Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ համատեղումը բացառված է․ մենք պայքարում ենք իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար»

Մարտ 23,2023 15:42

«Ցավոք, հաշվի առնելով, որ շրջափակումը շարունակվում է, բոլորիս ջանքերը բավարար չէին։ Բայց սա միակ ճանապարհն է, որը բոլորս պետք է ակտիվացնենք, որպեսզի Ադրբեջանի վրա լուրջ միջազգային ճնշում գործադրվի։ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը պետք է կատարվի»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։

Հարցին՝ Ադրբեջանը պնդում է, թե Արցախի հետ կխոսի բացառապես «ինտեգրացիայի» տեսանկյունից, ո՞րն է Արցախի դիրքորոշումը, ինչպե՞ս է նման պայմաններում Արցախը շարունակելու պնդել ինքնորոշման իրավունքը, Սերգեյ Ղազարյանը պատասխանեց․ «Չէի ուզի անգամ հնչեցնել այն ձեւակերպումը, որն ադրբեջանական կողմն է օգտագործում։ Արցախի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է։ Ադրբեջանը մարտի մեկին կայացած հանդիպումը խեղաթյուրել է իր օրակարգով։ Դա բացառված է։ Արցախը շարունակելու է իր պայքարը՝ իրացված ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար։ Երկար տարիներ Մինսկի խմբի շրջանակում ընթանում էին բանակցություններ, եւ երեք խոշոր գերտերություններ ուղեկցել են բանակցային գործընթացը։ Մեր համոզմամբ՝ նրանք մինչեւ օրս պարտավորություն են կրում այսօրվա իրավիճակի եւ պատերազմի հետեւանքների համար։ Այդ երկրներից ամեն մեկն ունի պատասխանատվության բաժին՝ հաշվի առնելով, որ իրենք քանիցս ասել են՝ իրավիճակը չունի ռազմական լուծում»։

Սերգեյ Ղազարյանի խոսքով՝ չնայած դժվարություններին, Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին եւ ակնկալում է ողջ հայության ու գործընկերների ակտիվ մասնակցությունն այս պայքարում։

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն էլ իր հերթին նշեց, որ այս հարցում Արցախի ժողովրդի եւ իշխանության մոտեցումը նույնն է, եւ իշխանության որոշումն այս իրավիճակում աշխատանքը շարունակելն է․ «Այն ուղղված է խնդրի բովանդակությունը միջազգային հանրությանը հասցնելուն։ Դա պետք է արվի ՀՀ իշխանության եւ գործընկեր կառույցների միջոցով, եւ անհրաժեշտության եւ հնարավորության դեպքում Արցախի իշխանության կողմից միջազգային դերակատարների հետ ուղիղ հաղորդակցվելու միջոցով։ Ադրբեջանի «վերաինտեգրացիա» տերմինի վերաբերյալ մեր դիրքորոշումը կապված է խնդրի ծագումնաբանության հետ։ Դրա հակափաստարկն այն է, որ արցախցիները որոշակի ժամանակահատված ապրել են ադրբեջանցիների հետ, բայց ինտեգրված չեն եղել, որովհետեւ Ադրբեջանը բազմաթիվ հանցագործություններ է իրականացրել։ «Ինտեգրացիայի» թեզը երբեք իրականություն չի եղել։ Ուստի Ադրբեջանն այդպես մոլորեցնում է միջազգային հանրությանը»։

Սերգեյ Ղազարյանն էլ կոչ արեց Ադրբեջանի «ինտեգրացիա» եւ այլ ձեւակերպումները քիչ օգտագործել․ «Չի կարող համատեղում լինել արցախահայության եւ Ադրբեջանի միջեւ։ Բացառված է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031