Լրահոս
Օրվա լրահոսը

«Փոխնախարարի որոշումն արվել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո». Արթուր Սահակյան

Մարտ 23,2023 15:21

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի ռեժիսոր եւ գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը, ի պաշտպանություն թատրոնի հավաքի ժամանակ, համառոտ ներկայացրեց թատրոնի պատմությունը, թե ինչպես է 1988թ Արմեն Մազմանյանը Հրաչյա Ղափլանյանի, հետագայում էլ՝ Խորեն Աբրահամյանի հետ բանակցություններից հետո հիմնադրել «Գոյ» թատրոնը:

«Մենք այդ ժամանակ 28-30 տարեկան էինք՝ Սամսոն Ստեփանյանը, Արմեն Մազմանյանը, Արսեն Աբրահամյանը եւ ես՝ Արթուր Սահակյանը: Մեզ միացավ նաեւ նկարիչ Մկրտիչ Մկրտչյանը: Եկանք այստեղ, Խորեն Աբրահամյանը, որ այն ժամանակ Թատերական գործիչների միության նախագահն էր, ցույց տվեց տարածքը, ասաց՝ սա ձեզ, կարո՞ղ եք անել այնպիսի բաներ, որ հետաքրքիր լինի, ասացինք` կփորձենք: Ու այդպես մնացինք այստեղ, ունեցանք պրեմիերաներ»,-նշեց Արթուր Սահակյանը:

Նրա խոսքով, հետագայում իրենց գործունեությունը ինչ-ինչ պատճառներով սկսել է դուր չգալ Խորեն Աբրահամյանին, բայց շարունակել են ստեղծագործել, ընդ որում, այդ տարիներին թատրոնը գործել է Հայաստանի թատերական գործիչների միության ենթակայությամբ, ֆինանսավորվել այնտեղից: Այնուհետեւ ռեժիսորը պատմեց, թե, ինչպես է 1998թ հեռացել թատրոնից եւ 2015թ. կոլեկտիվի հրավերով կրկին վերադարձել:

Արթուր Սահակյանն ընդգծեց, որ 2010-ից «Գոյը» վերամիավորվել էր Փոսի թատրոնի հետ, որի շենքը վաճառված էր. «Մենք արդեն իսկ վերամիավորված թատրոն ենք: Արդյոք վերամիավորված թատրոնը կարող է նորից վերամիավորվել, ինչպես հիմա պնդում են: Սա փոխնախարար Խզմալյանի եւ Սունդուկյանի թատրոնի տնօրենի գաղափարն է, ինչքան ես հասկացա հարցազրույցներից: Ես, ի դեպ, քամահրանքով չեմ խոսում, որովհետեւ 2013-ին Սունդուկյան թատրոնում արել եմ իմ «Ռիչարդ Երրորդը», մենք շատ մտերմացանք այդ ընթացքում եւ մինչեւ օրս այդ հարաբերություները շարունակվում են»:

Ռեժիսորը նաեւ հիշեց քովիդի շրջանում իր բառով՝ կարանտինային խելահեղությունը, երբ հրաժարվում էր դիմակ կրել ու պատվաստվել, ինչի համար անընդհատ ճնշումների էր ենթարկվում. «Քանի որ երկրի առողջապահության նախարարը հայտարարեց, որ մենք այն ազգը չենք, որ չմասնակցենք բժշկական էքսպերիմենտին, ես թույլ չտվեցի ինձ հետ անել որեւէ բան, թեստ չհանձնեցի եւ չպատվաստվեցի: Այդ ընթացքում տեռոր էր թե ինստիտուտում, որտեղ ռեժիսորական կուրս ունեմ, թե թատրոնի վրա»:

Նա նշեց, որ պատերազմի ավարտից ու կապիտուլյացիայից հետո հոգեբանորեն շատ վատ վիճակում է եղել, ինչպես շատերը. «Ես սեւից բացի ուրիշ գույն չէի հագնում: Շատ դժվար էր գալ թատրոն, երբ կորում են բոլոր բաները, որոնցից կարող ես բռնվել ու աշխատել: Հուսախաբությունների պարագայում դժվար էր մտնել, օրինակ, Մոլիերի աշխարհ»:

«Գոյի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանի պես` Արթուր Սահակյանն էլ շեշտեց, որ թատրոնի վերամիավորման վերաբերյալ խոսակցությունները սկսվել են իրենց «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո: Նա ասաց, որ փոխնախարար Խզմալյանը վաղուց չի մտել «Գոյ» թատրոն, չի տեսել իրենց ներկայացումները, բայց Հ1-ով ինչ-ինչ հայտարարություններ է անում. «Դու հիմա պարտավոր ես գալ, դու Հանրայինով ստել ես… Նույնն էր նաեւ Արմեն Ամիրյանը, Հասմիկ Պողոսյանն էլ մեծ դժվարությամբ էր թատրոն գալիս: Հրավերներ միշտ ուղարկում էինք, բայց երբ այդ լավագույն տեղերը դատարկ են մնում, հետեւաբար էլ ինչո՞ւ ուղարկել»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031