբ Ադրբեջանն ամեն օր ուժ կամ ուժի սպառնալիք է կիրառում, նրանց վերադարձը բացառված է։ Առաջնահերթ Ադրբեջանը պետք է պահի եռակողմ հայտարարության պահանջները»։

Սերգեյ Ղազարյանը նաեւ շեշտեց՝ միայն միջազգային ձեւաչափում կարող են տեղի ունենալ Արցախ-Ադրբեջան հանդիպումներ, այլապես Ադրբեջանը խեղաթյուրում է անգամ հումանիտար հարցերի շուրջ հանդիպումները։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պնդմանը, որ միջազգային փաստահավաք առաքելություն է պետք գործուղել Արցախ, Սերգեյ Ղազարյանն ասաց․ «Բոլոր քայլերին, որոնք կուղղվեն իրավիճակը միջազգային ատյաններին տեղ հասցնելուն, մենք միայն կողմ ենք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031