Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն ԱՄՆ դոլար. զեկույց

Մարտ 23,2023 16:06

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեծ վնասներ է պատճառում Արցախի Հանրապետության տնտեսությանը: Ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։

Այս մասին նշվում է «Շրջափակման հետևանքով Արցախի տնտեսության կորուստները գնահատման զեկույցում», որն անհատույց պատրաստվել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խմբի կողմից՝ Արցախի Հանրապետության կառավարության և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի պատվերով:

Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը զեկույցը ներկայացրել են մասնագիտական հանրությանը:

Փաստաթուղթը միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությամբ մասնագիտորեն վերլուծում և գնահատում է, թե շրջափակման հետևանքով, որ ոլորտներում և ինչ ծավալի կորուստներ է կրում Արցախը: Զեկույցը թարգմանվել է նաև անգլերեն և ռուսերեն՝ միջազգային հանրությանը և շահագրգիռ այլ կառույցների ու կազմակերպությունների տրամադրելու համար՝ ցույց տալով, թե Ադրբեջանի գործողությունները ինչպիսի ծանր հետևանքներ են հասցնում Արցախի տնտեսությանը:

«ՀՆԱի կորուստների, սոցիալական լրացուցիչ ծախսերի եւ բյուջեի հարկերի կորուստների գնահատականները թույլ են տալիս համապարփակ պատկերացում կազմել շրջափակման սոցիալտնտեսական հետեւանքների եւ ստեղծված ճգնաժամի պայմաններում ֆինանսական կորուստների վերաբերյալ։ Արցախի կորուստները գնահատվում են օրական առնվազն 753 մլն դրամ (1.9 մլն ԱՄՆ դոլար)։ Ընդ որում, որքան երկար տեւի շրջափակումը, այնքան նշյալ ցուցանիշներն աճելու են, քանի որ շրջափակման յուրաքանչյուր լրացուցիչ օր ավելի մեծ վնաս է հասցնում Արցախի տնտեսական պոտենցիալին, հետեւապես եւ՝ գնահատված ծախսերին, եւ դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտներին ավելանում են ՀՆԱ պոտենցիալի վերականգնման ծախսերը»,- ասվում է զեկույցում:

Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է չորս մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմ։ Տնտեսական ծախքերի գնահատումից զատ, փորձ է արվել գնահատել նաև սոցիալական լրացուցիչ ծախքերի բեռը, որը տնտեսական կառուցակարգերի փլուզման արդյունքում անխուսափելիորեն առաջանալու է՝ գործազրկության և անձանց եկամտի կորստի հանգամանքներով պայմանավորված։

Զեկույցում արտացոլված թվերը չեն ներառում չկատարված անհրաժեշտ ծախսերի արդյունքում արտադրության գործոնների մաշվածությունը և բուֆերների ստեղծումը։ Սակայն արձանագրվում է, որ այս երկու գործոններն Արցախի տնտեսության համար ապագայում առաջացնելու են զգալի ֆինանսական ծախսեր, որոնք կարող են հասնել նույնիսկ հարյուրավոր միլիոն դոլարների։

Ապագայում նմանատիպ ցնցումներից խուսափելու համար զեկույցում կարևորվում է բուֆերների ստեղծումը։ «Այսօր իսկ անհրաժեշտ է ձեւավորել բուֆերներ, որոնք նմանատիպ դեպքերում հնարավորություն կտան նվազագույնի հասցնել Արցախի հասարակության սոցիալական եւ տնտեսական ծախքերը։ Որպես այդպիսի ծախսերի ուղղություններ կարող են հանդիսանալ էներգիայի լրացուցիչ, այլընտրանքային աղբյուրների ստեղծումը, առաջին անհրաժեշտության պարենային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահպանման համար անհրաժեշտ պահեստների կառուցումը, վառելիքային պաշարների ձեւավորումը եւ դրանց պահուստավորման համար նոր ենթակառուցվածքներ ստեղծումը, առաջին անհրաժեշտության դեղորայքային պաշարների ձեւավորումը եւ դրանց անվտանգ պահպանման համար անհրաժեշտ պահոցների ստեղծումը եւ այլն»,- նշվում է փաստաթղթում։

Ռուբեն Վարդանյանի մամուլի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031