Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեպքեր ունենք՝ ՔԿՀ-ները չեն տեղեկացնում իրավապահներին կամ ուշ են տեղեկացնում այդտեղ տեղափոխված անձանց վնասվածքների մասին». Լաուրա Գասպարյան

Մարտ 23,2023 15:54

«Այն ցուցիչները, որ մենք ունենք խոշտանգումների դեպքերի հետ կապված, մտահոգիչ են»,- «Մեդիա կենտրոնում» «Հայաստանի ՔԿՀ-ներում շարունակվում են մարդու իրավունքների ոտնահարումները, խոշտանգումները․ Պետդեպի զեկույցը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը:

Պետքարտուղարությունը հրապարակել է Մարդու իրավունքների մասին 2022թ․ զեկույցը, որում մանրամասն անդրադարձ կա նաև Հայաստանին: Ըստ զեկույցի՝ կան հաղորդումներ առ այն, որ ՀՀ անվտանգության ուժերի անդամները շարունակել են խոշտանգել կամ այլ կերպ բռնության ենթարկել իրենց վերահսկողության ներքո կալանքի տակ գտնվող անձանց: Իրավապաշտպանները պնդում են, որ իրավապահների չարաշահումների՝ հին ու նոր դեպքերի համար պատասխանատվության բացակայությունը շարունակում է նպաստել խնդրի շարունակականությանը։

Լաուրա Գասպարյանn իրենց կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց. «2015-ից 2022-ի ավարտը խոշտանգման գործերի շրջանակում ունենք 386 հաղորդում: Միայն 2022-ին այդ հաղորդումների թիվը 193 է եղել: 386-ից 65-ը մերժվել է վարույթ ընդունվել, հարուցվել է քրեական գործ և վարույթ ընդունվել 321 գործ և կարճվել է 186-ը: Այս թվերը խոսում են մեծ թվով գործերի կարճման վերաբերյալ: Երկու մեղադրական դատավճիռ ունենք և դեռևս 5-ը դատարաններում քննարկման փուլում են: Այս վիճակագրությունը մեզ համար շարունակում է մտահոգիչ մնալ: Առավել ևս, կարճվող թվերի մասով մեծ է»:

Լաուրա Գասպարյանը հայտնեց, որ ուսումնասիրություն են կատարել Արմավիր ՔԿՀ-ում: Ամբողջ տարվա ընթացքում այնտեղ ընդամենը 13 վնասվածքի մասին էր հաղորդում ուղարկվել իրավապահներին, մինչդեռ ՄԻՊ ուսումնասիրությամբ՝ միայն օգոստոսին քրեակատարողական հիմնարկ ընդունվող 13 անձի մոտ վնասվածք էր արձանագրված: Այսինքն՝ ոչ բոլոր դեպքերում է, որ ՔՀԿ-ները տեղեկացնում են իրավապահներին: Դեպքեր ունենք՝ ՔԿՀ-ները չեն տեղեկացնում իրավապահներին կամ ուշ են տեղեկացնում՝ հիմնավորելով, որ ոստիկանության, ձերբակալված անձանց պահման վայրերում արդեն արձանագրվել են վնասվածքներ, սակայն մտահոգությունը շարունակում է այն հանգամանքով պայմանավորված, որ անձինք ձերբակալված անձանց պահման վայրերից տեղափոխվում են քրեակատարողական հիմնարկներ, և այդ ընթացքում չենք բացառի նաև՝ որոշ դեպքերում վատ վերաբերմունքի դրսևորումներ: Ուստի ՔԿՀ-ները պարտավոր են այս առումով արձանագրել ցանկացած դեպք՝ առանց բացառության և չկապել նախկինում իրավապահ մարմինների հայտնած տեղեկատվության հետ: Մյուս կողմից աճող ցուցանիշ է լավ առումով մեզ համար, որ այսքան գործ բացահայտվում է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031