Մարտի 22-ին` Իջևան քաղաքի միջնակարգ երաժշտական դպրոցում կայացել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված միջոցառում: Կրթօջախի երգչախումբն ու անհատ կատարողները ներկայացրեցին ֆրանսիական մշակույթի հայտնի ստեղծագործությունները:
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշվում է ամեն տարի մարտի 20-ին` ի նշանավորումն 1970թ. մարտի 20-ին Նիամեյում ստորագրած համաձայնագրի:
Իջևանի երաժշտական դպրոցի տնօրեն Աիդա Սարգսյան Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ յուրաքանչյուր տարի առանձնահատուկ են նախապատրաստվում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան: «Ֆրանսիան մեր բարեկամ երկիրն է, որին մեզ կապում է ոչ միայն մշակույթը: Տարվա ընթացքում մենք հաճախակի ենք ունենում հյուրեր Ֆրանսիայից, հատկապես Իջևանի քույր քաղաք Վալանսից: Պարբերաբար կազմակերպվում են փոխայցելություններ: Վերջերս հյուրընկալեցինք Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնի ղեկավարած պատվիրակությանը: Նրանք վերահաստատեցին, որ ֆրանսիական մշակույթի մասսայականացումը Տավուշում զարգացման մեծ նախադրյալներ ունի»,-հավելեց Սարգսյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ