Լրահոս
Օրվա լրահոսը

«Դիզվառելիքի գործով» վկա «Կամո Օյլ» ՍՊԸ-ի տնօրեն Կամո Մելքոնյանը փոխե՞լ է ցուցմունքը

Մարտ 23,2023 16:21

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում, այսօր դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ շարունակվեց «դիզվառելիքի գործով» դատական նիստը: Դատարանը շարունակում է հարցաքննել վկաներին: Այսօր հարցաքննվեց «Կամո Օյլ» ՍՊԸ-ի տնօրեն եւ սեփականատեր Կամո Մելքոնյանը: Ընկերությունը 2000 թվականից զբաղվել է Իրանից դիզվառելիքի ներկրումներով: Կամո Մելքոնյանը պատմեց, որ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել «MAX ՕՅԼ» ՍՊԸ ընկերության տնօրեն Խաչիկ Մանուկյանի հետ: Վիճարկվող հարցի մասով էլ պատմեց, որ Խաչիկ Մանուկյանն իրեն ասել է, որ ցանկանում է մրցույթի մասնակցել եւ հետաքրքրվել է, թե ինքն իր ընկերության միջոցներով ի՞նչ կարող է բերել եւ ի՞նչ պայմաններով: Նա ներկայացրել է, ապա Խաչիկ Մանուկյանը հարցրել է՝ վստա՞հ լինեմ, պատասխանել է՝ վստահ եղիր:
«Մրցույթը, իր ասելով, շահել է ինքը՝ Խաչիկ Մանուկյանը, «MAX ՕՅԼ» ՍՊԸ-ն, սենց ասեմ: Ինքը ասեց՝ կարո՞ղ ես, մեքենաներով-բանով օգնես, որ մրցույթին մասնակցեմ, շատ մեծ մրցույթ էր, գյուղատնտեսության մրցույթ, ասացի՝ այո, ինքն էլ համաձայնվեց, որ մասնակցի մրցույթին: Դրանից հետո մրցույթը եղավ, ասեց, որ մրցույթը «MAX ՕՅԼ»-ն է շահել»,- հայտարարեց Կամո Մելքոնյանը՝ հավելելով, որ ավելի հստակ՝ տարեթվերով եւ ամսաթվերով չի կարող ասել: «Բայց հետո, ես իրեն մի հատ բան ասեցի, որ 2010 թվականին էր կարծեմ, կառավարության նոր որոշում է եղել, որ ծծումբի պարունակությունը վառելիքում պետք է լինի 10, իսկ Իրանից բերածը լինում էր բարձր՝ մինչեւ 500,100 այդքան էր լինում: Ես այդ հարցով Խաչիկ Մանուկյանին տեղեկացրի, որ Իրանն այդ ժամանակ այդպիսի վառելիք չի արտադրում»,- հայտարարեց վկան: Վկան պատմեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակներում նոր կարգավորումներ էին մտցվել եւ այդ կարգավորումը, որը 2010 թվականից օրենքի ուժ ուներ, երկու տարուց սկսեց կիրառվել: Նա հիշեց, որ այդ ընթացքում ինքը Թուրքմենիայից ապրանք էր բերել, որտեղ ծծմբի պարունակությունը 30 էր, այդ ապրանքը դեկտեմբերի 23-ից հունվարի 15-20-ը սահմանին է մնացել, որի համար նաեւ մեծ տուգանքներ է վճարել, մինչեւ կարողացել է թղթերով ապահովել, որ ապրանքը բերվել է օրենքի կիրառումից առաջ: Հետո Խաչիկ Մանուկյանն իրեն ասել է, որ մրցույթը ոչ թե իր ընկերությունն է շահել, այլ «Ֆլեշը»:

Դատախազի հարցին ի պատասխան, Կամո Մելքոնյանը հայտնեց, որ Իրանից եւ Թուրքմենստանից ներկրված դիզելային վառելիքն առ այսօր, իր որակական հատկանիշներով էականորեն զիջում է այլ երկրներից ներկրված վառելիքին, բայցի այդ Իրանում, առ այսօր, ձմեռային դիզվառելիք չեն արտադրում ու հնարավոր չէր ամառային դիզվառելիք ներմուծել՝ ձմեռային գյուղատնտեսական աշխատանքների համար: Նա նաեւ պնդեց, որ «MAX ՕՅԼ» ընկերությունը մինչեւ 2015 թվականը դիզվառելիք չի ներկրել, բենզին է ներկրել, մինչ այդ, իր ղեկավարած ընկերությունը նաեւ «MAX ՕՅԼ»-ի համար է դիզվառելիք ներկրել: Նա նաեւ ասաց, որ ամսական կտրվածքով, առավելագույնը 2000 հազար տոննա վառելիք էր կարող իր ընկերությունը ներկրել. դրա համար նաեւ համապատասխան տեխնիկա ուներ, իսկ պահեստները «MAX ՕՅԼ»-ինն էին՝ մինչեւ 2500 տոննա պահեստավորելու հնարավորությամբ:

Դատախազը պնդեց, որ վկայի նախաքննական ցուցմունքն այլ է: Վկան հայտարարեց, որ ինքը շատ բան չի հիշում, երկար ժամանակ է անցել, այդ մասին նաեւ քննիչին է ասել, հետո, նրա հարցերից ելնելով, ինչ-որ վերհիշել է՝ ասել է: Դատախազը պնդեց, որ թեեւ վկան այժմ պնդում է, որ իր ընկերությունը ծրագրին անմիջական մասնակցություն չի ունեցել, նախաքննական ցուցմունքում ասել է մասնակցության մասին՝ եւ իր խոսքում, ոչ թե քննիչի հարցադրումներին ի պատասխան, հայտնել է տեղեկություններ, որոնք ոչ թե Խաչիկ Մանուկյանից է ստացել, այլ գործընթացին անձամբ է մասնակցել: Վկան էլ ասաց, որ Խաչիկ Մանուկյանից է տեղեկությունները ստացել եւ ինչ-որ գիտի՝ ասել է եւ որեւէ մեկի հետ որեւէ պայմանավորվածություն չունի, որ փոխի ցուցմունքները: Վկան հայտարարեց, որ գյուղատնտեսության նախարարություն որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել, քանի որ «MAX ՕՅԼ» ընկերության անունից չէր կարող դա անել, իսկ «Կամո ՕՅԼ»-ին մրցույթին չի մասնակցել:

Դատախազը հետաքրքրվեց՝ 2019 թվականի հոկտեմբերի 19-ին, առաջին հարցաքննության ժամանակ հայտնել է 2009 թվականից սկսած իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ, բայց հիմա դատարանում ասում է, որ չի հիշում մրցույթի հետ կապված հարցերը. ինչպե՞ս: Վկան հայտարարեց, որ առաջին օրը ցուցմունք չի տվել, գնացել եւ «MAX ՕՅԼ» ընկերության հաշվապահին խնդրել է նախկին գործունեություն մասին որոշ փաստաթղթեր իրեն տրամադրի, որ վերհիշի: Դատախազն էլ տարակուսեց՝ եթե վկան «MAX ՕՅԼ» ընկերության հետ կապ չի ունեցել, ինչո՞ւ է այդ ընկերության հաշվապահին դիմել: «Բա որտեղի՞ց վերհիշեի»,- հակադարձեց վկան, հետո ասելով, որ նախաքննության ժամանակ հայտնած իր տեղեկությունները այդտեղից է վերցրել, բայց այժմ դրանք էլ չի հիշում. «Ես չեմ հիշում՝ ինչ եմ ասել, հիմա էլ որ կրկնեմ»:

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում

Դատարանն էլ արձանագրեց, որ վկայի նախաքննական եւ դատարանում հայտնած ցուցմունքներում էական տարբերություններ կան: Վկան կրկնեց, որ իր ցուցմունքների հակասությունների պատճառը այլ բաներով պայմանավորված չէ, այլ զուտ չհիշելով:

Դատավորը հարցրեց՝ ինչո՞վ է պայմանավորված, որ նախաքննության ընթացքում իր հայտնած մանրամասների մի մասը հիմա վկան չի հիշում, մի մասի հետ կապված էլ տալիս է էականորեն տարբերվող պատասխաններ: «Ինձ հետաքրքրում է՝ ես որ ապրանքը բերում էի, դրա մեջ փող պետք է առնեի, բայց դրանից հետո Խաչիկ Մանուկյանը փող էր առնելու կամ փող չէր առնելու ու ի՞նչ գին էր դրել, դա ինձ էդքան չի հետաքրքրել, որ ես այսօր հիշեմ՝ ասեմ»,- ասաց վկան:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ որոշեց դատարանում դիզվառելիքի որակական հատկանիշների, ծծմբի պարունակության մասին խոսել, վկան պատասխանեց. «Օրենքը 2012 թվականից գործել է, չասե՞մ»: Իսկ թե ինչո՞ւ քննիչին չի ասել այդ մասին՝ պատասխանեց, որ չի հիշել եւ պնդեց, որ ինչը երբ հիշել է, ասել է:

Հիշեցնենք, այս գործով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերով յուրացման/վատնման համար․ ըստ մեղադրանքի, նրա կազմակերպմամբ եւ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ՝ 2013թ․ հունվարից մինչեւ փետրվարը կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 ՀՀ դրամ: Այս գործով մեղադրյալի կարգավիճակում էին նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանն ու նրա տեղակալ Սամվել Գալստյանը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր․ նախկին պաշտոնյաները մահացել էին կորոնավիրուսից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031